×


Ռուզան Մելյանը 15 տարի անց վերադառնում է եթեր “Երեւան. XX դար”-ով

Հոկտեմբերի 7-ին ժամը 21:30-ին “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կկայանա Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակի պրեմիերան: 

“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը


Այս տարվա մարտին Մեդիամաքս-ը գործարկեց “Երեւան. XX դար” ինտերնետ նախագիծը, որը միանգամից գնահատվեց երեւանցիների կողմից: Մի քանի ամիս առաջ “Արմենիա” հեռուստաընկերությունից առաջարկ եղավ` ստեղծել նախագծի հեռուստատեսային տարբերակը: Առաջարկն ընդունվեց եւ առաջիկա կիրակի “Արմենիա” հեռուստաընկերության հանդիսատեսը կարող է գնահատել կատարված աշխատանքը:

“Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակում 12 հաղորդում կնկարահանվի: Դրանք “Արմենիա”-ի եթերում կլինեն ամեն կիրակի` ժամը 21:30-ին: Առաջին հաղորդումը նվիրված է “Էրեբունի-Երեւան” շատրվաններին:

Հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը: Հաճելի արտաքինով եւ ձայնի յուրօրինակ տեմբրով այս հաղորդավարուհուն եթերից կհիշես, եթե 1997 թվականին հետեւել ես “Լրաբեր”, “Մայրաքաղաք” լրատվական հաղորդումներին եւ ոչ միայն:):

Նա հանձն է առնում միայն բարի գործեր, որոնց մեջ հոգի կա, եւ իր աշխատանքը կատարում է հուզմունքով: 15 տարի անց Ռուզան Մելյանը եթեր է վերադառնում 20-րդ դարի Երեւանով:):  

Նա մեզ հետ զրույցում նշել է` Երեւանի մասին իր ավելի երիտասարդ տարիների հիշողություններում առաջին հերթին Պոնչիկանոցն է, Պոլիտեխնիկը եւ “Սկվազնյաչոկ”-ը:):

-“Գուցե դեռ իմ խոսքը չի հասունացել, որ վերադառնամ”. հարցազրույցներից մեկի ժամանակ որպես հեռուստատեսություն չվերադառնալու պատճառ սա եք նշել 2009 թվականին: Փաստորեն խոսքի, պահի հասունացման համար եւս երեք տարի պահանջվեց:): Ի՞նչն էր պակասում եւ ի՞նչը խթան հանդիսացավ, որ վճռեք վերադառնալ եթեր:

-Անկեղծ ասած, հոգուս մեջ եթերից երբեք էլ հեռացած չեմ եղել: Երեւի թե պահի հասունացումը նաեւ կախված էր այն մարդկանցից, որոնց հետ պետք է աշխատեի, ցանկություն կունենայի աշխատել, որովհետեւ հեռուստատեսությունը մեկ հոգու գործ չէ, ավելի շատ թիմային աշխատանք է: Եվ եթե թիմում մարդկանց միջեւ ներդաշնակություն չկա, ինձ աշխատանքը հաճույք չի պարգեւում: Երեւի թե այդ ամենը պետք է մեկտեղվեր: Ինձ թվում է` այս անգամ ուղղակի համընկավ:

-Ինչո՞վ գրավեց Ձեզ առաջարկը:

-Բացի նրանից, որ առաջարկողն ինձ համար շատ հոգեհարազատ մարդ է, գաղափարն ինձ թվաց շատ բարի, հոգի կար մեջը, ու հենց դրան էլ ես ձգտում էի: Հեռուստադիտողին մատուցվող հաղորդումներում հոգին հիմա մի փոքր պակասում է, մեղմ ասած` մի փոքր: Իսկ դրա կարիքը, կարծում եմ, շատերն ունեն: Եվ իմ ցանկությունն էր` եթե վերադառնամ եթեր, ապա այնպիսի մի հաղորդմամբ, որտեղ անպայման հոգի պետք է լինի: “Երեւան. XX դար”-ում ես դա տեսա:

“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը


-Այսքան տարի անց որպես հաղորդավար նորից նկարահանումների մասնակցելով` ի՞նչ զգացողություններ եք ունենում, արդյոք հուզմունք կա՞:
 

-Իհարկե: Անկեղծ լինեմ, հուզմունք միշտ եղել է` իմ ողջ աշխատանքի ընթացքում: Եթե հուզմունք չլինի, ինձ թվում է` բավարար արդյունք էլ չի լինի գոնե ինձ համար: Հուզմունքն իմ աշխատանքի շատ կարեւոր մաս է կազմում եւ միշտ է այդպես եղել: Ես ամեն անգամ եթեր դուրս գալիս հուզմունք եմ ապրում, այն աստիճանի, որ այդ պահին ինձ թվում է` չեմ կարող հաղթահարել, ավելի լավ է` ելույթ չունենամ, որովհետեւ այդպես ինձ ավելի թեթեւ կզգամ: Բայց ամեն անգամ, իհարկե, դուրս եմ գալիս այդ նույն հուզմունքով, որն ինձ ոչ թե խանգարում է, այլ ի վերջո օգնում:

-Նախքան “Երեւան. XX դար”-ի էկրանավորմանը մասնակցություն ունենալու առաջարկ ստանալը, ծանո՞թ էիք նախագծին:

-Այո, իհարկե, ծանոթ էի ու շատ էի հավանում: Երեւի առաջին ընթերցողներից մեկը ես եմ եղել: Հավանեցի գաղափարը, այդ բարությունն ինձ այնքան գայթակղեց… Եվ մտքովս անցավ` լավ կլիներ շարքի հեռուստատեսային տարբերակն էլ ստեղծել: Հետո, երբ Արա Թադեւոսյանն ասաց, որ նման գաղափար ունի, շատ ուրախացա եւ ողջունեցի:

-Նախագծի “գլխավոր հերոսներից” են Երեւանի Փակ շուկան, Կրկեսը, Կարապի լիճը, Կասկադը, Կինո Մոսկվան, “Էրեբունի-Երեւան 2750”  շատրվանները եւ այլն: Կնշե՞ք մինչ այժմ նկարահանված հաղորդումներից որի ժամանակ եք առավել հաճույքով աշխատել: 

-Բոլորն էլ շատ հետաքրքիր են, իրենց կյանքն ու յուրահատկությունն ունեն, մեկը մյուսի հետ դժվար է համեմատել: Թեեւ շարքը դեռ ամբողջությամբ չենք նկարել, բայց անկեղծ ասած, բոլոր թեմաներն էլ ես արդեն զգում եմ, կարծես իմ միջով անց եմ կացրել: Կարծում եմ, որ “Էրեբունի-Երեւան 2750” շատրվանների կենդանի պատմությամբ մեկնարկն ազդեցիկ կլինի:

- Ծնունդով երեւանցի եք, Ձեր հին սիրված Երեւանը առաջին հերթին ինչի՞ մասին հիշողություններով է ամբողջանում:

-Առաջին հերթին ինձ համար շատ հարազատ Պոնչիկանոցով եւ Պոլիտեխնիկով, որտեղ սովորել եմ: Նաեւ “Սկվազնյաչոկ”-ով, որովհետեւ հեռուստատեսություն մեկնող ավտոբուսը ուղեւորվում էր հենց այդտեղից: Այդ սրճարանը մեզ համար շատ հարազատ էր… Կարծես իմ երիտասարդության եւ հասունացման տարիների սկիզբն են եղել:

- Քանի՞ տարի առաջ է եղել Ձեր վերջին եթերը դադարից առաջ: 

-Եթե չեմ սխալվում, 1997 թվականին էր: Որպես հաղորդավար հետք թողած վերջին հաղորդումն, իհարկե, “Մայրաքաղաքն” է: Բայց դրանից հետո, երբ նոր առաջանում էին մասնավոր հեռուստաընկերություններ, որոնց հիմնադիրներն իմ կոլեգաներն էին, երկու առիթ է եղել, որ եթեր եմ դուրս եկել, եւ ոչ թե որովհետեւ մեծ ցանկություն եմ ունեցել, այլ կարծես թե օգնել եմ, որպեսզի կայանան: Իհարկե, հաճույքով եմ դա արել:

Ռուզան Մելյանը


-Այս ամբողջ ընթացքում, երբ եթերից չէինք ողջունում, ինչո՞վ էիք զբաղված, ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր կյանքում:

-1993 թվականին ընդունվեցի Ամերիկյան համալսարան, մասնագիտական փոփոխություն տեղի ունեցավ իմ կյանքում: Սկսեցի ուսումնասիրել միջազգային հարաբերություններ` քաղաքագիտություն մասնագիտությամբ:
Առաջին մասնագիտությամբ ինժեներն եմ, հետո լրագրող, հետո արդեն քաղաքագետ:

Հայաստանը նոր էր անկախացել, բարեփոխումների շրջան էր սկսվել, եւ ինձ տեսա այդտեղ: Բարեփոխումների, երկրի զարգացման բազմաթիվ ծրագրերում եմ ընդգրկված եղել ու բավական հետաքրքիր է ընթացել իմ կյանքը, թեեւ կթվա  հեռուստատեսությունից կարծես թե կտրված, բայց եւս շատ ուսանելի: Ինքս էլ բավական աճ եմ ապրել որպես անձ:

- Տարբեր ժանրերի հաղորդումներ եք վարել` երիտասարդական, ժամանցային,  տեղեկատվական, ո՞րն էր ավելի հոգեհարազատ ու համապատասխան Ձեր խառնվածքին:

-Ավելի երկար ու հիմնովին աշխատել եմ լրատվական բնագավառում. “Լրաբեր” եւ “Մայրաքաղաք” հաղորդումների մեկնաբանն եմ եղել, բայց կառանձնացնեմ “Երեկոյան Երեւան”-ը. այն ժամանակ նոր ոճի հաղորդում էր, կարծես թե ավելի ազատ ոճ էր, որն ինձ շատ հոգեհարազատ էր: Ինչպես նաեւ անպայման կնշեմ “Խճանկար”-ը, որը նույնպես բավական ազատ ոճի մեջ էր, իմպրովիզների լայն հնարավորություն կար: 

- Կպատմե՞ք Ձեր առաջին եթերի մասին:

-Հանպատրաստից եմ եթեր դուրս եկել: Այդ ժամանակ ես Պոլիտեխնիկի չորրորդ կուրսի ուսանողուհի էի եւ մասնագիտանում էի մի բնագավառում, որն առանձնապես կապ չուներ հաղորդավարական արվեստի հետ: Ինձ ավտոբուսում պատահաբար հանդիպեցին օպերատորները եւ հրավիրեցին մրցույթի մասնակցելու, ես էլ մասնակցեցի. վերջին փուլն էր, որն անցա եւ դարձա հաղորդավար:

Հաջորդ օրն ինձ առաջարկեցին փորձնական նկարահանում իրականացնել, հետո պարզվեց` իրական եթեր էր: Ասացին` “դիմացդ լույս կա, այն կվառվի, կգրվի, որ միկրոֆոնը միացված է, ու դու կսկսել խոսել”: Ու ես սկսեցի խոսել եւ պարզվեց, որ եթերում եմ խոսել: Երեկոյան թողարկում էր, օրվա վերջինը, երբ հաղորդավարները հրաժեշտ են տալիս հեռուստադիտողներին, բայց այնպես ստացվեց, որ մոռացա հրաժեշտ տալ:

Շատ լուրջ դեմքերով ինձ դիմավորեցին հաղորդավարականում, կատակ էին անում, իհարկե, որովհետեւ ըստ երեւույթին, շատ գոհ էին մնացել իմ այդ եթերից, ասացին` “գիտես, դու եթերում ես եղել, շատ մեծ սխալ ես թույլ տվել, ու հիմա չենք պատկերացնում` ինչպես պետք է այն ուղղես”:  Առաջին շոկն այն էր, որ ես եթերում եմ եղել, եւ երկրորդը` այդ ինչ սխալ եմ թույլ տվել. “բարի գիշեր չես ասել ժողովրդին եւ հիմա ստիպված պետք է բոլորի տներով անցնես եւ բարի գիշեր մաղթես”, հետո սկսեցին ծիծաղել:  

Զրուցեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին