Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված “Բաբաջանյան ֆեստ’’-ի երրորդ մեկնարկի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը կազմված էր վեց համերգից, որոնց ընթացքում ելույթ են ունեցել նաեւ արտերկրից ժամանած մենակատարներ:
“Բաբաջանյան ֆեստ”-ի փակման համերգը վարել է Նազենի Հովհաննիսյանը
Առաջին երկու համերգին հնչել են Առնո Բաբաջանյանի սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները: Երեք համերգի ընթացքում կատարվել են հայ կոմպոզիտորական դպրոցի տարբեր սերնդի եւ ժանրի ստեղծագործությունները:
“Բաբաջանյան ֆեստ”-ի` օրերս տեղի ունեցած փակման համերգին հնչել են Բաբաջանյանի ճանաչված երգերը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ էստրադայի երգիչների կատարմամբ: Ելույթ են ունեցել Հայկոն, Սիրուշոն, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Էմմին, Անահիտ Սիմոնյանը, Մհերը, Էրիկը, Մարատ Հայրապետյանը եւ օպերային մեներգիչ Գեւորգ Հակոբյանը:
Համերգի ընթացքում հնչել են “Հեյ, աստղեր”, “Իմ Երեւան”, “Մեր սիրելի Երեւան”, “Чертово колесо”, “Ноктюрн”, “Судьба”, “Свадьба”, “Благодарю тебя”, “Королева красоты”, “Мимоза”, “Верни мне музыку”, “Озарение”, “Золотое танго”, “Пушинка белая”, “Твои следы”, “Мосты, мосты”, “Год любви” երգերը:
Էմմին եւ Էրիկը
Երեկոյին ներկա է եղել նաեւ Առնո Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, որը ոսկե մեդալով է պարգեւատրել դուդուկահար Ջիվան Գասպարյանին` երաժշտության մեջ ունեցած իր ներդրման համար: Ոսկե մեդալների են արժանացել նաեւ Արմեն Ջիգարխանյանը, Իոսիֆ Կոբզոնն ու Շառլ Ազնավուրը, ովքեր ներկա չէին համերգին:
Մեծ էկրանին պարբերաբար ցուցադրվել են տարբեր տեսանյութեր. Իոսիֆ Կոբզոնի ուղերձը, որը նշել է` “երջանիկ է, որ ճանաչել է Առնո Բաբաջանյանին, ու իրենք ընկերներ են եղել”: Տեսանյութերից մեկում էլ Առնո Բաբաջանյանը “Հերոսական բալլադ’’ ստեղծագործությունից հատված է նվագել: Ցուցադրվել է նաեւ կոմպոզիտորի եւ հաղորդավարուհի Նառա Շլեպչյանի հայտնի հարցազրույցը, որը անց է կացվել Դիլիջանում:
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքերով` նման նախագիծ առաջին անգամ են իրականացնում. “Հետաքրքրությունը մեծ է, քանի որ շատերը չեն հասկանում սիմֆոնիկ նվագախմբի եւ էստրադային կատարողների համագործակցությունը: Մեզ համար կարեւոր է, որ հասարակությունը հասկանա ու ինտեգրվի այն գործի մեջ, որը մենք ծավալում ենք:’’:
Սիրուշոն
“Փրկելու խնդիր ունենք”. Հայկո
Համերգի օրը իրականացել է Հայկոյի երազանքներից մեկը. “Կարծում եմ` յուրաքանչյուր երգիչ երազում է ելույթ ունենալ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Եթե առաջ մեր առջեւ խնդիր էր դրված փրկել ազգայինը ու շատ տեղ տալ դասական երաժշտությանը, ապա այսօր մենք խնդիր ունենք փրկելու նաեւ էստրադային երաժշտությունը, որովհետեւ ամեն ինչ խառնվել է, եւ մարդիկ չեն հասկանում ռաբիզի եւ իսկական էստրադային ժանրի տարբերությունը: Նման նախագծերի շնորհիվ մենք կփրկենք նաեւ էստրադային երաժշտությունը’’:
Հայկոն եւ Սերգեյ Սմբատյանը գաղտնիք են բացահայտել. հաջորդ տարի երգիչն իր գործերը կձայնագրի երիտասարդական նվագախմբի հետ. նոտաներն արդեն գրվում են:):
“Առնո Բաբաջանյանի հայտնի երգերը բազմիցս լսել ենք տարբեր երգիչների կատարմամբ: Սակայն այսօր բացառություն է, այսօր մենք նվագախմբի հետ ներկայացանք’’,- նշել է Էմմին:
Անդրեն
Այս նախագծի շնորհիվ փրկվել են նաեւ Առնո Բաբաջանյանի` արխիվում մնացած նոտաները: Վերականգնված պարտիտուրաներն այժմ պատմական արժեք են իրենցից ներկայացնում, հետագայում կտպագրվեն նոտաների տեսքով եւ թվային տարբերակով:
Համերգը եզրափակել է կատարողների խմբակային ելույթը: Ավարտվել է նաեւ երիտասարդական նվագախմբի 2011 թվականի համերգաշրջանը: Ամփոփելով 2011 թվականը` Սերգեյ Սմբատյանն ասել է, որ նվագախումբն արդեն պատրաստվում է 2012-ի հունվարի 26-ին կայանալիք համերգին, որին մասնակցելու է աշխարհահռչակ ջութակահար Ռոման Սիմովիչը:
Նշենք, որ “Բաբաջանյան ֆեստ’’-ի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: