«Հարազատ ստվերներ» ձայնասկավառակի եւ մենահամերգի համար ընտրվել էր «Գոյ» թատրոնը։ Հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը, չնայած առողջական որոշ խնդիրներին, չէր դադարում հուզել եւ տրամադրություն հաղորդել հանդիսատեսին։ Նրան նվագակցեցին ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը եւ կիթառահար Գագիկ Շիբոյանը։
Երաժիշտ Վախթանգ Հարությունյանն արդեն մի քանի տարի է՝ համերգով է նշում իր ծննդյան օրը.«Նախկինում, երբ տանն ինձ այդ օրը սկսում էին «ահաբեկել», իսկ ես միշտ փախնում էի տնից թաքուն ինչ-որ անկյուններ, որտեղ ինձ չէին գտնում… Հետո, երբ սկսեցին գտնել, որոշեցի մենահամերգներ նախաձեռնել՝ ի հատուցում իրենց մեծ ուշադրության»։
Վախթանգ Հարությունյանի մենահամերգին
Յուրօրինակ կատարումներ, ձայնասկավառակի շնորհանդես, հանդիսատեսի ջերմ հայացքներ՝ ամեն ինչ կոկիկ ու խառնված էր։ Ալբոմում տեղ է գտել հեղինակային 12 երգ, որոնցից երաժիշտն առանձնացրեց «Ախ, երանի», «Հարազատ ստվերներ», «Անցորդի երգը», «Ուրվական եմ» ստեղծագործությունները: Ի դեպ, սկավառակի վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով։
BRAVO.am-ը Վախթանգի հետ զրուցել է.
Ձայնասկավառակի մասին
Ալբոմում բոլորը հեղինակային երգեր են, բոլորն էլ սիրելի են, բայց կառանձնացնեմ վերջինները: Դրանք նման են երեխաներին. միշտ սիրում ենք փոքրին, որովհետեւ ամենամեծ կարիքը նա ունի։ «Ախ, երանի» երգն ինչքան փորձում եմ բաց թողնել, միեւնույն է՝ պոկ չի գալիս(ժպտում է,-հեղ.):
«Հարազատ ստվերներ» ձայնասկավառակը
Խորագրի մասին
Այն երեւույթները, որոնք մենք հաճախ անվանում ենք ստվեր, դրանց մեջ ավելի լույս կա, ավելի հարազատ են, քան՝ մեկ այլ մի բան: «Հարազատ ստվերներ» նույնանուն երգը տեղ է գտել նաեւ սկավառակում, որտեղ կա լույս ու հույս։ Այս երգն այն մարդկանց մասին է, ովքեր թաքուն-թաքուն ապրում էին մութուցուրտ Երեւանում. լույս չկար, բայց ապրում էին։ Երգը գրելիս մտովի վերադարձել էի Ալավերդյանի փողոց՝ հուշերիս մոտ։
Բարեգործության մասին
Մեր ընկերներից մեկը ղեկավարում է Հայկական Կարմիր խաչի հիմնադրամը, որտեղ տատիկներն ու պապիկները օրական մի քանի անգամ սնվում են, եւ ես էլ մտածեցի, որ կարելի է լույս տեսած սկավառակի հասույթը փոխանցել նրանց, եւ գուցե 80 տարեց այդ օրը կերակրվի հենց դրա շնորհիվ։ Նախապես մտածված չէր, հենց տեղում որոշեցի։
Վախթանգ Հարությունյանի մենահամերգին
Եվ վերջում՝ հանդիսատեսի մասին
Հատընտիր մարդիկ են, բոլորին սիրելուց բացի, նաեւ ճանաչում եմ եւ ուրախ եմ, որ այս օրն իրենք կիսում են ինձ հետ, քանի որ իրականում այս օրը ես հաղթահարելու խնդիր ունեմ։ Ինձ համար սա այդքան էլ ուրախալի օր չէ՝ որպես ծննդյան օր...
Տեքստը՝ Անահիտ Առաքելյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: