×


Վաչե Թովմասյանը

Վաչե Թովմասյանը՝ նոր սիթքոմի եւ սխալները չկրկնելու մասին

«Ոսկե դպրոց»՝ այսպես է կոչվում նոր սիթքոմը, որը նախաձեռնել է Վաչե Թովմասյանն իր գործընկերների հետ: Սիթքոմի պրոդյուսեր, սցենարի համահեղինակ, գլխավոր դերակատար Վաչեն BRAVO.am-ին պատմել է, որ նախագծի առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 24 էպիզոդից։ Սցենարի վրա աշխատում է հունիսից՝ Գրիգոր Գեւորգյանի, Մհեր Մխիթարյանի եւ Վահե Բեգլարյանի՝ Բոնիի հետ։

Աննա Գրիգորյանը եւ Վաչե Թովմասյանը


Նրա փոխանցմամբ՝ սյուժեն կառուցված է Ռոբերտ անունով մի հանցագործի շուրջ, որը ոսկիներ է գողացել եւ թաքնվում է ոստիկաններից։ Հասկանալով, որ վաղ թե ուշ կձերբակալվի, ոսկիները պահում է մի փոսի մեջ, սակայն, ի վերջո, ոստիկանները կալանավորում են նրան։ 5 տարի բանտում անցկացնելուց հետո նա դուրս է գալիս ու գնում ոսկիների հետեւից: Պարզում է՝ այդ վայրում դպրոց են կառուցել.«Ոսկիները վերցնելու համար իմ կերպարը դպրոցում որպես ուսուցիչ է  ներկայանում, որտեղ էլ սկսվում են արկածային պատմությունները: Ծպտված Ռոբերտի շուրջ շատ հետաքրքիր ու անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում: Նա այդ դպրոցում բազմաթիվ խնդիրների է հանդիպում: Շեշտը դրված է 11բ դասարանի եւ ուսուցչական կազմի վրա, նաեւ սիրային եռանկյունի կա: Ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններն իսկապես ծիծաղաշարժ են»:

Դերասանական կազմում են Աննա Գրիգորյանը, Լալա Մնացականյանը, Սերգեյ Սարգսյանը, Եվա Զոհրաբյանը, «Կարգին հաղորդումից» հայտնի Աշոտ Մելոյանը, «Վիտամին» ակումբից հայտնի Մհեր Մխիթարյանը, Վահե Բեգլարյանը` Բոնին, եւ այլք. «Հեռուստադիտողը տեսնելու է սիրված դերասանների, որոնք երկար ժամանակ եթերում չեն եղել։ Օրինակ` երկարատեւ դադարից հետո եթեր կվերադառնա Գեւոն ու կներկայանա դպրոցի խիստ պահակի դերով։ Արդեն երկար ժամանակ է՝ զբաղվում ենք քասթինգով, այսօր էլ այն շարունակվում է, թեեւ մեծ մասի անուններն արդեն հայտնի են: Իրենց հետաքրքիր խաղով կներկայանան Լալա Մնացականյանը (փոխտնօրենի կերպարում), Աննա Գրիգորյանը (անգլերենի ուսուցչուհի), Սերգեյ Սարգսյանը, «Վիտամին»-ի Բոնին, Մհերը, Թատերական ինստիտուտի ուսանողներ ու շրջանավարտներ»,– հավելեց Վաչեն։

«Ոսկե դպրոց»-ի նկարահանումներին


Նկարահանումներն իրականացվում են Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող Արմեն Հովհաննիսյանի անվան 194 դպրոցում.«Հիմնականում նկարում ենք շաբաթ-կիրակի օրերին, որ չխանգարենք դասերին եւ հանգիստ պայմաններում աշխատենք: Բայց սիթքոմը միայն դպրոցով չի սահմանափակվում, եւ սյուժեի զարգացմանը զուգահեռ՝ շատ տեսարաններ կներառվեն»:

Պրոդյուսերը նկատեց, որ դիտողները սկզբում գուցե նմանություններ գտնեն այս սիթքոմի եւ արտերկրյա համանման  ֆիլմերի միջեւ, բայց  հավելեց.«Հնարավոր է՝ նմանություններ գտնեն մեր սիթքոմի եւ գերմանական մի ֆիլմի միջեւ, բայց չենք կրկնօրինակել: Եթե ֆիլմը բաժանենք մասերի, ընդամենը երկու սերիա կստացվի, իսկ մենք սցենարական հնարքով կառուցել ենք այնպիսի կերպարներ, որ իրենց փոխհարաբերությունները երկարատեւ լինեն: Եթե հաջող ստացվի, երկրորդ, երրորդ եթերաշրջան եւս կլինի: Արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք սցենարի վրա, մանրակրկտորեն ստեղծում ենք կերպարները, իսկ զարգացումների հարցում փորձում ենք պահպանել սիթքոմային, սերիալային դրամատուրգիան»:

Լալա Մնացականյանը եւ Վաչե Թովմասյանը


Խոսելով նախորդ՝ «Քարե Դարդ» սիթքոմի քննադատությունների ու քննարկումների մասին՝ Վաչեն շեշտեց, որ փորձել են շտկել սխալները.«Շատ տարբեր կարծիքներ եմ լսել, մարդիկ կային՝ ատում էին ու արգելում իրենց երեխաներին նայել, մարդիկ էլ կային, գժվում էին: Ես այն կարծիքին եմ, որ եթե քննարկվում է, արդեն լավ է: Նոր սիթքոմը մինչեւ եթերում չլինի, վստահ չեմ կարող ասել. որ ավելի լավն է: Դիտողը գնահատական կտա, թե որքանով է ստացվել: Եթե 3-4-րդ սերիաներից հետո կերպարները սիրվեն, ուրեմն հաջողված է: Ամեն նոր նախագծի հետ ձգտում ենք աճել, ավելի փորձառու ենք դառնում: Այժմ մեր փորձառությունը թույլ է տալիս նախորդ սխալները չկրկնել»:

BRAVO.am
Լուսանկարները` Վաչե Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին