×


«AMVA-ն կազմակերպիչների ճաշակի մասին չէ». հայկական մրցանակաբաշխությունը՝ ուրիշ տեսանկյունից

Լոս Անջելեսի հանրահայտ «Դոլբի» թատրոնը մի քանի ժամ հայաֆիկացված էր։ Հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցում էին Armenian Music Video Awards 2025-ին։ Այս մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005 թվականին։

BRAVO.am-ի հետ զրույցում կազմակերպիչներից Արա Ղազարյանը պատմեց, որ 20 տարի առաջ Մարգարիտա եւ Սեւակ Պետրոսյանները, Դավիթ Ադամյանը եւ այլ երիտասարդներ հավաքվել էին եւ որոշել իրականացնել առաջին հայացքից խելահեղ թվացող մի գաղափար. Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցների համար ստեղծեցին երգի եւ երաժշտության տոն։


Տեւական դադարից հետո մրցանակաբաշխությունը վերականգնվեց նախորդ տարի։ Մրցանակակիրներին ընտրել էր ոչ թե ժյուրին, այլ պարգեւատրվեցին այն կատարողները, որոնց ստեղծագործությունները YouTube-ում ունեցել էին շատ դիտումներ։ Սակայն նրանց կողքին կային նաեւ այնպիսի արտիստներ, որոնք չունեն բազմաթիվ դիտումներ, սակայն տարիների նվիրումի եւ կատարած աշխատանքի համար արժանացան հատուկ մրցանակների:

«Սփյուռքը, ցավոք սրտի, վերջին տարիներին, հատկապես պատերազմից հետո, «կոտրված ողնաշարով» էր, իսկ Լոս Անջելեսի համայնքը միշտ աչքի է ընկել իր ակտիվությամբ։ Հետեւաբար, պետք էր մարդկանց ինչ-որ կերպ դուրս բերել այդ վիճակից, եւ որոշվեց վերականգնել այս մրցանակաբաշխությունը»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը։


Մրցանակներ ստացան ամենատարբեր ոճերի կատարողներ։ Արա Ղազարյանը շեշտում է, որ այս մրցանակաբաշխությունը կազմակերպիչների ճաշակի մասին չէ:

«Երգեր կան, որոնք ես երբեք տանը կամ մեքենայիս մեջ չեմ լսում, բայց ուզենք, թե չուզենք՝ դրանք միլիոնավոր դիտումներ են գրանցել եւ մեծ լսարան ունեն: AMVA-ում ներկայացվում են նաեւ այնպիսի անուններ, որոնք գուցե ռեկորդակիրներ չեն, բայց ունեն ուրույն ձեռագիր եւ արժեքավոր ստեղծագործական ուղի»,- նշեց հաղորդավարը:


Կուլիսներում տիրում էր ակտիվ իրարանցում։ Շատերն առաջին անգամ էին այն բեմում, որտեղ ամեն տարի անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Երեկոյի հաղորդավարներից էր Նազենի Հովհաննիսյանը։ Զրույցից առաջ նշեցի, որ, իհարկե, հրաշալի կլիներ, եթե Նազենին այս բեմում արժանանար «Օսկար»-ի եւ այժմ խոսեր ինձ հետ որպես օսկարակիր դերասանուհի։

«Աստված առաջ: Այս կյանքում ոչինչ անհնարին չէ։ Վարում եմ «Օսկար»-ի դահլիճում, բայց ավելի թանկ է, որ մի վայրում հավաքվել է հայությունը։ Դա շատ ավելի արժեքավոր է, քան աշխարհի լավագույն պարգեւը։ Եվ սա պարզապես խոսքեր չեն։ Նման մրցանակաբաշխությունները չափազանց կարեւոր են։ Մենք իրար հետ հավաքվում ենք եւ ստեղծում ջերմ, համերաշխ միջավայր։ Հանդիսատեսը գալիս է ոչ միայն երգչին լսելու, այլեւ այդ հայկականությունը վայելելու»,- ասաց հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։


Երեկոյի մյուս հաղորդավար Ավետ Բարսեղյանն էլ նշեց, որ AMVA-ն պարզապես մրցանակներ բաշխելու միջոցառում չէ, այլ կարեւոր հարթակ է համայնքի արվեստագետներին մեկ բեմում միավորելու համար։

Երգչուհի Սոֆի Մխեյանն էլ հավելեց, որ երբ նման միջոցառումներ չկան, պակասում է բեմական շքեղությունը, կերպարներ ստեղծելու հնարավորությունն եւ տոնական մթնոլորտը։


Այն, որ նման մրցանակաբաշխությունները ամրապնդում են Հայաստան-Սփյուռք կապը, փաստում էին նաեւ մյուս արտիստները։

«Հիշողություն ստեղծելու, հանդիպելու հնարավորություն է։ Մեր աշխատանքի շատ կարեւոր մասն է։ Կարծում եմ, որ նման առիթները չպետք է բաց թողնել՝ ընկերներին տեսնելու, սեփական պատմությունը ստեղծելու եւ կենսագրության մեջ մի լուսավոր կետ ավելացնելու համար»,- ասաց Քրիստինե Պեպելյանը, որը արդեն երկար ժամանակ բնակվում է Լոս Անջելեսում։


Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի համար առանձնահատուկ պարտավորեցնող էր Շառլ Ազնավուրի անվան հատուկ մրցանակը. «Շատ մրցանակներ ունեմ, այդ թվում՝ միջազգային, բայց կարծում եմ՝ այսօրվանից գլխավորն Ազնավուրի անվան գավաթն է։ Երազանքս էր նրան տեսնել, սակայն ինձ բախտ վիճակվեց ստանալ նրա անվան մրցանակը եւ կատարել նրա երգերից մեկը՝ հայերեն տարբերակով»։


Նադեժդա Սարգսյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Մաշա Մնջոյանը։ Մրցանակը բեմում նրան հանձնեց երգչուհի Էմմին։ Մաշան նշեց, որ մեծ պատիվ է ստանալ իր ուսուցչի անվան մրցանակը։

«Ինձ համար շատ կարեւոր մրցանակ եմ ստացել: Սերս ու հարգանքս Նադեժդա Սարգսյանի նկատմամբ անբացատրելի է: Լինելով նրա սաներից մեկն՝ անչափ հպարտ եմ, որ հենց իր անվան մրցանակն եմ ստանում: Նադյան շատերին է կրթել, եւ բոլորս պետք է նրա անունը շատ բարձր պահենք»,- ասաց երգչուհին:

Այդ երեկո նա առաջին անգամ կատարեց «Մշո գորանի» երգը։


Նադեժդա Սարգսյանի ձայնը լսելի եղավ բեմից. Էմմին կատարեց Ռոբերտ Ամիրխանյանի «Արեւոտ անձրեւ» ստեղծագործությունը:

«Վերջապես մայրիկիս երգը կատարեցի, ու մենք բեմում միասին էինք։ Նա միշտ ասում էր, որ միասին պետք է երգենք, բայց միշտ վախենում էի, անհանգստանում: Մայրս մեծ արտիստ էր, ով բեմը վերցնում էր, ու իր հետ մեկ բեմում հայտնվելն ինձ համար ուղղակի վախենալու էր: Այսօր ես արեցի այդ քայլը: Առավել հուզիչ է, որ կատարեցի Ամիրխանյանի երգերից, քանի որ կոմպոզիտորը շատ բծախնդիր է իր ստեղծագործություների կատարման հարցում: Ի դեպ, այսօր մայրիկիս հագուստով եմ, որն իր համար հատուկ կարել է Յուդաշկինը: Այս հագուստն ու ես գրեթե հասակակիցներ ենք»,- BRAVO.am-ին պատմեց Էմմի Բեջանյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանն արժանացավ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անվան հատուկ մրցանակի: «Ուսուցչի անվան մրցանակ ստանալը անչափ հուզիչ է»,- նշեց նա։


«Հայորդի» հատուկ մրցանակը հանձնվեց երգիչ Վարդան Բադալյանին՝ ժողովրդական երգը տարածելու եւ մաքուր պահելու համար։

Մրցանակակիրների թվում էին նաեւ «Արցախի ձայները»։ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը նշեց. «Մեր համայնքը ապրում է Հայաստանի եւ Արցախի ցավով ու ուրախությամբ։ Քանի կա հայը, կա նաեւ Արցախը»։


Հեռուստահաղորդավար եւ մրցանակաբաշխության ռեժիսորներից Մհեր Բաղդասարյանն ընդգծեց, որ AMVA-ն հարթակ է նաեւ երիտասարդ կատարողների համար՝ ստեղծելով նոր համագործակցությունների հնարավորություններ. «Օրինակ, անցած տարի Լեան Հայաստանից էր եկել, ու Գասոյայի հետ ծանոթացան կուլիսներում: Այս տարի արդեն զուգերգով են հանդես գալիս ու մրցանակ են ստանում»։

Տեքստը եւ լուսանկարները՝ Արմինե Գեւորգյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW