Երեւանի ամանորյա զարդարանքի մասին BRAVO.am-ը արդեն պատմել է, հերթը Ֆրանսիայի մայրաքաղաքինն է:): Փարիզի բնակիչների եւ հյուրերի համար տոնական տրամադրությունը ստեղծվում է հենց քաղաքի լույսերով եւ զարդարանքներով դեռեւս նոյեմբերի կեսերից։ Սիրո քաղաքը սկսում է պաշտոնապես պճնվել Շանզ-Էլիզե պողոտայի լուսավորությամբ։
Փարիզն ամանորյա լույսերով
Աշխարհի ամենահայտնի պողոտան այս տարի հանդիսավոր կերպով տոնական լույսերով ողողվեց Փարիզի քաղաքապետի եւ դերասանուհի Դիանա Կրյուգերի կողմից։ Չնայած, որ այստեղ զարդարանքներն ամեն տարի չէ, որ փոխվում են, շատերը դրանց անհամբերությամբ են սպասում։ Ֆրանսիացիներից ոմանք էլ բողոքում են` ասելով, թե տոնական այս պատրաստությունները շատ թանկ են եւ չարժե այդքան գումար վատնել։
Փարիզն ամանորյա լույսերով
Կառավարությունն էլ այս տարի փորձել է գումար խնայել եւ այս անգամ տեղադրվել են քիչ էլեկտրոէներգիա խլող լույսեր։ Չնայած այդ ջանքերին` ամանորյա հրաշքը ստեղծելու համար ծախսվել է 1միլիոն եվրո։ Ելիսեյան դաշտերի 200 ծառերը գունավոր լույսերով եւ լուսային օղակներով են զարդարված։ Լույսերը սփռված են Կոնկորդ հրապարակից մինչեւ հանրահայտ Հաղթանակի կամար։
Փարիզի ամանորյա տեսքն ապահովում են նաեւ խանութների զարդարանքները
Այստեղ մեծ աշխուժություն է ապահովում նաեւ Սուրբ Ծննդյան շուկան, որը տոնական տրամադրություն է ստեղծում ինչպես Ֆրանսիայի ամենամեծ պողոտայում եւ մայրաքաղաքի այլ անկյուններում, այլեւ այլ մի շարք քաղաքներում։ Տարվա այս շրջանի համար հատուկ պատրաստվում են միանման տնակներ, որտեղ վաճառվում են տարբեր ապրանքներ։
"Printemps" առեւտրի կենտրոնի` "Louis Vuitton"-ի կողմից ձեւավորված ցուցափեղկերից
Բացի քաղաքապետարանի պաշտոնական զարդարանքներից, Փարիզն իր տոնական շունչը ստանում է նաեւ խանութների գեղեցիկ ցուցափեղկերից։ Որոշ փողոցների լուսավորության համար էլ վճարում են հենց առեւտրի կենտրոնները։ Իսկ էներգիայի խնայողության համար մայրաքաղաքի լուսավորումը դադարում է կեսգիշերին մոտ։
Տեքստը եւ լուսանկարները` Էլլադա Ղուկասյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: