×


Սեւանում են հավաքվել էքստրիմի սիրահարները:)

Այս օրերին Սեւանա լճի Շորժայի ափամերձ տարածքում հավաքվել են էքստրիմի սիրահարներն ու մասնակցում են Հայաստանում առաջին անգամ անցկացվող “Էքստրեմալ սպորտաձեւերի փառատոնին”: 

Պարապլաներիստները մի քանի հարյուր մետր բարձրությունից ճախրել են իրենց մեծ ու գունեղ պարապլաններով


Ժառյամագլցում, փեյնթբոլ, սթրայքբոլ, ավտոմոտոսպորտ, կասկադյորություն, պարապլաներիզմ, դայվինդ, վինդսերֆինգ… Էքստրեմալ այս սպորտաձեւերը համախմբել են երիտասարդներին սպորտի գաղափարի շուրջ, որոնք Սեւանում մինչ օգոստոսի տասն անցկացնելու են փոքր-ինչ վայրի, բայց յուրօրինակ ժամանց ու հանգիստ: Լճի ափին գործում է վրանային ճամբար, որտեղ մասնակիցները երեկոյան խարույկ են վառում ու էքստրեմալ քննարկումներ կազմակերպում:): 

“Հայ էքստրիմ” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ միավորվել են սպորտային ակումբների անդամները, Հայաստան են ժամանել նաեւ միջազգային որակավորում ունեցող դայվերներ Բուլղարիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Սլովենիայից: Նրանք մասնակցում են փառատոնի շրջանակում տեղի ունեցող ջրասուզակների ստորջրյա մրցումներին:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է “Էքստրեմալ սպորտաձեւերի փառատոն”


Այլազգի ջրասուզակները` Սեւանա լճում

“Հայ էքստրիմ” հ/կ նախագահ Արմինե Հարությունյանի խոսքերով` էքստրեմալ մարզաձեւերի համար Հայաստանը նպաստավոր պայմաններ ունի. փառատոն անցկացնելու նպատակներից մեկն էքստրեմալ տուրիզմի զարգացմանը նպաստելն է. “Ֆինանսական խնդիրները մի կողմ դնելով` ուզում ենք ներկայանալ մեր բնության հնարավորություններով: Այս օրերի ընթացքում պարզ է դառնում, թե Հայաստանն ու մեր մարզիկներն ինչ հնարավորություններ ունեն էքստրեմալ սպորտաձեւերի ոլորտում: Կարծում եմ` հայ մարզիկները վայրի բնության մեջ լարված ու էքստրեմալ պայմաններում աշխատելու լավ փորձ ու գիտելիք ունեն: Իսկ, օրինակ, այլազգի հմուտ ջրասուզակները Սեւանա լճում նոր խոչընդոտներ են հաղթահարում”:

Պարապլաներիստ Լեոնիդ Սահակյանը


Կազմակերպիչներից Արման Վարդանյանը եւս շատ է կարեւորում Սեւանա լճի ափին փառատոնի անցկացումն ու այլազգի մարզիկների մասնակցությունը. “Մեզ համար Սեւանը հասարակ է թվում, բայց օտարերկրացի դայվերների համար լճի ջրային հոսքերը, ֆլորան ու ֆաունան լրիվ այլ են: Սա լավ հնարավորություն է, որ փորձեն իրենց ուժերը նոր պայմաններում, հասկանան` որքանով են ուժեղ”:

“Եթե վախեցար, մոռացիր, որ հաջողության կհասնես”. Արման Բերբերյան

Մարզիկները լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրել են իրենց մարզաձեւերի էքստրեմալ կողմերը: Առագաստանավային սպորտի ակումբի նախագահ Մհեր Թովմասյանի փոխանցմամբ` սերֆինգով ու վինդսերֆինգով հետաքրքրվողների թիվը Հայաստանում մեծ է, բայց քչերն են համարձակվում լրջորեն զբաղվել այս մարզաձեւով: Նա իր աշակերտներից ուժեղագույնների հետ եկել է Սեւան` մասնակցելու փառատոնին:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է “Էքստրեմալ սպորտաձեւերի փառատոն”


Մհեր Թովմասյանի սաներից Արման Բերբերյանը հաջողություններ է գրանցել նաեւ Հայաստանից դուրս` միջազգային մրցույթներում. “11 տարեկանից հաճախել եմ դասերի, ադրենալին եմ զգում ջրից ու քամուց: Ամենակարեւորը պետք չէ վախենալ, եթե վախեցար, մոռացիր, որ կսովորես ու հաջողության կհասնես: Սեւանա լճի քամին վինդսերֆինգի համար հոյակապ է, բայց սերֆինգի համար երկար ու մեծ ալիքներ չկան: Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանում անցկացվող մրցումներին մոտ 180 մասնակցի շարքում գրավել եմ առաջին տեղը”:

Պարապլաներիզմի հաճույքը

Պարապլաներիստներն էլ ուսապարկերով մագլցել են քարքարոտ լեռներով, մի քանի հարյուր մետր բարձրությունից բացել “թեւերն”  ու ճախրել իրենց մեծ ու գունեղ պարապլաններով: Օդային ու թռիչքային պարապլաներիզմը հայերի համար հիմնականում համարվում է ժամանց ու զվարճանք, բայց ինչպես մասնագետներն են ասում, Հայաստանի լանդշաֆտն ու կլիմայական պայմանները հարմար են այս մարզաձեւի համար: Պարապլաներիստ Լեոնիդ Սահակյանի խոսքերով` թռչելու հաճույքը վայելելուց հետո անընդհատ լեռներ բարձրանալու ցանկություն է ունենում. “Անհաջող թռիչք դեռ չեմ ունեցել, բայց որոշակի խնդիրներ եղել են, բարեբախտաբար, ամեն լավ է վերջացել:)”:


“Կիլիկիա” առագաստանավը հյուրընկալ է

Փառատոնի օրերին հնարավոր է նաեւ Սեւանա լճում “զբոսնել” “Կիլիկիա” հայտնի առագաստանավով: Քամու ուժգնությունը բավարար է, առագաստանավը պատրաստ է նավարկել լճում: 2004-2006 թվականների ընթացքում հայկական նավը պտտվել է Եվրոպայի շուրջ` կտրելով շուրջ 15000 ծովային մղոն: Այդ նավարկությունից հետո “Կիլիկիա”-ն մոտ հինգ տարի “ջուր չի տեսել”, միայն նախորդ տարվանից կրկին Սեւանա լճում է:

 “Կիլիկիա”-ի նավապետ, “Այաս” ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը պատմել է, որ առագաստանավի համար ամենաէքստրեմալ պայմանները ձմռանն են լինում. “Սեւանում հունվարին նավարկել ու փոթորկի մեջ էինք ընկել, մեկ շաբաթ փորձում էինք վերադառնալ: Հիմա մեզ փոթորիկ չի սպառնում, բայց Սեւանն անկանխատեսելի է, կարող է մի քանի րոպեից ուժեղ քամի սկսվել, օրիակ` հիմա հյուսիսային քամի է նկատվում: Այդ կողմից Սեւանա լիճը հարմար է պարապելու համար, թույլ չի տալիս, որ ուժերդ թուլացնես, պետք է միշտ զգոն լինես”:

“Լեգիոն” փեյնթբոլ ակումբի հիմնադիր-անդամ Էդուարդը


Փեյնթբոլ ու սթրայքբոլ. թիմային ռազմավարական խաղեր

2 տարի առաջ հիմնադրված “Լեգիոն” ակումբը եւս փառատոնի մասնակիցների կազմում է: Հիմնադիրներից Էդուարդը բացատրել է խաղի կանոնները` խորհուրդ տալով ե՛ւ տղաներին, ե՛ւ աղջիկներին խաղալ փեյնթբոլ. “Թիմային այս խաղում գրեթե ամեն ինչ նմանեցված է պատերազմական իրավիճակին, բայց բոլորովին ուրիշ զենքերով, որը դժվար կլինի անվանել խաղալիք, բայց ոչ էլ կլինի կոչել զենք: Պետք է ճիշտ կրակես, որ գնդակներով ներկես ու ոչնչացնես հակառակորդ թիմին”:

Փեյնթբոլից բացի խաղում են սթրայքբոլ, որը եւս թիմային, ռազմավարական խաղ է: “Այս խաղում զենքերն իրենց քաշով, դիզայնով նման են իսկական զենքերին: Որպես սպառազինություն` մասնակիցներն օգտագործում են օդամղիչային զենք, որը կրակում է պլաստիկ գնդակներ: Խաղի հիմքը դրվում է արդարության վրա, քանի որ չկան գունային շարիկներ: Եթե մասնակցին կրակում են, նա պետք է ձեռքերը բարձրացնի ու խաղից դուրս գա”, - խաղի կանոնները ներկայացրել է Մովսես Գորգիսյանի անվան հայկական սթրայքբոլի ֆեդերացիայի համակարգող Վահե Վարդանյանը:

Սեւանում են հավաքվել էքստրիմի սիրահարները:)


Նշենք, որ “Էքստրեմալ սպորտաձեւերի փառատոն 2012”-ը մեկնարկել է օգոստոսի 1-ին` Երեւանի Հանրապետության հրապարակից: “Հայ էքստրիմ”-ը փառատոնը կազմակերպել է “Այաս” ակումբի, ՀՀ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW