×


«Էլենի օրագիրը 2» սերիալի նկարահանումներին

Տաթեւ Սարգսյանի վերափոխված կյանքը

Մեկ տարվա դադարից հետո Տաթեւ Սարգսյանը կրկին աշխատանքային բուռն շրջան է ապրում: Բացի այդ, շարունակում է ուսումը Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Վերափոխված կյանքի մասին սերիալներից հայտնի դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

«Այնտեղ լիցքաթափվում եմ»

Օգոստոսից օրերս սովորականից հագեցած են: Ինչպես միշտ, կարոտած եւ թարմ ուժերով վերադարձա աշխատանքի: Ժամանակիս մեծ մասը զբաղեցնում է ուսումս. արդեն 2-րդ կուրսում եմ սովորում: Առավոտյան ժամը 7-ից է սկսվում օրս. երբեմն թվում է` էլ չեմ կարող, բայց միեւնույն է՝ ստացվում է: Հասնում եմ համալսարան եւ հասկանում, որ չեմ կարող առանց այս պատերի եւ հաջորդող վազվզոցի: Նաեւ մարզասրահ եմ գնում, հենց այնտեղ էլ, կարելի է ասել, լիցքաթափվում եմ, ադրենալին ստանում եւ ամեն անգամ մի քայլ ավելի մոտենում երազածս կազմվածքին:

Տաթեւ Սարգսյանը


«Տխրում եմ, երբ հիշում եմ…»

Այս տարիքում ուսանող լինելն ավելի պատասխանատու է, իհարկե, միայն ու միայն ինքդ քո անձի հանդեպ. չես կարող քեզ թույլ տալ թերանալ, ալարկոտ լինել, ինչպես 17 տարեկանում: Այդ դեպքում ինչի՞ հետեւից ես եկել 25-ում: Այս տարիքում ժամանակդ ավելի շատ ես գնահատում, կյանքում շատ եմ օգտագործել հետո բառը. ժամանակին թվում էր՝ այնքան ժամանակ կա, հետո կանեմ, հետո կասեմ, հետո կմտածեմ: Հետո բառը դարձել էր բնավորության գիծ: 22-ից հետո զգացի, որ տարիներս էլ ավելի արագ են թռնում, իրադարձություններն այնքան շատ էին, որ մի բանի վրա կենտրոնանալը նշանակում էր մնացածի մասին առհասարակ մոռանալ, մնում էի էլի էն մտքին, որ հետո ամենը կհասցնեմ: Էլի հասնում ես ինչ-որ կետի, միանշանակ, ամենի լուծումն էլ գտնվում է, դասավորվում է, բայց ոչ այնպես, ինչպես դու էիր ուզում: Այնքան շատ եմ երբեմն տխրում, երբ հիշում եմ` ինչքան եմ ինձ հետ թողել:

«Այն ինձ շատ փոխեց»

Այս տարիքում ուսում ստանալն ինձ շատ փոխեց. ավելի հետեւողական եմ դարձել, կարգավորված եւ հաստատակամ: Առհասարակ, 26-ը կանխամտածված եւ ամենասիրուն տարիքս է. ինձ երբեք այսչափ ուժեղ չեմ զգացել: Եվ հետաքրքիրն այն է, որ ոչ թե լավ կամ վատ իրադարձությունից ելնելով, այլ պարզապես ուժեղ, անկախ լինելով: Հայացքս է փոխվել, ընդհանուր տեսքս: Ամեն ինչ սկսվեց քթիս վիրահատությունից հետո. դա այնքան նրբություն տվեց ներքուստ:

Տաթեւ Սարգսյանը


«Վերադարձս ինձ գոհացրեց»

Սերիալային գործընկերներիս հետ բավական լավ հարաբերություններ ունեմ: Թիմում շունչը շատ դրական է: Առաջին իսկ օրվանից ինձ լիարժեք եմ զգացել՝ առանց որեւէ լարվածության թե՛ շփման մեջ, թե՛ նկարահանումների ընթացքում. վերադարձս ինձ լիարժեք գոհացրեց: Շատերն ի սկզբանե «Էլենի օրագիրը 2»-ում իմ` Եվայի կերպարը որպես եւս մեկ բացասական կերպար ընկալեցին: Բայց կարծում եմ՝ հեռուստադիտողը, տեսնելով կերպարի զարգացումը, այն այլ տեսանկյունից կընկալի, անգամ արդարացում չտալով եւ համակրանք չունենալով, կհասկանա նրան: Երբեմն դա շատ ավելի կարեւոր է: Եվան ունի պատմություն, որը չի կարող չհուզել, ցանկություն չառաջացնի հասկանալ` ինչու է իր կյանքում քայլել ձեռնարկել, որոնք իր համար դարձել են աններելի:

«Իրականում էլ ենք հասցնում իրար միս ուտել»

Վարուժ Մարգարյանի հետ նախկինում նկարահանվել ենք «Կայարան» սերիալում, բայց միասին տեսարաններ չենք ունեցել: Իսկ այս նախագծում բավական հաճախ ենք հանդիպում՝ միմյանց հանդեպ մեծ սեր չտածելով:): Հասցրել ենք ջերմ ու հաճելի հարաբերություններ ստեղծել: Մի հոյակապ անձնավորություն է, երբ նյարդերս չի խախտում. իրականում էլ ենք հասցնում իրար միս ուտել: Մյուս խաղընկերներիս` Գագիկ Մադոյանի եւ Անելյա Գուբրյանի հետ եւս շատ լավ ու թեթեւ ենք աշխատում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տաթեւի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին