Փարիզի Բարձրագույն նորաձեւության շաբաթը հերթական անգամ իր վրա էր սեւեռել նորաձեւության բոլոր սիրահարների ուշադրությունը: «Haute couture» գաղափարը, որը բառացի թարգմանվում է որպես «կարելու բարձր արվեստ», սկիզբ է առել դեռ 1973թ.-ին, իսկ փարիզյան նորաձեւության շաբաթը ամենահեղինակավոր եւ սպասված իրադարձությունն է:
Միջոցառման շրջանակում իրենց հավաքածուները ներկայացրին նորաձեւության այնպիսի տներ, ինչպիսիք են՝ Christian Dior-ը, Ralph & Russo-ն, Chanel-ը, Ulyana Sergeenko-ն, Giorgio Armani Prive-ն, Alexandre Vauthier-ը, Givenchy-ն, Elie Saab-ը, Jean-Paul Gaultier-ն, Viktor & Rolf-ը, Zuhair Murad-ը, Valentino-ն եւ այլն:
Valentino-ի հավաքածուից
Հյուրերի շարքում էին այնպիսի հանրաճանաչ դիզայներներ, ինչպիսիք են՝ Նատալյա Վոդյանովան, Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը, Կարոլին դե Մեգրեն, Մոնիկա Բելուչին, Էմիլի Բրանտը, Ուիլոու Սիթը, Վինի Հարլոուն եւ ուրիշներ:
Ինչ խոսք, նկարագրել փարիզյան նորաձեւության շաբաթն իր ամբողջ հմայքով եւ ցուցադրված բոլոր հավաքածուները մեկ հոդվածում դժվար թե հաջողվի, այդ իսկ պատճառով հակիրճ կներկայացնենք ամենակարեւոր տպավորությունները:
Առաջին հերթին փորձենք տրամադրել որոշակի ճանաչողական տեղեկատվություն.
1. «Haute couture»-ը ներկայում գոյություն ունեցող ամենաբարձր կարգավիճակն է, որը կարող է շնորհվել նորաձեւության տանը: Այն իր մեջ ներառում է մի շարք կանոնների հաջորդականություն, որը ներդրվել է դեռ 1868թ.-ին` Փարիզի նորաձեւության բարձրագույն պալատի կողմից, եւ մինչ այսօր դրանց պահպանմանը խստագույնս հետեւում են նորաձեւության տները: «Haute couture» կարող է համարվել ամբողջ աշխարհում շուրջ 30 նորաձեւության տուն:
2. «Haute couture»-ի զգեստները ձեռագործ են, մեկ օրինակից եւ կոնկրետ մոդելով: Այդ յուրահատուկ զգեստների լույս աշխարհ գալու համար կարող է պահանջվել մինչեւ 300 ժամ, իսկ այդ հաճույքի արժեքը կազմում է տասը հազարից մինչեւ հարյուր հազարավոր եվրոներ:
3. Չնայած՝ «Haute couture»-ի գնորդները հանդիսանում են մոտ երկու հազարից ավելի կանայք ամբողջ աշխարհից, միեւնույն է՝ այդ հավաքածուները շատ դեպքերում եկամտաբեր չեն տվյալ ապրանքանիշի համար: Այնուամենայնիվ, նորաձեւության տները շարունակում են արարել՝ ստեղծելով նորանոր նմուշներ, եւ ծախսել մեծ գումարներ ամենահարուստ երկրներում ցուցադրություններին մասնակցելու համար, քանի որ դա բացառապես ուղղված է նրանց հեղինակության բարձրացմանը:
Երեք ցուցադրություն
Նորաձեւության ցուցադրությունները վաղուց կորցրել են իրենց նախկին իմաստը՝ դառնալով իսկական շոու` կերպարներով, դեկորացիաներով եւ հանդիսատեսով: Ընտրել ենք 3 շոու, որոնք առավել տպավորիչ էին.
1. Chanel
Բրենդի ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆիլդը, ինչպես միշտ, չթողեց ներկաներին ձանձրանալ: Այս անգամ նա հրավիրել էր հյուրերին Palais Royal, որտեղ վերստեղծել էր շատրվաններով ֆրանսիական դասական ամառային այգու մթնոլորտը: Ինձ հետաքրքրել է գարնանային այգին ձմեռային Փարիզում: Այս հավաքածուն կարելի է բաժանել երկու մասի, առաջինը` դասական խիստ Chanel-ի ոճով բրդյա (տվիդ) կոստյումներ՝ նույն գույնի կոշիկների հետ, բաց վարդագույն երանգներով, ինչպես նաեւ փղոսկրի գույնի, իսկ երկրորդը՝ երեկոյան նրբագեղ զգեստներ պաստելային գույներով` ժաբոների, վալանների եւ ծոպերի առատությամբ: Ցուցադրությունն ավարտվել է սմոքինգի (Tuxedo) նման հարսանյաց զգեստների ներկայացմամբ:
2. Dior
Կուտյուրային շաբաթվա ընթացքում ամենավառը, անկասկած, Christian Dior նորաձեւության տան ցուցադրումներն էին Ռոդենի թանգարանում: Մարիա Գրացիան թանգարանի դահլիճներից մեկը վերածել էր շախմատի խաղատախտակի, որտեղ խաղաքարերը մոդելներն էին, իսկ հյուրերը նստել էին սեւուսպիտակ աթոռներին: Ամեն ինչ դասական սեւ եւ սպիտակ գույների մեջ էր` սյուրռեալիստական մոտիվներով. ջահերը` թռչնի վանդակի տեսքով, կախված գիպսե մարմնամասեր, ավանգարդային դիմակներ: Կարծում եմ` Դալին կգնահատեր այս ամենը: Դիզայների ոգեշնչման հիմնական աղբյուր են հանդիսացել ավանգարդիստ նկարչուհի Լեոնոր Ֆինիի աշխատանքները: Նա վերցրել է Dior-ի դասական զգեստների մոդելները եւ դրանք մեկնաբանել սյուրռեալիստական դիմակահանդեսի ներքո:
3. Elie Saab
Առաջինը, ինչ գալիս է մտքիդ, երբ լսում ես` «Elie Saab», կանացիությունն է, շքեղությունը եւ փայլը: Ահա այսպես համառոտ կարելի է նկարագրել այս ապրանքանիշը: Այս անգամ լիբանանցի դիզայներ Էլի Սաաբըը վերադարձրել է մեզ փոթորկահույզ կամ, ինչպես ասում են, Փարիզի «մռնչացող քսանականները»` ջազի եւ ար-դեկոյի ծաղկման ժամանակաշրջան: Ցուցադրության մոդելները հիշեցնում էին այդ ժամանակաշրջանի պարուհիներին, եւ առաջինը, որ գալիս է մտքիդ հավաքածուն դիտելուց հետո, Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի»-ի խնջույքներն են: Ուլունքների, փետուրների առատություն. ամեն ինչ փայլում է եւ լույս արձակում, բայց միեւնույն ժամանակ, դիզայներն անընդհատ շեշտում է հիմնականը` կանացիությունը:
Փարիզի Բարձրագույն նորաձեւության շաբաթվա շրջանակում ներկայացված հավաքածուներում կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղվածություն` 1. փետուրներ եւ ծոպեր, 2. վարդագույն եւ կարմիր գույներ, 3. վալաններ, ծոպեր, բոլորածալեր:
Տեքստը՝ Ռուզաննա Մարտիրոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ vogue.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: