×


“Քաղցր” նյութ BRAVO.am-ում:). Ամանորյա տորթեր Ֆլորա Աղաբաբյանից

BRAVO.am-ը վերջերս է ներկայացրել Լաս Վեգասում բնակվող մեր “քաղցր” հայրենակցուհու պատրաստած տորթերը, որոնք Միացյալ Նահանգներում տարբեր մրցանակների են արժանանում:): Այսօր` դեկտեմբերի 31-ին, տոնական մթնոլորտն ավելի հետաքրքրացնելու համար ներկայացնում ենք Ֆլորա Աղաբաբյանի ամանորյա տորթերի շարքը:

Ինչպես պատմել է հայ հրուշակագործը, ամերիկյան տոնական սեղաններին դրվում են ոչ միայն Ձմեռ պապ ու ձնեմարդ, այլեւ մարմնի ոսկորներից մինչեւ Բենթլի մակնիշի ավտոմեքենա հիշեցնող տորթեր:):

“Դեկտեմբերը մեզ համար բազմատեսակ թխվածքների, շաքարից ու շոկոլադից պատրաստված նախշերի ամիս է”. Ֆլորա Աղաբաբյան


Տորթերի գունեղ զարդարանքները պատրաստելիս Ֆլորան օգտագործում է շոկոլադ, գունավորված կակաոի յուղ, շաքարի խմոր. “Իհարկե, քաղցր շատ ուտելը վնասակար է, բայց միեւնույն է` մարդիկ հաճույքով այդպես են վարվում:)”:

Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած տորթերից


Ամերիկացիները, հրուշակագործի խոսքով, Սուրբ Ծնունդը հիմնականում անց են կացնում մեծ սրահներում՝ հարազատների, ընկերների հետ. “Շատ մեծ տորթերը հիմնականում պատվիրում են այն ֆիրմաներն ու ընկերությունները, որոնք ամանորյա տոնական խնջույքներ են կազմակերպում”:

Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած տորթերից


“Այս տարին առանձնահատուկ էր անսպասելի հարսանիքների, հատուկ առիթների համար պատվերներով հենց տոնական օրերին: Սովորաբար, դեկտեմբերը մեզ համար բազմատեսակ թխվածքների, շաքարից ու շոկոլադից պատրաստված նախշերի ամիս է. տորթերի շատ պատվերներ չենք ունենում, փոխարենը հազարավոր նախշերի պակաս չի լինում”,-նշել է Ֆլորա Աղաբաբյանը:

Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած տորթերից


Նրանց ընտանիքը փորձում է հայաստանյան սովորույթները չմոռանալ` աշխատանքից հետո անպայման տանը դիմավորել տոնը.“Ինչքան էլ զբաղված լինեմ, փորձում ենք միասին անցկացնել տոնական բոլոր օրերը: Իհարկե, չենք հասցնում այլ հայերի նման առատ սեղաններ պատրաստել, բայց շատ ուտեստներ մեր սեղանին տեղ են գտնում”:

“Միացյալ Նահանգներում տոնական սեղաններին դրվում են նաեւ մարմնի ոսկորներից մինչեւ Բենթլի մակնիշի ավտոմեքենա հիշեցնող տորթեր”. Ֆլորա Աղաբաբյան


Հատուկ բաղադրատոմս Ֆլորա Աղաբաբյանից:)

Տորթերի դիզայները, շեղվելով “քաղցր” թեմայից, BRAVO.am-ին տրամադրել է իր նախընտրած աղցանի բաղադրատոմսը, որը եւ խորհուրդ է տալիս պատրաստել: Եվ այսպես, մեկ բաժնի համար հարկավոր է հետեւյալը. “200 գրամ սմբուկ, 200 գրամ մանր կտրատած եւ բուսայուղի մեջ տապակած սունկ, 100 գրամ թել-թել արած հավի խաշած կրծքամիս, 100 գրամ սեւ ձիթապտուղ, 200 գրամ նռան հատիկներ, 200 գրամ կտրատած ընկույզ եւ մաղադանոս: Այս ամենը միասին խառնել, ավելացնել աղ, սեւ պղպեղ եւ թթվասեր՝ ըստ ճաշակի: Բարի ախորժակ եւ շնորհավոր գալիք Ամանոր:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ֆլորա Աղաբաբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW