×


Լուսանկարը՝ Աղվան Ասոյանի

Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ն էկրանավորվում է. «Չէի ուզում սցենարը կարդալ, բայց ստեղծագործական խանդը հաղթեց»

Արձակագիր Հովիկ Աֆյանի սիրված ու տարբեր լեզուներով թարգմանված «Կարմիր» վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվում՝ «Երջանկահովտից հարյուր մետր հյուսիս» վերնագրով: Ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է: BRAVO.am-ը զրուցել է Աֆյանի հետ ու պարզել նրա կարծիքն աշխատանքի մասին:

- Հովիկ, «Կարմիր»-ի հաջողությունից հետո սպասո՞ւմ էիք, որ Հայաստանում կամ արտերկրում որեւէ մեկը կցանկանա այն էկրանավորել: 

- Սպասելիքներ, բայց այս դեպքում երեւի ավելի ճիշտ է՝ հույսեր, իհարկե, միշտ լինում են: Մանավանդ հաջողությունների մասին, մանավանդ՝ թաքուն: Ինձ հատկապես դուր եկավ, որ «Կարմիր»-ն էկրանավորելու առաջարկ եղավ ոչ թե արտերկրից, այլ այն երկրից, որի հողի գույնը պարտադիր եմ համարում այս ֆիլմի համար: Ուրախ եմ նաեւ, որ ռեժիսորին մինչ այս չէի ճանաչում: Այսինքն՝ ծանոթներիցս, ընկերներիցս, բարեկամներիցս մեկը չէ, որ զուտ իմ «թանկագին խաթեր համար» է անում այս գործը, այլ մարդն իսկապես կարդացել է գիրքը, նույնիսկ սիրել, այնքան, որ որոշել է իրենը դարձնել կամ մի բան էլ ինքն ասել:

- Ու երբ առաջարկ եղավ ֆիլմ նկարահանել, ի՞նչ մտքեր կամ ապրումներ ունեցաք՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ է Ձեր գրքի հիման վրա կինո լինելու: 

- Անկեղծ ասած՝ միշտ եմ ուզել, որ էկրանի այն կողմում մարդիկ տեսնեմ, որոնք ասում են այն, ինչ ես եմ գրել: Ընդ որում՝ երբեք չեմ ձգտել ինքս լինել էկրանի այն կողմում: Հասկանալի է, որ խոսքը հիմա շատ նորաձեւ դարձած քաղաքական տեքստերի մասին չէ: Երազանքներից մեկին հասած մարդու ապրում էր, երեւի, այդ պահին զգացածս... Չգիտեմ: Գիտեմ, որ երբ Պետրոս Հովհաննիսյանը զանգեց ու ասաց, որ ուզում է «Կարմիր»-ը ֆիլմ դարձնել, ու այդ առիթով պետք է հանդիպենք՝ ավելի մանրամասն խոսելու, այդ հանդիպմանը գնալու համար մի երեք ժամ շուտ էի դուրս եկել. ուզում էի մենակ մնալ, ինչպես միշտ եմ ուզում, երբ մի շատ կարեւոր բան կարողանում եմ: 

Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպը


- Իսկ մտահոգություններ կամ անհանգստություններ էլ ունեցա՞ք, քանի որ հեղինակների համար շատ կարեւոր է, որ իրենց գործի ամբողջականությունն ու գեղարվեստականությունը չխախտվի: 

- Պետրոսի հետ զրույցից հետո անհետացան այդ մտահոգություններն ու անհանգստությունները: Հենց զգացի, ոչ թե հասկացա, որ նա սիրել է այս պատմությունը, արդեն իսկ իրենն է համարում: Դա ինձ համար ամենակարեւորն է: Դու չես կարող պատմել մի բան, որը քոնը չէ, եւ երեւի դրա համար աշխարհում բացարձակ սուտ գոյություն չունի, ինչպես եւ ճշմարտություն: Գործի ամբողջականության եւ գեղարվեստականության հետ կապված՝ գիտե՞ք, չգիտեմ՝ կզարմանաք, թե ոչ, բայց ինձ ավելի շատ ուրիշ բան է հետաքրքրում, թե ինչպես մեկ այլ ստեղծագործող կհպվի քո ստեղծագործությանը՝ փորձելով իր գույները հաղորդել նրան: Ես գիտեմ, ավելի ճիշտ՝ մեծ հույս ունեմ, որ երբ «Կարմիր»-ն արդեն ֆիլմ կլինի, ու ինձ կհրավիրեն կինոթատրոն՝ պրեմիերային, ինչը, հուսով եմ, այդպես էլ կլինի, էկրանին կտեսնեմ ոչ թե, կամ ոչ այնքան իմ «Կարմիրը», այլ ռեժիսորի, սցենարիստի, օպերատորի, դերասանի... գույնը: Գույն, որի պատճառն իմ «Կարմիրն» է: Պատահական չէ, որ չեմ ուզել մասնակցել սցենարը գրելու գործընթացին:

- Ինչո՞ւ. չե՞ք ցանկացել նորից վերադառնալ այդ գործին: 

- Որովհետեւ «Կարմիրը», ինչպես նաեւ իմ բոլոր՝ արդեն տպագրված գրքերը, ինձ համար այլեւս ավարտված պատմություն են: Ես դա ապրել եմ, նորից չեմ ուզում: Մանավանդ որ ցանկացած ստեղծագործության ակունքում հոսող ջրերն ամենեւին էլ մաքուր չեն ու խաղաղ չեն: Գիրք գրել-ավարտելն ինձ համար այդ կեղտոտ ու փոթորկուն ջրերից ազատվելու փորձ է: Հիմա դուրս եմ եկել այդ փոթորկից, ինչո՞ւ նորից մտնեմ... Բայց ամենախնդալուն այն է, որ այդ ջրերից փրկություն չկա, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ մի բան ստեղծում ես:

- Որպես հեղինակ՝ մասնակցություն ունե՞ք աշխատանքներին՝ կարդալ սցենարը, ներկա լինել նկարահանումներին, կերպարների ընտրության կամ վայրերի վերաբերյալ առաջարկներ անել: Օրինակ՝ Ջոան Ռոլինգն ակտիվորեն ներգրավված է եղել եւ մասնակցել է «Հարրի Փոթեր»-ի բոլոր նկարահանումներին: 

- Դե, փոթերյան աշխարհը մեր աշխարհի հետ կապ չունի, երեւի այդ պատճառով է լեդի Ջոանը պնդել, որ տեսնի՝ բոլոր քարերը ճի՞շտ են դնում: «Կարմիր»-ում աշխարհը մեզ ծանոթ է, նույնիսկ մեր աշխարհն է, ես էլ առանձնապես պատշար չեմ: Սցենարն, իհարկե, ուղարկել են, եւ անշուշտ կարդացել եմ: Սկզբում չէի ուզում, որ անակնկալի գայի, սակայն հետո ստեղծագործական խանդը հաղթեց: Ինձ դուր է եկել: Այսպես ասեմ՝ ինձ ավելի շատ է դուր եկել, քան ռեժիսորին, ով դեռ ուզում է ինչ-որ բաներ փոխել հատկապես երկխոսությունների մեջ, ու ես լիովին համաձայն եմ, մանավանդ, որ այդ դիալոգների մեծ մասը ես չեմ գրել: Հա, Պետրոսն ինձ խոստացել է, ես եմ խնդրել, որ գոնե մեկ օր ներկա լինեմ նկարահանումերին, ընդ որում, ոչ թե ակտիվորեն, այլ հեռվում մի տեղ նստած, սուրճ խմելով, ուղղակի հետեւելով, թե ինչ են անում, թե այսքան մարդ, որ հավաքվել են այստեղ, ինչու են հավաքվել: Միայն սցենա՞րն են կարդացել, իրենց դերի հատվածնե՞րը, թե՞... առհասարակ, կարդում են:

- Հիմա, երբ արդեն որոշակի հստակություն կա ֆիլմի հետ կապված, ի՞նչն է Ձեր սրտով, ու ինչո՞ւ էր պետք «Կարմիրը» ֆիլմ դարձնել: 

- Իմ սրտով է արդեն այն, որ իմ գրած տեքստը լսելու եմ, տեսնելու եմ, գուցե նույնիսկ զգալու եմ՝ էկրանի այս կողմից: Իսկ թե ինչու էր պետք «Կարմիրը» ֆիլմ դարձնել, ռեժիսորն ավելի լավ կիմանա: Գուցե որպեսզի ես հասնեմ իմ երազանքներից մեկին, կամ գուցե որովհետեւ «Կարմիրը» պատմություն է մարդկանց մասին, որոնց կռիվը երբեք չի ավարտվում, եւ որովհետեւ գժվելու ժամանակներ են:

Լուսանկարը՝ Մխիթար Մանուկյանի


- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում անվան փոփոխությանը՝ «Կարմիր»-ից «Երջանկահովտից հարյուր մետր հյուսիս»:

- Նորմալ։ Գերմանացիներն էլ «Կարմիրը» թարգմանելիս վերնագիրը փոխեցին։ Կարծում եմ` ֆիլմն արդեն իմ ստեղծագործությունը չէ, ու յուրաքանչյուր ստեղծագործող պիտի ինքը զգա իր գործն ու նրա անունը:

- Սպասո՞ւմ եք ֆիլմին, թե մի քիչ անսովոր կլինի Ձեր ստեղծած աշխարհը տեսնել մեկ ուրիշի մեկնաբանությամբ: 

- Ես ընդամենն աչքերս լայն բացած ապրում եմ այս աշխարհում: Գուցե այն, ինչ տեսնում եմ, իմ աշխարհն է: Եթե այդպես է, ապա սպասում եմ ֆիլմին, որ տեսնեմ շատ տաղանդավոր մարդկանց աշխարհները: Այն մարդկանց, որոնք լինելու են «Կարմիր»-ի նկարահանումների հրապարակում:

- Ու որքանո՞վ են նման նախաձեռնությունները ոգեւորում ու անհրաժեշտ ժամանակակից գրողներին:

- Ես կարծում եմ, չէ, ես համոզված եմ, որ ժամանակակից գրողը, մանավանդ՝ հայ, արժանի է իր ողջ լինելու, այսինքն՝ չսիրված լինելու ընթացքում, գոնե մեկ անգամ գեղեցիկ, մեկօրյա կոստյում առնել ու քայլել կարմիր գորգի վրայով: 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW