Միացյալ Նահանգներում իր ընտանիքի հետ բնակություն հաստատած Վիոլետ Քանյանին BRAVO.am-ն անդրադարձել է, երբ 24-ամյա մեր հայրենակիցը որոշել էր մասնակցել “Միսս Կալիֆոռնիա-2012” մրցույթին, թեեւ իրեն պրոֆեսիոնալ մոդել չի համարում:
Վիոլետ Քանյանը մասնակցել է “Միսս Կալիֆոռնիա 2012” մրցույթին
Գեղեցկության մրցույթը կայացել է օրեր առաջ, Գլենդեյլը ներկայացնող հայուհին չի հաղթել, բայց նպատակին կարողացել է հասնել՝ գնահատվել է իր բարեգործական աշխատանքը:
BRAVO.am-ի հետ զրույցում Վիոլետը նշել էր, որ մասնակցության նպատակներից մեկն իր բարեգործական ծրագրերի ընդլայնումն է. “Մրցույթի ընթացքում շատերը միացան ինձ: Սեմ Սոլակյանի ու այլ մարդկանց հետ բավական շատ խաղալիքներ հավաքեցինք. մոտ 300 անապահով ընտանիքի երեխաներ տոներին ստացան տարբեր խաղեր եւ խաղալիքներ: Երբեք չեմ մոռանա այդ հրաշալի զգացողությունը:)”:
Մեր հայրենակցի կարծիքով՝ գեղեցկության մրցույթի ամենահետաքրքիր հատվածներից մեկը եղել է թագին ձգտող գեղեցկուհիների պայքարը. “Ես մտա այդ ամենի մեջ՝ հույս ունենալով, որ ձեռք կբերեմ փորձ, հիանալի ընկերներ եւ այդքան մարդու առջեւ բեմ կբարձրանամ: Որոշ աղջիկներ մարզիչներ ունեին եւ մեկ ամբողջ տարի պարապել էին այս միջոցառման համար ու պայքարում էին մինչեւ վերջ”:
“Վախերս հաղթահարելով՝ լողազգեստ կրեցի”. Վիոլետ Քանյան
Կալիֆոռնիայի ամենագեղեցիկ աղջիկը դառնալու համար մրցել է 276 հոգի. “Շփվել եմ երեւի 50 հոգու հետ: Ամեն օր 9-ը ժամ փորձ էինք անում: Ավելի շատ մտերմացա 4 աղջկա հետ, հիմա էլ շփվում ենք, պլանավորում հանդիպել եւ միասին լավ ժամանակ անցկացնել: Այն կանայք, որոնց հետ մտերմացա, շքեղ էին ե՛ւ արտաքինով, ե՛ւ ներքինով: Նրանցից երկուսը նույնիսկ թոփ 5-ում ընդգրկվեցին:)”:
“Պետք է հրաժարվեի շոկոլադից”. Վիոլետ Քանյան
“Մրցույթն ինձ վստահություն տվեց, որ նախկինում չունեի, նաեւ թույլ տվեց, վախերս հաղթահարելով, բեմում լողազգեստ կրել: Մրցույթի շնորհիվ հասկացա` եթե պատրաստ եմ մասնակցել, ուրեմն նյարդայնանալու կարիք չկա”,- նշել է Քանյանը:
“Մրցույթին մասնակցելու համար մոտ 3 ամիս հրաժարվեինք հացեղենից ու շոկոլադից”.Վիոլետ Քանյան
“Միսս Կալիֆոռնիա 2012”-ին մասնակցելու համար Վիոլետը չի վճարել. “Միակ “վճարն” այն էր, որ մոտ 3 ամիս պետք է հրաժարվեինք հացեղենից ու շոկոլադից: Քանի որ շոկոլադի մեծ սիրահար եմ, ինձ համար շատ դժվար էր”:
“Կանաչ զգեստս “առասպելական” է դարձել:)”. Վիոլետ
Աղջկա խոսքերով՝ իր կանաչ զգեստը մասնակիցների եւ անձնակազմի կողմից հաճոյախոսությունների է արժանացել. “Զգեստի գույնը եւ ոճը տարբեր տեղերից վերցրել եւ համադրել էինք “R-Mine” ընկերության հետ: Կանաչ զգեստս “առասպելական” է դարձել:)”:
“Կանաչ զգեստս “առասպելական” է դարձել:)”. Վիոլետ Քանյան
Այն հարցին, թե առաջիկայում գեղեցկության մեկ այլ մրցույթի կմասնակցի, Վիոլետը պատասխանել է, որ նման պլաններ դեռ չունի, պատրաստվում է կենտրոնանալ իր հիմնական աշխատանքի՝ լրագրության եւ հաղորդավարության վրա. “Մեկ մրցույթի համար ծավալուն աշխատանք ես տանում՝ հովանավոր գտնել, զգեստներ պատրաստել, բացի գումարից նաեւ սթրեսային իրավիճակում ես լինում: Մի քանի մրցույթի տնօրեններ առաջարկել են մասնակցել, բայց այժմ իմ կարիերայով կզբաղվեմ”:
Վիոլետ Քանյանի լրագրողական նյութերն ու հարցազրույցները տպագրվում ու եթեր են հեռարձակվում տարբեր լրատվամիջոցներով, նաեւ համագործակցում է “Երեւան” ամսագրի հետ. “Որպես “post scriptum”` հետգրություն, իմ նյութերը զետեղվում են վերջին էջում, ամեն թողարկում փորձում եմ մի քիչ հումորով համեմել”:
“Ամեն թողարկում փորձում եմ մի քիչ հումորով համեմել”. Վիոլետ Քանյան
Ի դեպ, Վիոլետի իրական ազգանունն է Ամիրխանյան, բայց նա որոշել է որպես բեմական ազգանուն ընտրել դրա վերջին հատվածը. “Ինքս կրճատել եմ, որ ավելի հեշտ արտասանեն այլազգի մարդիկ: Անգլերենում դժվար է հնչում, տառի փոփոխություն եմ արել: Կարծում եմ՝ անվանս հետ համապատասխան է”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վիոլետ Քանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: