×


Փարիզից՝ Երեւան. Ժաննա Բլբուլյանը գալիս է իր գաղտնիքները բացահայտելու

Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ապրիլի 13-ին տեղի կունենա գրական-երաժշտական երեկո: Կներկայացվի Ֆրանսիայում բնակություն հաստատած դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանի «Գաղտնիքներիս արահետով» գիրքը, կհնչեն հեղինակի երաժշտական ստեղծագործությունները, ասմունք, ֆրանսիական երգեր կներկայացնի Բելգիայում բնակվող հեղինակ-կատարող Նառա Նոյանը։ Համերգն իր տեսակով յուրօրինակ է՝ այն ոչ միայն ֆրանսահայկական ելեւէջներով հարուստ է լինելու, այլեւ գեղեցիկ ընտանեկան միջավայրում է անցկացվելու. Ժաննա Բլբուլյանի շուրջ են լինելու նրա եղբայրը` Լեւոն Բլբուլյանը, դուստրը` Նառա Նոյանը, թոռները` Գաբին, Էլիոթը, եւ ընկերները։ Երեկոն կվարի Կարինե Ավագյանը։

«Գաղտնիքներիս արահետով»

Եթե ձեզ հետաքրքրում են Փարիզում ստեղծագործող արվեստագետի գաղտնիքները, ապա գրքի հետ կքայլեք նրա «գաղտնիքների արահետով», նաեւ «կշրջեք» սիրո քաղաքի փողոցներով եւ, իհարկե, «կսրճեք» «Սելեքթ» սրճարանում՝ Ժաննա Բլբուլյանի ուղեկցությամբ։

Ժաննա Բլբուլյանը


BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմում է, որ գիրք հրատարակելու նպատակ չի ունեցել, պարզապես ամեն օր գրի է առել իր հուշերը, անցկացրած օրը եւ արկածները։ Հետո միայն հարազատների եւ ընկերների հորդորով ձեռագրերը գրքի է վերածել։

Սա հեղինակի առաջին գիրքն է, այստեղ կգտնեք նրա խոհերը, մտորումները, հուշերը, նամակներն ու, իհարկե, մեղեդիների նոտաները։

Հիշարժան պահերով լեցուն նրա ստեղծագործական կյանքին զուգընթաց կկարդաք նաեւ փխրուն կնոջ անձնական կյանքից դրվագներ, կհուզվեք նրա կորցրած սիրո պատմությամբ։

Հազվադեպ անկեղծությամբ առանձնացող այս գրքում ոչ միայն կգտնեք հեղինակի հուշերը, այլեւ կճամփորդեք Երեւանից Փարիզ, որն այդչափ ոգեշնչել է դերասանուհուն։ «Ես միայն Փարիզում եմ գրում, այստեղի օդն ինձ ոգեշնչում եւ տրամադրում է»,-պատմում է գրողը։ Ասում է՝ այստեղ սիրելի վայրեր շատ ունի, բայց Մոնպարնասի շրջակայքն ամենասիրելիներից է, որտեղ էլ գտնվում է «Սելեքթ» սրճարանը, հենց այստեղ էլ նա թղթին է հանձնել իր հումորով համեմված պատմությունները, հենց նույն վայրում կատարված դեպքեր։

Տիկին Ժաննան գրքում հաճախ է պատմում իր ընտանիքի մասին, առանձնահատուկ ջերմությամբ եւ կարոտով խոսում ծնողների՝ Թամար եւ Ռաֆիկ Բլբուլյանների մասին. նրանց հիշատակին էլ նվիրել է գիրքը:

Ժաննա Բլբուլյանը, Նառա Նոյանը եւ Լեւոն Բլբուլյանը


Եղբոր՝ գրող, բանաստեղծ Լեւոն Բլբուլյանի հետ հարաբերությունները ոչ միայն արյունակցական են, նաեւ՝ ստեղծագործական. բազում երգերի խոսքերը հենց եղբայրն է գրել։

Երկար տարիներ հայաստանյան թատրոններում մեծ դերերով հանդես եկած դերասանուհին Փարիզ տեղափոխվելուց հետո է իր մեջ երգահանի տաղանդ հայտնաբերել, մշտապես երաժշտությամբ ապրող արվեստագետը երաժշտություն սկսել է գրել մի անծանոթ ֆրանսիացու հորդորով, ում հանդիպել է Ֆրանսիա առաջին այցի ժամանակ։ Այդ պատահական հանդիպումից հետո բազում երգեր են ծնվել, հնչել հայտնի երգիչների կատարմամբ։

Իսկ Ֆրանսիա այցելել էր դստերը` երգչուհի Նառա Նոյանին տեսնելու, ով մոր ուղին շարունակում է մինչ այսօր՝ հանդես գալով տարբեր երկրների բեմերում, մշտական կապի մեջ մնալով հայ հանդիսատեսի հետ։

Մեզ հետ զրույցում երաժիշտ-դերասանուհին ասաց, որ իրենք ոգեւորությամբ եւ հուզմունքով են պատրաստվում հայրենիքում հանդես գալուն եւ իր գրքի շնորհանդեսին։

Այն հարցին, թե ինչու է իր համար կարեւոր հայրենակիցների առջեւ ներկայանալը, նա պատասխանեց.«Երբ մի լավ բան էի անում, կամ որեւէ դեր պետք է խաղայի, անպայման ցանկանում էի, որ ծնողներս տեսնեն եւ հավանեն: Ինձ համար անչափ կարեւոր էր նրանց գնահատականը, նույնն էլ Հայաստանում իմ ստեղծագործությունները կամ գիրքս ներկայացնելն է»։

Ժաննա Բլբուլյանը


Ժ. Բլբուլյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, զուգահեռ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում՝ ստանալով կինոյի եւ թատրոնի դերասանի որակավորում։

Որպես դերասանուհի աշխատել է հեռուստատեսությունում, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում։ 1980-1994 թթ. եղել է Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջատար դերասանուհի։

1994 թ.-ից բնակվում եւ ստեղծագործում է Փարիզում։

Զրուցեց Էլլադա-Բարսեղյան Ղուկասյանը/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Ժաննա Բլբուլյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport