Շատ հայտնիներ, հաջողության հասնելով իրենց գործունեության ոլորտում, սկսում են մտածել ավելի գլոբալ հարցերի շուրջ՝ տնտեսական խնդիրներ եւ այլն: Այդ ժամանակ հավակնոտ աստղերը, ակնկալելով երկրպագուների աջակցությունը, հայտարարում են, որ պատրաստվում են մտնել քաղաքականություն: Այս օրերին ՌԴ նախագահ դառնալու իր հավակնությունների մասին հայտնեց լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը: Այս առիթով Elle-ը հիշել է այն աստղերին, որոնք տարբեր ժամանակներում հայտարարել են պետության ղեկավար դառնալու իրենց ցանկության մասին:
Քսենյա Սոբչակ
Նախորդ շաբաթ ողջ Ռուսաստանը քննարկում էր ՌԴ նախագահության համար Քսենյա Սոբչակի առաջադրման մասին լուրերը: Լրագրողը, որն անցել է «Дом-2» եւ «IT-girl» նախագծերի հաղորդավարուհուց մինչեւ հասարակական գործչի ճանապարհը, մտադիր է ավելի առաջ շարժվել ու դառնալ Ռուսաստանի առաջին կին նախագահը: Իր այս որոշման մասին Քսենյան հայտնել է բաց նամակի միջոցով: Չնայած հանգամանքին, որ շատերը Սոբչակի առաջադրումը լուրջ չեն ընդունում, նա հայտարարել է, որ իրեն դժվար չի լինի հավաքել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ 300 000 ստորագրությունները:
Դոնալդ Թրամփը եւ Քանյե Ուեսթը
Քանյե Ուեսթ
«VMA»-ի արարողության ժամանակ Քանյե Ուեսթը պատմեց 2020 թվականին նախագահ դառնալու իր ծրագրերի մասին: Երբ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ, ռեփերը լռեց իր հավակնությունների մասին, բայց հետո կրկին վերադարձավ այդ գաղափարին: «Երբ ես ասում եմ, որ ցանկանում եմ դառնալ նախագահ, ապա ինձ ավելի շատ անհանգստացնում է ոչ թե հարցի քաղաքական կողմը, այլ մարդկության, ժողովրդի եւ արդարության խնդիրները»,-խոստովանել էր երաժիշտը BBC ռադիոկայանի հետ զրույցում:
Քեթի Փերի
Քեթի Փերին շատ ակտիվ մասնակցում էր Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո երգչուհին կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ դեռ ամեն ինչ կորած չէ դեմոկրատների համար, եւ որ ինքը միանշանակ կարող է դառնալ ԱՄՆ 46-րդ նախագահը:
Լինդսի Լոհան
Նախագահ Թրամփի ընտրվելուց հետո Լինդսի Լոհանն իր ինստագրամյան հետեւորդներին հայտնեց, որ մրցակցության մեջ է մտնելու Քանյե Ուեսթի հետ: «2020 թվականին ես կարող եմ առաջադրվել նախագահի թեկնածուի համար: Եկեք անենք դա` հաղթահարելով վերելքներն ու վայրէջքները»,- խանդավառությամբ գրել էր հայտնի դերասանուհին:
Բեն Աֆլեք
«The New York Times»-ի հետ զրույցում դերասանը կատակել էր, որ դեմ չէ մասնակցել նախագահական ընտրություններին: «Քաղաքացիներին ծառայելու մեջ ինչ-որ ազնիվ բան կա»,-պատասխանել էր Աֆլեքը քաղաքական կարիերայի մասին լրագրողի հարցին:
Մարկ Ցուկերբերգ
Ամերիկացի ծրագրավորող, «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2017 թվականի սկզբին սոցիալական ցանցի իր էջում գրել էր իր պլանների մասին. «Իմ նպատակն է մինչեւ տարվա վերջ ծանոթանալ ԱՄՆ-ի բոլոր անկյուններում ապրող մարդկանց հետ: Ես շատ ժամանակ եմ անցկացրել մի շարք նահանգներում, այնպես որ, այս տարի ինձ անհրաժեշտ կլինի այցելել եւս 30 նահանգ՝ երկրի ողջ տարածքում լինելու համար»: Այդ ժամանակ լուրեր տարածվեցին, որ Ցուկերբերգը լրջորեն որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններին: Բայց ավելի ուշ ծրագրավորողը փորձեց հերքել այդ լուրերը՝ ասելով, որ ինքը պարզապես զբաղվում է «Facebook»-ի առաջխաղացմամբ:
Դուեյն «Ժայռ» Ջոնսոն
Հուլիսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովը 2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար գրանցել է Դուեյն «Ժայռ» Ջոնսոնին: «Ինձ շատ է անհանգստացնում մեր երկրի ապագան: Եվ ինձ շատ է ոգեւորում այն միտքը, որ մի գեղեցիկ օր ես կարող եմ դառնալ նախագահ եւ դրական ազդեցություն թողնել քաղաքականության վրա, զբաղվել գլոբալ փոփոխություններով»,- ասել էր դերասանը:
Օփրա Ուինֆրի
Այս տարվա գարնանը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հայտնել էր, որ իր թեկնածությունն առաջադրելու է գալիք նախագահական ընտրություններում: «Նախկինում ես երբեք չէի ծրագրել զբաղվել քաղաքականությամբ, բայց հիմա մտածում եմ այդ մասին»,- հայտարարել էր Ուինֆրին Թրամփի հաղթանակից հետո: Հայտնի հաղորդավարուհին Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներից է եւ նախկինում իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, իսկ վերջին նախընտրական քարոզարշավի ժամանակ աջակցում էր Հիլարի Քլինթոնին:
Հ.Գ. Գուցե հայ հայտնինե՞րն էլ սկսեն մտածել երկրի ղեկավար դառնալու մասին... :)
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Elle
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: