×


Մարինե Գյուլումյանը եւ Անգինեն

Փարիզից Երեւան՝ նորություններով. Մարինե Գյուլումյան եւ Անգինե

Երգահան, դաշնակահար Մարինե Գյուլումյանը, ով վերջին տարիներին բնակվում եւ ստեղծագործում է Փարիզում, նոր երգ է հեղինակել՝ «Երկնային պարգեւ» վերնագրով: Նրա նոր ստեղծագործությունը գրվել է ֆրանսիաբնակ երիտասարդ երգչուհի Անգինե Ռաստքելենյանի համար, ով Մարինեի հետ օրեր առաջ Երեւանում էր: BRAVO.am-ը հանդիպել է նրանց, լուսանկարել եւ զրուցել երգի, Ֆրանսիայում գործունեության եւ հայրենիք այցի մասին:

Նշենք, որ «Երկնային պարգեւ» երգի հիման վրա արդեն նկարահանվել է հոլովակ, որի ռեժիսորը ֆրանսիացի է՝ Լուկա Ժիսբերտը: Անգինեն պատմում է, որ վաղուց է նրա հետ աշխատում, այս անգամ էլ որոշել են ընտրել մինիմալիստական ոճը, նկարահանել հոլովակ, որտեղ գլխավոր դերում հենց ինքը կլինի: Երգչուհու խոսքով՝ ինքն ու Մարինե Գյուլումյանը դեռ նախորդ տարի են ծանոթացել եւ որոշել են անպայման համագործակցել:

Մարինե Գյուլումյանը եւ Անգինեն


«Երբ հանդիպեցինք, հասկացա, որ շատ նման ենք մտածելակերպով ու երաժշտական ճաշակով, կարծես էմոցիաների փոխանակում եղավ: Եվ ես որոշեցի, որ մեր ընկերությունը չպիտի կորչի, այն պետք է վերածվի նաեւ գործի: Խորհրդակցելով հայրիկիս հետ՝ Մարինեին խնդրեցի, որ մի գեղեցիկ երգ գրի ինձ համար, որը սյուժետային առումով չի ունենա հստակ սկիզբ եւ ավարտ, թույլ կտա ունկնդրին անձամբ որոշել երգի զարգացումը: Հետո նա ինձ պատմեց, որ հեռախոսը ցած դնելուն պես սկսել է անմիջապես գրել: Նա հեղինակել է ե՛ւ երգի խոսքերը, ե՛ւ երաժշտությունը: Այսինքն՝ երկուսս էլ գիտեինք, թե ինչ ենք ուզում ստանալ, կարծես զգացինք մեկս մյուսի միտքը»,- պատմել է Անգինեն:

Մարինե Գյուլումյանն էլ խոստովանել է, որ շատ է հավանում Անգինեի ձայնը, երաժշտական զգացողությունը, ինչի շնորհիվ կարողացել է արագ եւ հեշտությամբ ստեղծագործել.«Շատ կարեւոր է, երբ երկու արվեստագետի միջեւ կա զգացմունքների փոխանակում: Նա շատ հասուն ձայն ունի` չնայած բավական երիտասարդ է` ընդամենը 18 տարեկան: Ու երեւի հենց դրա շնորհիվ էր, որ երգը շատ արագ ծնվեց իմ մտքում: Անգինեն էլ շատ սիրեց նոր ստեղծագործությունը, ու միանգամից անցանք գործի: Երգն ուղարկեցինք Հայաստան, որպեսզի գործիքավորումը Խաչիկ Սահակյանն անի: Ամբողջը կենդանի նվագակցությամբ է ձայնագրվել: Ճիշտ է՝ դա ինձ համար թանկ, բայց պրոֆեսիոնալ ականջին հարիր հաճույք է»:

Անգինեն եւ Մարինե Գյուլումյանը


Նա նշել է, որ քսան օր է անցկացրել Հայաստանում, իսկ Անգինեն վերջին օրերին է իրեն միացել: Նրանց այցը գործնական չէր, հասցրել են շրջել Երեւանի փողոցներում, զգալ քաղաքի սերն ու ջերմությունը.«Քանի որ տեսահոլովակն արդեն պատրաստ է, որոշեցինք գալ, ներկայացնել այստեղ: Բացի այդ, երկուսս էլ հաճախ ենք գալիս Հայաստան՝ նոր լիցքեր ստանալու, երեւանյան շունչը զգալու համար: Եվրոպայում մեզ ոչ թե պակասում են այդ էմոցիաները, այլ ընդհանրապես չկան: Երեւի պատճառն այն է, որ ինքս ծնվել եմ այս հողում, ունեցել եմ ստեղծագործելու արմատական հիմք, եւ աշխարհում ոչ մի տեղ այդ էներգիան չեմ զգում: Դրա համար էլ տարին գոնե մեկ անգամ պարտադիր գալիս եմ, որպեսզի լիցքավորվեմ նոր էներգիայով ու կարողանամ շարունակել ստեղծագործական կյանքս»,- անկեղծացել է Մարինեն:

Իսկ ահա Անգինեն ծնվել եւ մեծացել է Ֆրանսիայում, թեեւ այնտեղ հաճախել է հայկական դպրոց, գիտի հայերեն գրել-կարդալ եւ նախընտրում է հենց հայկական ժողովրդական երգերը: Նա ժամանակին հաճախ է այցելել հայրենիք, բայց վերջին անգամ չորս տարի առաջ էր այստեղ եղել՝ ուսումնական զբաղվածության պատճառով: Ֆրանսիայում Անգինեն սովորել է Կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժնում, իսկ սեպտեմբերից սովորելու է Շվեյցարիայում՝ իր մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ դառնալու նպատակով: Չնայած դրան՝ հաճախ նաեւ ջազ է երգում եւ դեռ հստակ չի որոշել, թե հետագայում որ ուղղությամբ է շարունակելու իր գործունեությունը:

Անգինեն


Նշենք, որ Անգինեի հայրն ու եղբայրը երաժիշտներ են, եւ միասին նրանք հաճախ են հանդես գալիս տարբեր համերգներով: Իսկ մայրը Իսպիրյան ընտանիքից է. Ներսիկ Իսպիրյանը նրա մայրիկի հորեղբայրն է: Ի դեպ, մեր հարցազրույցին նա ներկայացավ հենց Ներսիկ Իսպիրյանի ուղեկցությամբ.«Նա ինձ շատ է օգնել այս տարիների ընթացքում որպես ուսուցիչ: Քանի որ մեր տանը միշտ երգում էինք, նա ասում էր՝ արի նստի, քեզ այս երգն էլ պիտի սովորեցնեմ: Այսինքն՝ երբ մի տան մեջ ենք լինում, ուզած-չուզած սկսում է սովորեցնել ինչ-որ մի բան»,- պատմել է երգչուհին:

Մարինեն եւ Անգինեն նշել են, որ առաջիկայում էլ նորություններ են սպասվում իրենց կողմից: Դեռ նոր գործի վրա միասին չեն աշխատում, բայց առանձին զբաղվածություն ունեն իրենց ոլորտներում: Խոստացան այդ մասին նույնպես պատմել BRAVO.am-ի ընթերցողներին: Իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել Անգինեի նոր տեսահոլովակը եւ կարծիքներով կիսվել մեկնաբանություններում:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW