×


Փարիզի Սուրբ Ծննդյան «մեղրածոր» զարդարանքները

Սուրբ Ծննդյան տոնը Ֆրանսիայում նշվում է դեկտեմբերի 24-ի երեկոյան եւ 25-ին, բայց տոնին պատրաստվում են երկար, իսկ տոնական տրամադրությունը սկսվում է դեռ նոյեմբերի վերջից։ Փարիզեցիներն ու մայրաքաղաքի հյուրերը գիտեն, որ այս շրջանում ամեն տարի զարմանահրաշ միջոցառումներ են սպասվում։ Երեխաների հետ մեծահասակները եւս անհամբերությամբ են սպասում ամենագեղեցիկ տոնածառերի եւ ցուցափեղկերի զարդարանքներին, փողոցներն էլ ամբողջությամբ ողողվում են լույսերով։ BRAVO.am-ն ամեն տարի իր ընթերցողներին մասնակից է դարձնում փարիզյան Ամանորի հեքիաթին՝ ներկայացնելով ամենահետաքրքիր զարդարանքների լուսանկարները։


Այցելել ենք Փարիզի բրենդային խանութների ճանաչված կենտրոն՝ «Galerie Lafayette», որտեղ էլ գտնվում է ամենանորաձեւ տոնածառերից մեկը։ Ամեն տարի մի խումբ արտիստների կողմից այն զարդարվում եւ դառնում է արվեստի գործ, տարբեր երկրներից այստեղ են գալիս՝ հատուկ տոնածառը տեսնելու։ Այս տարի այն ծաղկային է եւ մեղրածոր. ձմեռային ծաղիկների շուրջ են պտտվում հազարավոր մեղուներ, իսկ գագաթին մեղուների թագուհին է։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ սկսվում է մեղուների պարը, կենտրոնի հսկայական գմբեթից լույսեր են «թափվում» տոնածառի երկայնքով, իսկ թագուհին թափահարում է թեւերը։


Մեղվային թեման շարունակվում է նաեւ դրսում. կենտրոնի ցուցափեղկերում կրկին մեղուների բզզոցն է։ Տոնական հանդերձանքով այս կենսատու միջատներն անիմացիայի միջոցով տարբեր կերպարների են վերածվել, բայց չեն մոռացել իրենց աշխատասիրության մասին եւ անընդհատ շարժվում են։ Սա յուրահատուկ մոտեցում է պատվելու մեղուներին, որոնց կյանքը վտանգված է երկրագնդի վրա։


Մեղվային ոսկեգույնի եւ սեւի կողքին «Printemps» խանութների ցանցի թատերական ցուցափեղկերն են. այստեղ բրենդային հագուստներով մտացածին կերպարներ են, իսկ կենդանիները սուրճ եւ կաթսաներ են գովազդում։


Փարիզի ամենամեծ եւ ամենահայտնի պողոտան՝ Ելիսեյան դաշտերը (Champs-Elysées), եւս ամեն տարի մեծ հանդիսավորությամբ է զարդարվում, հատուկ արարողությամբ ճանաչված որեւէ արտիստ սեղմում է կոճակը, եւ լուսավորվում են ամբողջ պողոտայի երկայնքով տեղակայված ծառերը: Այս տարի ծառերը կարմիր «զգեստներ» են հագել։ Բնապահպանության եւ խնայողության համար՝ այստեղ նույն լուսավորությունը կրկնվում է 3 կամ 5 տարի։

Տեքստը եւ լուսանկարները՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport