Աստղիկ Սաֆարյանը, երաժշտական ուղին սկսելով առաջին «Հայսուպերթսար»-ում, մասնակիցներից առանձնանում էր իր ոճով ու գլխարկներով։ Երգչուհին ակնոցների եւ գլխարկների(հատկապես ֆեդորա ոճի) հանդեպ թուլություն ունի, ինչը վերածվել է հավաքածուի, այնուհետեւ՝ երկրորդ մասնագիտության։ Նա BRAVO.am-ին պատմել է իր ձեռք բերած յուրահատուկ նմուշների մասին։
Աստղիկ Սաֆարյանը
- Ո՞ր տարիքում սկսվեց գլխարկների ու ակնոցների հանդեպ մեծ սերդ։
- Հավանաբար, դպրոցական տարիքից է սկսվել, իհարկե, առավել շատ՝ գլխարկների հանդեպ։
- Այժմ քանի՞ գլխարկ ու ակնոց կա հավաքածուումդ:
- Մոտ 70-ից ավելի գլխարկ, իսկ ակնոցներիս թիվը հստակ չգիտեմ, քանի որ ձեռք եմ բերում ոչ թե քանակ լրացնելու նպատակով, այլ ուղղակի դրանցից յուրաքանչյուրն էլ ինձ դուր է գալիս ու ցանկանում եմ կրել։
- Սիրում ես գնե՞լ, թե՞ նվեր ստանալ։
- Հիմնականում ինքս եմ ձեռք բերել տարբեր երկրներից՝ ճամփորդություններիս ընթացքում։ Երբ ընկերուհիներիս կամ ընտանիքիս անդամների հետ արտերկրում գնումների ենք լինում, նրանք էլ արդեն գիտեն իմ նախասիրությունները, եւ երբեմն կատակում են՝ ասելով՝ «Եթե Աստղիկին կորցնում ենք, ապա, միանշանակ կարող ենք գտնել գլխարկների խանութում»։ Իհարկե, ինձ լավ ճանաչողները, երբ չեն կողմնորոշվում՝ ինչ նվիրել, գիտեն, որ միշտ էլ ցանկալի նվեր է թե' գլխարկը, եւ թե' ակնոցը։
Աստղիկ Սաֆարյանը
- Ուրիշներին ակնոց, գլխարկ ո՞ր դեպքում ես նվիրում։
- Նվիրում եմ այն դեպքում, երբ գիտեմ, որ ստացողին ավելի շատ կսազի։
- Արդյո՞ք հիշում ես ամեն նմուշի ձեռքբերման պատմությունը։ Կպատմե՞ս ամենայուրահատուկը։
- Ցավով հիշում եմ բոլոր կորցրածներս, որովհետեւ յուրաքանչյուրի հանդեպ էլ հարազատություն ես զգում, ու հաճելի չէ կորցնելը: Եվ քանի որ կյանքում եւս այդպես է. ցավալի է կորցնել քեզ հարազատ ու սիրելի դարձած մեկին, առավել եւս կորցնել նրա նկատմամբ վստահությունդ, այս զուգահեռների գաղափարի հիման վրա էլ ծնվեց ու գրվեց իմ «Սեւ ակնոց» երգը։ Երգում սիրելի դարձած մեկի հանդեպ կորցրած վստահությունը փոխաբերական իմաստով նշվում է որպես «կորցրած սեւ ակնոց»։ Երգը գրելուց հետո միայն հասկացա, թե ինչու էի իրականում կորցրել այդ ակնոցը։ Կորավ մի ակնոց, բայց փոխարենը ծնվեց գեղեցիկ երգ եւ ստիպեց հասկանալ, որ ամեն փոքր կորուստ մի շատ ավելի լավ բանի ծնունդ է։
Աստղիկ Սաֆարյանը՝ Վանո Սիրադեղյանի գլխարկով
- Հավաքածուում միայն կանացի իրեր են, թե՞ նաեւ տղամարդու։
- Հիմնականում՝ կանացի, ունեմ մի գլխարկ, որը տղամարդու է. այն ինձ համար մեծ արժեք ու վաղեմի պատմություն ունի։ Այդ սեւ գլխարկն ինձ հայրս է նվիրել տարիներ առաջ, իսկ իրեն էլ շատ վաղուց նվիրել էր Վանո Սիրադեղյանը։ Ես դա մինչ օրս պահում եմ սիրով՝ որպես մանկությանս լավ օրերից մի գեղեցիկ հուշ։
- Հետագայում ի՞նչ ես պատրաստվում անել ողջ հավաքածուն։
-Չգիտեմ, այս շրջանում օգտագործում եմ այն նմուշները, որոնք հիմա թրենդներին համապատասխան են, իսկ մնացածը, որոնք ժամանակի ընթացքում ձեռք եմ բերել, բայց ոճային առումով ինձ արդեն հին են թվում, դեռ պահում եմ։ Երեւի մի օր կհասկանամ, թե ինչու... Կար մի պահ, որ բոլորն ինձ հարցնում էին՝ ինչու եմ այդքան շատ գլխարկներ գնում, չգիտեի՝ ինչ պատասխանել, ուղղակի մեծ էր դրանց հանդեպ սերը։ Բայց երբ տարիներ անց ես վերջապես ստեղծեցի գլխարկների իմ ապրանքանիշը եւ ներկայացրի արդեն իմ մոդելավորած հավաքածուն, հասկացա հարցի պատասխանը։ Ոչինչ հենց այնպես չի լինում կյանքում. ամեն բան, ինչ անհասկանալի պատճառներով պատահում է, դրա պատասխանն անպայման գտնում ես ապագայում:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: