×


Վերդիի «Տրավիատան» ԱԺ այգում՝ ի աջակցություն Բեյրութի

Մոտ 5 ամիս երաժշտական քաղցից հետո սեպտեմբերի 4-ին ԱԺ այգում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը՝ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Համերգը կազմակերպվել էր «Երեւանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։


«Շատ երջանիկ եմ, որ փառատոնն իրեն բնորոշ ձեւով մեկնարկում է մի հանճարեղ գործի կատարմամբ: Այն բացառիկ է ինչպես Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, այնպես էլ աշխարհի լավագույն բեմերի հայ մենակատարների մասնակցությամբ։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հույս ունենք՝ մինչեւ աշնան վերջ կամ ձմռան սկիզբ ավարտին հասցնել փառատոնի ծրագրերը», - լրագրողների հետ զրույցում նշել է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստամյանը։

Վերդիի հայտնի փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն էին միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) եւ Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):


Այլ դերերում էին Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյանը (Գաստռոն), Աշոտ Ղանթարջյանը (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյանը (Մարքիզ դ'Օբինյի), Հովհաննես Ներսեսյանը (բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյանը (Անինա):

Օպերայի «փարիզյան հասարակությունը» ներկայացնում էր Հայաստանի պետական կամերային երգչախումբը։


ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ Լիպարիտ Ավետիսյանի եւ Լիանա Ալեքսանյանի հետ «Տրավիատա» կատարելու մտադրություն վաղուց ունեին։ Աշխարհում համավարակային իրավիճակի պատճառով մեներգիչներն արտերկրում համերգներ չունեին եւ գտնվում էին Հայաստանում։ Սա նպաստավոր շրջան էր մտադրության իրականացման համար։

«Համերգի կազմակերպումը համընկավ Բեյրութում պայթյունի հետ, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ այն կլինի բարեգործական։ Հայ բարեգործական ընդհանուր միությունն էլ, միանալով այս նախաձեռնությանը, որոշեց հասույթը կրկնապատկել եւ ուղղել Բեյրութում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքներին»,- մանրամասնել է Էդուարդ Թոփչյանը։

Պայմանավորված համավարակի կանխարգելման կանոններով՝ ԱԺ բակում տեղադրվել էր 250 աթոռ՝ իրարից համապատասխան հեռավորության վրա։ Տոմսերը շատ արագ էին սպառվել։


Էդուարդ Թոփչյանը Հայաստանում առաջին անգամ էր «Տրավիատա» ղեկավարում։  «Ստեղծագործության ներկայացումը բավական նորովի է։ Ավելի սրված են կերպարները, իրավիճակները, կարծես ամեն բառին նշանակություն է տրված։ Փորձել ենք ճշգրիտ պահպանել եւ փոխանցել ունկնդրին այն, ինչ գրել է Վերդին»,- նշել է նա։

Մեներգչուհի Լիանա Ալեքսանյանը նշել է՝ շատ ուրախ է կիկին հայրենիքում գտնվել եւ Ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունենալ։

«Այս դերը կատարել եմ ավելի քանի հարյուր անգամ, սակայն այս կատարումը մի փոքր տարբերվում է մյուսներից։ Ավելի ենք մոտեցել Վերդիին, ինչի համար շնորհակալություն Էդուարդ Թոփչյանին։ Շատ ավելի գեղեցիկ, հստակ ու երաժշտական առումով հետաքրքիր է ստացվել»,- մանրամասնել է նա։


Հետաքրքիր էր նաեւ Ժորժ Ժերմոնի դերակատարի ընտրությունը։ Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ շատ հայտնի բարիտոններ պատրաստ էին ստանձնել այդ դերը, սակայն համավարակի պատճառով չէին կարող ժամանել Հայաստան։ Լիպարիտ Ավետիսյանն առաջարկել է հրավիրել իր ընկերոջը Բելառուսից, որ հրաշալի բարիտոն է եւ կարող է ուղիղ չվերթով Հայաստան գալ։

«Ինչպես Հայաստանում, Բելառուսում, այնպես էլ ողջ աշխարհում, բոլորս դժվար ժամանակներ ենք ապրում, եւ երաժշտությունն այն է, ինչի կարիքն ունենք օդի պես: Երբ Լիպարիտը հարցրեց՝ արդյոք կարող եմ ստանձնել Ժորժ Ժերմոնի դերը, անմիջապես պատասխանեցի, որ առաջիկա չվերթով Հայաստան կժամանեմ՝ առանց անգամ ժամանակացույցիս օրագիրը ստուգելու»,- պատմել է Իլյա Սիլչուկովը։

Բացօթյա կատարմամբ հանդես գալը մարտահրավեր էր բոլոր երաժիշտների համար։ Այս առիթով Իլյա Սիլչուկովը հիշել է մի դրվագ բացօթյա կատարման իր նախորդ փորձից։


«3 տարի առաջ Սամարա քաղաքում մի փառատոնի էի մասնակցում։ «Սեւիլյան սափրիչ» օպերայի կավատինա ֆիգարոյի կատարման ժամանակ երբ օդ վերցրի, օդի հետ բերանս մտավ մի մժեղ, եւ իմ առաջին ֆրազան բավականին տարբեր ստացվեց նրանից, ինչ գրել էր Ջոակինո Ռոսսինին։ Ահա հիմնական բարդությունն ու վտանգը բացօթյա համերգենի ժամանակ»,- ծիծաղով նշել է նա։

Էդուարդ Թոփչյանը եւ կամերային երգչախմբի գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլեքյանը վստահեցրել են, որ դահլիճում համերգային կատարման առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են կրկնել համերգը՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով երաժշտասերների ունկնդրել այն։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport