×


«Մի տարի» երգի տեսահոլովակի նկարահանումներին

Սեդրակ Պապյանի իրականացած երազանքը

Սեդրակ Պապյանի մանկության երազանքը կատարված է: Հենց այդ երազանքն է երիտասարդ երգչին տարել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ազգային եւ ժողովրդական երգեցողության բաժին: Այժմ նա իր ուսումը շարունակում է նույն բաժնի մագիստրատուրայում: BRAVO.am-ի հետ զրույցում Սեդրակը խոսել է անցած ուղու, նոր տեսահոլովակի եւ երազանքի մասին:

25-ամյա երգիչը արդեն մասնակցել է հեռուստատեսային տարբեր նախագծերի, մի շարք միջազգային մրցույթ-փառատոնների, որտեղից վերադարձել է հաղթանակներով։ Նաեւ նկարահանել է երկու տեսահոլովակ` «Սիրելով» եւ «Իմ Հայաստան» երգերի հիման վրա. վերջինս Սեդրակի՝ հեղինակային երգով հանդես գալու առաջին փորձն էր:
Մոտ օրերս Սեդրակը նոր ստեղծագործություն եւ տեսահոլովակ կներկայացնի, որտեղ հանդես է գալիս նոր ոճով: «Մի տարի» կոչվող երգի հիման վրա ստեղծված տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են նախապես պատրաստված հատուկ տաղավարներում, որոնց ձեւավորման աշխատանքներով զբաղվել է դիզայներ Աննա Մուրադյանը։

Սեդրակ Պապյանը


Երգի անվանումը պատահական չէ․ տեսահոլովակի հերոսը մեկ տարի պայքարում է սիրած էակի սիրտը գրավելու համար` հաղթահարելով բազմաթիվ փորձություններ: «Երգի հեղինակն է գուսան Սերգեյ Կարինյանը, գործիքավորումն իրականացրել է KarenSevak Production-ը, ձայնագրությունը՝ ArturBina Production-ը, տեսահոլովակը նկարահանել է Կարեն Ամյանը։ Հումորային հոլովակում նկարահանվել են սիրված դերասաններ Արման Նավասարդյանը, Ռուզաննա Հարությունյանը եւ Լեւոն Հովհաննիսյանը»,- պատմել է երգիչը եւ նշել, որ նկարահանման ժամանակ հետաքրքիր եւ զավեշտալի դեպքերի պակաս չեն ունեցել, քանի որ աշխատանքային թիմի անդամները շատ պոզիտիվ եւ հումորով մարդիկ են։

Սեդրակը պատմել է, թե ինչն է իրեն առավել շատ գրավում երգարվեստում. «Այս ասպարեզում կարող եմ հանրությանը ներկայացնել իմ արվեստը՝ թե՛ հեղինակային, թե՛ այլ հեղինակների նոր եւ հետաքրքիր ստեղծագործություններով։ Առաջիկայում կան  համերգային ծրագրեր եւ նախապատրաստական փուլում գտնվող նոր ստեղծագործություններ, որոնք մոտ ապագայում կհանձնենք հանդիսատեսի դատին: Որեւէ արտիստի անուն հստակ դեռ չեմ կարող նշել, բայց առաջիկայում նպատակ կա զուգերգ ունենալու»։

«Մի տարի» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Երգիչը նպատակ ունի նաեւ կատարելագործվելու եւ կայանալու իր ընտրած ասպարեզում, որով էլ կփորձի իրականացնել հաջորդ երազանքը. «Ուզում եմ իմ ստեղծագործություններով դիպչել մարդկանց սրտերին: Հուսով եմ` կգա այդ օրը, եւ ես կունենամ մեծ մենահամերգ»։
Մեր զրուցակիցը չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել իր նոր տեսահոլովակի ստեղծմանը. «Շնորհակալ եմ «Մագա Դանս» պարի ստուդիայի աղջիկներին՝ պարուսույց Անուշ Գիժլարյանի գլխավորությամբ, հագուստի մոդելավորող, դիզայներ Արմեն Գալյանին, ադմինիստրատիվ աշխատանքների համար՝ Վրույր Թադեւոսյանին եւ նկարահանման աշխատանքներն իրականացրած բոլոր մասնագետներին»:

Մինչ տեսահոլովակի պրեմիերան առաջարկում ենք դիտել «Մի տարի» տեսահոլովակի անոնսը:



Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սեդրակի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport