×


Քարդաշյանները, Շերը, Ստալոնեն եւ այլ հայտնիներ՝ Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերային

Ռեալիթի շոուի աստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, երգչուհի-դերասանուհի Շերը, Սերժ Թանգյանը, Օրլանդո Բլումը, Քրիստիան Բեյլը, Սիլվեստր Ստալոնեն եւ այլ հայտնիներ երեկ մասնակցել են «Խոստում» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային: Այս իրադարձությունը հայտնվել է արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Քորթնի, Քիմ Քարդաշյանները եւ Շերը


2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է, որի գործողությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի բժշկություն ուսումնասիրելու համար Կոստանդնուպոլիս մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի եւ ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջեւ:

«Խոստումը» նկարահանվել է ամերիկահայ գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը ֆիլմի համար ընտրել է տաղանդավոր եւ հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեք, Շառլոտ Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել եւ ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանգյանը։

Քրիստիան Բեյլը` կնոջ հետ


Ֆիլմի ցուցադրությունից հետո Քիմ Քարդաշյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է` «Անչափ հպարտ եմ #ThePromise ֆիլմի համար: Խնդրում եմ, բոլորդ գնացեք ու դիտեք այն եւ, վերջիվերջո, լսեք հայ ժողովրդի պատմությունը»:

Շերն իր հերթին օրեր առաջ տեսագրություն է հրապարակել, որում ասել է.«Հիտլերն ասում էր` եթե նրանք չեն հիշում հայերին, չեն հիշի նաեւ հրեաներին: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այլ մարդկանց հետ եւս: Երդվում եմ պահել խոստումս»:

Ավելի վաղ` հոկտեմբերին, ֆիլմը դիտելուց անմիջապես հետո երգչուհին կիսվել էր տպավորություններով.««Խոստումն» իրական պատմություն է այն մասին, թե ինչպես են թուրքերը կոտորել 1.5 միլիոն հայերի՝ 1915-ին: Էրդողան փաշա… Այլեւս երբեք»:

Շառլոտ Լե Բոնը


Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավ, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, թենիսի ամերիկահայ լեգենդ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը, Օուեն Ուիլսոնը եւ այլք:

«Խոստումը» կինոթատրոններում կցուցադրվի ապրիլի 21-ից: Ֆիլմի ողջ հասույթը տրամադրվելու է շահույթ չհետապնդող այն կազմակերպություններին, որոնց նպատակն է տարածել հայկական մշակույթը: Հասույթից միջոցներ են հատկացվելու նաեւ Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին:

Պատրաստեց Մարիամ Մանոյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Daily Mail, People

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW