×


Սյուզին՝ «Քամի փչի 2»-ում չերգելու պատճառի եւ անխուսափելի վերադարձի մասին

«Քամի փչի» հայտնի երգի նոր տարբերակն այս օրերին լայնորեն տարածվում ու բուռն քննարկվում է սոցիալական ցանցերում: Շատերին հետաքրքրում է, թե ինչու Սյուզին չի երգել։ BRAVO.am-ի հետ զրույցում նա մեկնաբանել է իր բացակայության պատճառը, նաեւ պատասխանել մեր մյուս հարցերին:

Սյուզի Շահբազյանը


- «Քամի փչի»-ն ստեղծումից 10 տարի անց Նարեկ Պետրոսյանի նախաձեռնությամբ ունի նոր տարբերակ: Նարեկը BRAVO.am-ին հայտնեց, որ Ձեզ եւս առաջարկել է, սակայն հարմար չեք գտել ու չեք ցանկացել մասնակցել։ Ինչո՞ւ։

- Նարեկի մտահղացումը շատ ողջունել եմ, նաեւ ողջունել եմ ինձ արված մասնակցության առաջարկը: Կարծում եմ՝ «հարմար չի գտել»-ը ճիշտ ձեւակերպում չէ այս պարագայում: «Քամի փչի»-ն ճակատագրական երգ է «Հայք» խմբի յուրաքանչյուր անդամի համար, ու անձամբ ինձ համար այդ ժամանակ ինքնարտահայտվելու կատարյալ միջոց եղավ, իսկ հիմա չեմ կարծում, որ ռեմեյքի մեջ նոր ասելիք ունեմ։ Առավել եւս, չեմ կարծում, որ հնարավոր է գերազանցել նախորդ տարբերակը: Ես անգամ ինքս ինձ չէի կարող գերազանցել:

- Իսկ նոր տարբերակը Ձեզ դո՞ւր է գալիս. հավանե՞լ եք, թե՞ ոչ։


- Այո, շատ: Ինձ թվում է, որ բավական հետաքրքիր է ստացվել: Շատ հպարտ եմ, որ այսքան տարիներ անց «Քամի փչի»-ն արժանացավ ռեմեյք դառնալու պատվին ու հատկապես, որ երգը կատարեցին արտիստներ, որոնց շատ հարգում եմ:

Սյուզի Շահբազյանը


- «Հայք» խմբից հետո շարունակել եք երգել, նաեւ Միքայել Պողոսյանի հետ զուգերգով եք ներկայացել։ Այլեւս չե՞ք ցանկանում որպես երգչուհի ներկայանալ։

- Անկեղծ ասած, վերջին ժամանակաշրջանում կոնկրետ մտահղացումներ ունեի վերադառնալու հետ կապված ու վերադարձիս հիմնական պատճառը բազմաթիվ մարդկանց կողմից հնչած «ե՞րբ ես էլի երգելու» հարցն էր: Հիմա վերադարձս դարձել է անխուսափելի ու պարտավորեցնող:

- Այժմ աշխատում եք «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերությունում, ի՞նչ աշխատանք եք կատարում կադրից դուրս։

-Աշխատանքիս համար բառիս բուն իմաստով խենթանում եմ:): Աշխատում եմ մտերիմ ընկերուհուս՝ Լիանայի հետ, որի հետ էլ ստանձնում ենք հոլդինգի միջազգային բոլոր աշխատանքները: Այս տարին իսկապես լի էր աշխատանքով. մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի  շրջանակներում հենց մեր բաժինն էր «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակաբաշխության, Հռոմի Պապի հայաստանյան այցի պատասխանատուն, ինչպես Նաեւ ԱՄՆ-ում տեղի ունեցած «PanArmenian Entertainment Awards» մրցանակաբաշխության հայաստանյան պատասխանատուն էի եւ կազմակերպիչներից մեկը:

Սյուզի Շահբազյանը


- Վերջերս նաեւ «Արմենիա TV»-ի եթերում Դավիթ Թադեւոսյանի հետ վարում էիք «Աջ, թե՞ ձախ» ճամփորդական ծրագիրը։ Արդյո՞ք նկարահանումները շարունակվում են։

- Նկարահանումներն այս պահին առաջին եթերաշրջանով եզրափակված են, բայց ամեն ինչ դեռ առջեւում է։

- Ամփոփելով անցնող տարին՝  ի՞նչ առաջնային ծրագրեր ունեք 2017 թվականին եւ որտե՞ղ եք դիմավորելու Ամանորը։ 


- Առաջնային ծրագիրս, իհարկե, երգարվեստ վերադառնալն է: Ամանորը միշտ անցկացրել եմ ընտանիքիս հետ: Սա իմ ամենասիրելի տոնն է, իսկապես հավատում եմ ամանորյա հրաշքին:): Այս տարին միգուցե բացառություն լինի, եւ դիմավորեմ Նիսում՝ մտերիմ ընկերուհուս՝ Հասմիկի հետ։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Արարատ» ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին