Ասում են, իսկ շատերը դա զգում են իրենց մաշկի վրա, որ դեկտեմբեր եւ փետրվար ամիսներին Փարիզի առանց այդ էլ բազմաթիվ-բազմատեսակ զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է: Դեկտեմբերյան անցուդարձի պատճառը Սուրբ Ծննդյան տոներն են եւ Ամանորի Շանզ-Էլիզե-գլինտվեյն-Լաֆայետ զբոսանքների աննկարագրելի հաճույքը, իսկ փետրվարին Փարիզի դռները բացվում են բոլոր սիրող սրտերի առջեւ: Իհարկե, համաձայն ընդհանուր կարծիքի, մենք ապրում ենք ատելությամբ եւ ագահությամբ լի մի աշխարհում, բայց եկեք Փարիզ եւ համոզվեք, որ «Իրական սեր» ֆիլմի հերոսն իրավացի էր. սերն ամենուր է` գարնանային օդում, Սենայի սառը ջրերում եւ փարիզյան հազարավոր փոքրիկ սրճարաններում:
Սիրո քաղաք Փարիզը
Այն հասնում է նույնիսկ Մոնմարտր` Փարիզի ամենաբարձր կետը, որը վերջին տարիներին վալենտինյան տոնակատարության էպիկենտրոնում է: Պատճառը սակայն ոչ Սակրե Կյոր բազիլիկն է, ոչ էլ Վան Գոգի սիրելի սրճարանը: Զբոսաշրջիկներն այստեղ շտապում են նկարվել «Je t’aime» պատի դիմաց: Սա սովորական պատ չէ, այլ արվեստի գործ: Այստեղ ավելի քան երեք հարյուր լեզվով գրված է «Ես քեզ սիրում եմ» անմահ նախադասությունը: Ֆրեդերիկ Բարոնի մտահղացումն է համախմբել աշխարհի բոլոր սիրահարներին մի հուշարձանի շուրջ, ստեղծել ինքնատիպ սիրո քարտեզ: Ի դեպ, հայերեն տարբերակները (արեւմտահայերեն եւ արեւելահայերեն) անմիջապես աչքի են ընկնում, կամ միգուցե հայի կարոտած աչերն էին փնտրում հարազատ տառեր… Այս առաջադեմ պատն ունի նաեւ կայքէջ, որտեղ կարելի է գտնել «Ես քեզ սիրում եմ» նախադասության ճիշտ արտասանությունն ու գրառությունը հարյուրավոր լեզուներով:
Փարիզի «Je t’aime» պատը
Զարմանալի չէ, որ Փարիզում ամուսնության առաջարկություն անելը, այն էլ Սբ. Վալենտինի օրը, բավական տարածված երեւույթ է: Կյանքի կարեւորագույն այս իրադարձության համար Փարիզը տրամադրում է անթիվ գեղեցկագույն վայրեր. Էյֆելյան աշտարակ, Շանզ-Էլիզե, Պեր Լաշեզ գերեզմանատուն, Ռոդենի թանգարան, նույնիսկ Դիսնեյլենդ (վերջինս տարօրինակ երեւույթ է, բայց փաստ) եւ, իհարկե, Արվեստների կամուրջ: Տարիների ընթացքում համայն աշխարհի սիրահարները գալիս էին այստեղ ամրացնելու իրենց սիրո կողպեքը եւ բանալին նետելու Սենայի ջրերը: Կամուրջի երկու կողմերում միշտ կազմ-պատրաստ կանգնած էին կողպեքներ վաճառող «փրկիչներ» այն զույգերի համար, որոնք սիրով տարված մոռանում էին այդ կարեւոր մասնիկի մասին: Ցավոք, կամուրջը մեկ տարի առաջ լուրջ վնասվեց` չդիմանալով միլիարդավոր մարդկանց` 45 տոննա կշռող անգին զգացմունքների մարմնացմանը:
Փարիզի Արվեստների կամուրջը
Քաղաքապետարանը վերականգնեց այն` ապակյա վահանակներ տեղադրելով եւ այդպես վերջաբան տալով գեղեցիկ ավանդույթին: Սառը եւ անհրապույր այս լուծումը, սակայն, չի խանգարում համարձակներին կողպեքներ ամրացնել Արվեստների կամուրջը լուսավորող բարձր լապտերների վրա: Պակաս էքստրեմալները նախընտրում են պարզապես լուսանկարվել եւ արդյունքը տեղադրել սոցիալական ցանցեր` «Սեր առանց կողպեքի» հեշթեգով (#lovewithoutlocks): Քաղաքապետարանը փորձում է սփոփել հիասթափված զույգերին` կողպեքների փոխարեն առաջարկելով գրանցել իրենց սիրո խոտովանությունները քաղաքի տարբեր կետերում տեղադրված լուսատախտակների վրա:
Փետրվարի 14-ին մայրաքաղաք Փարիզը սիրահար զույգերին խոստանում է անձրեւ եւ սառը քամի, ինչպես նաեւ անթիվ ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, ներկայացումներ, ընթրիք նավի վրա եւ անմոռանալի զբոսանք Սենայի ափին եւ Մոնմարտրի գագաթին: Իրականում, եթե դուք սիրո կանչով հայտնվել եք Փարիզում, ապա տարվա յուրաքանչյուր օրը կարող է դառնալ Սբ. Վալենտինի տոն:
Տեքստը եւ լուսանկարները` Լիլիթ Սոխակյանի/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: