×


Տանգոյի 12 ամիսներ Հայաստանում :)

“Տանգոյի 12 ամիսներ” բանաստեղծական-երաժշտական ներկայացումը մի քանի օրով հյուրընկալվել էր Հայաստանում: Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վենիամին Սմեխովը, իր դուստրը` Ալիկա Սմեխովան եւ “Pasional Orquesta” նվագախմբի 4 երաժիշտը հայ հանդիսատեսի համար ներկայացումը խաղացել են երեք անգամ:

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վենիամին Սմեխովը


Ռուսական ներկայացումը ապրիլի 16-ն ներկայացվել է Գյումրու Վարդան Աճեմյանի, ապրիլի 17-ին` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոններում, վերջին “կանգառն” էլ եղել է ապրիլի 18-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Վենիամին Սմեխովի եւ Ալիկա Սմեխովայի ասմունքով, երգով ու պարային թեթեւ շարժումներով ներկայացման մեջ Վենիամինը նախորդ դարի 30-ական թվականների լեհական տանգոյի երաժշտության ներքո համադրել եւ իր մեկնաբանությամբ հանդիսականին է ներկայացնում իր գրչին պատկանող գրական տեքստերը, ինչպես նաեւ  “արծաթե” դարի պոեզիա է կարդում` Ալեքսանդր Բլոկ, Աննա Ախմատովա, Վլադիմիր Մայակովսկի, Վլադիմիր Նաբոկով, Իգոր Սեւերյանին:

Դերասանի բանաստեղծական տեքստը տարվա բոլոր ամիսների, եղանակների մասին է, որն ուղեկցվում է երաժշտությամբ ու էկրանային պատկերներով: Ամեն եղանակին համահունչ գույնի զգեստով Ալիկան երգում է, նաեւ ասմունքում:

Վենիամին Սմեխովի դուստրը՝ Ալիկա Սմեխովան


Ռուս արտիստների` Հայաստանում կազմակերպած ելույթի հեղինակներից մեկն Արմեն Մազմանյանն է, որը նշել է` վերջիններս մեր երկիր են հյուրընկալվել պետական հրավերով: Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորը կարեւոր է համարել մարզերի հանդիսատեսին ներկայանալու հանգամանքը. “Միասին որոշեցինք, որ այս հաճույքը չվայելի միայն Երեւանը”:

Ներկայացման ավարտին հանդիսատեսի ծափերը դերասաններին “բիս”-ի են հրավիրել, Սմեխովն էլ ներկաներին առաջարկել է ընտրել որեւէ ամիս:): Հանդիսատեսի ցանկությամբ, որոնց շարքում գերակշռել են թատերական ոլորտի մարդիկ` դերասաններ, բեմադրիչներ, ուսանողներ, արտիստները կրկնել են օգոստոս ամսվա հատվածը:

Նազենի Հովհաննիսյանը “Տանգոյի 12 ամիսներ” ներկայացմանը


Ինչպես գիտեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012-ին հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, քանի որ այս ներկայացման հիմքում էլ ռուսական պոեզիան է, եռօրյա տանգոն նվիրվել է գրքի տոնին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW