×


Տիգրան Մանսուրյանի խոստովանությունը՝ «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի երեւանյան պրեմիերային

«Հայրս երազանք ուներ` ես սենյակում նստեի ու նվագեի, ինքը լսեր: Ի վերջո, եղավ»` հիշում է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն իր ստեղծագործական կյանքին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմում: Փաստագրական նոր ֆիլմը, որի պրեմիերան երեկ էր՝ «Մոսկվա» կինոթատրոնում, ստեղծվել է Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առթիվ: Ռեժիսորը Հայկ Մկրտչյանն է, ում նկարահանած ֆիլմն անդրադառնում է կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը մանկությունից մինչեւ մեր օրեր: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ֆիլմի ցուցադրությանը, զրուցել է ռեժիսորի եւ, իհարկե, գլխավոր հերոսի՝ Տիգրան Մանսուրյանի հետ:

Հայկ Մկրտչյանն ասում է՝ նկարահանման աշխատանքները հինգ տարի են տեւել եւ իրականացվել են տարբեր երկրներում: Ռեժիսորը պատմեց, որ սկզբում հստակ պատկերացում չունեին, թե ֆիլմն ինչ ուղղությամբ է զարգանալու: Հենց այդ հարցում էլ իրենց մեծապես օգնել է Տիգրան Մանսուրյանը.«Հասկացանք, որ այս ֆիլմի հիմնական խնդիրն ու նպատակը հետեւյալն է` ցույց տալ, որ Տիգրան Մանսուրյանը հայտնի գործեր է ստեղծել ոչ միայն նախկինում եւ ոչ միայն ֆիլմերի համար, այլեւ աշխատում եւ ստեղծագործում է առ այսօր: Ընդ որում` նա գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում: Դրանով պայմանավորված էլ` մենք մաեստրոյի հետ շրջել ենք այն վայրերում, որտեղ նա էր լինում»,- մեր զրույցում նշեց ֆիլմի ռեժիսորը:

Ռեժիսոր Հայկ Մկրտչյանը


Նա ընդգծեց, որ չափազանց հեշտ է եղել Մանսուրյանի հետ աշխատելն ու համագործակցելը: Նկարահանումների ընթացքում էլ տարաձայնություններ, խնդիրներ չեն ունեցել. «Իմ կարծիքով` նա հասել է այն աստիճանին, որ կարողանում է պարզագույն ձեւով շփվել յուրաքանչյուր մարդու հետ»: Հայկը նշեց, որ ֆիլմի հերոսներից մի քանիսին նկարահանելու համար ստիպված են եղել նույնիսկ մեկ տարի սպասել, այդ պատճառով էլ ընթացքը մոտ հինգ տարի է տեւել: Ֆիլմում նկարահանվել են Մանսուրյանի երաժիշտ ընկերները, հարազատներն ու մանկության ընկերները:

Տիգրան Մանսուրյանը խոստովանեց, որ մինչեւ պրեմիերան արդեն հասցրել էր դիտել ֆիլմը եւ գոհ էր մնացել կատարված աշխատանքից.«Ես սպասումներ չունեի ֆիլմից, պարզապես աշխատեցինք միասին, եւ արդյունքն ինձ շատ գոհացրեց` ճիշտն ասած: Որոշ հատվածներում հուզվեցի, հատկապես այն դրվագներում, որոնք կապված են իմ մանկության, պատանեկության տարիների հետ: Իհարկե, կուզեի` իմ հարազատներից մի քանիսը նույնպես լինեին ֆիլմում, բայց նրանք չկան, քանի որ աշխարհում չկան...»,- անկեղծացավ կոմպոզիտորը:

«Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի պրեմիերային


Տիգրան Մանսուրյանը պատմեց, որ ֆիլմը դիտելիս ուրախացել է՝ հատկապես իր երաժիշտ ընկերներին լսելով: Նրանց թվում կան ե՛ւ հայ, ե՛ւ արտասահմանցի ստեղծագործողներ, ովքեր ապրում եւ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում՝ Մոսկվայում, Բոստոնում, Վիեննայում եւ այլուր.«Ես նրանց անուններն ասել էի նախապես, եւ հրաշալի է, որ ֆիլմի ստեղծագործական խումբը կարողացել էր գտնել ու նկարահանել նրանց: Շատ ուրախացա՝ նրանց խոսքերը լսելով: Ֆիլմում կադրեր կան, որտեղ նրանք նվագում են իմ երաժշտությունը: Դա ինձ համար շատ հուզիչ էր: Այդ դրվագները շատ լավ լրացնում են մեկը մյուսին»:

Նշենք, որ «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի ստեղծմանն ու հանրայնացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանում «Գյոթե» կենտրոնը եւ «Մոսկվա» կինոթատրոնը: Ռեժիսոր Հայկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ առաջիկայում դեռ չի նախատեսվում ֆիլմը ցուցադրել կինոթատրոններում, այնպես որ, մեծ էկրաններին դիտելու հնարավորություն կար առայժմ միայն պրեմիերայի օրը: Շուտով տեղի կունենա ֆիլմի հեռուստատեսային ցուցադրությունը: Պրեմիերան նախատեսվում է իրականացնել գերմանական հեռուստաալիքներից մեկով:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW