«Absolute» բենդի մեներգչուհի Քրիստինա Մանգասարյանն այժմ մասնակցում է Հանրայինի «Դեպի Եվրատեսիլ» հեռուստանախագծին։ Նա BRAVO.am-ին հայտնել է, որ ամուսինը՝ բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանն է իրեն ոգեւորել ու դրդել մասնակցել նախընտրական մրցույթին.«Ես կասկածում էի, մի տեսակ տրամադրված չէի, բայց ամուսնուս կարծիքը ճիշտ համարեցի, որ կարելի է ուղղակի մասնակցել՝ ասպարեզում կրկին երեւալու համար։ Նաեւ նրա շնորհիվ էր, որ «Հայաստանի ձայն 2»-ում պայքարեցի մինչեւ եզրափակիչ. այն ժամանակ դեռ ամուսնացած չէինք»։
Քրիստինա Մանգասարյանը
Ֆանկ, փոփ, բլյուզ ոճերում երգող Քրիստինան արդեն իսկ հայտնվել է եվրատեսիլյան բեմում՝ որպես Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ: Նշում է՝ նախընտրական այս փուլում մրցակցությունն իսկապես մեծ է, ունի նաեւ ֆավորիտներ.«Արծվիկը, որի հետ երգել եմ «Հայաստանի ձայն»-ի եզրափակչում, Ուկրաինայից Հասմիկ Շիրոյանը, Սյուզի Մելքոնյանը, Մարտա Կիրակոսյանն այն երգչուհիներն են, որոնց ձայնն ու արտիստիզմն ինձ դուր է գալիս։ Ժյուրին նորմալ գնահատում է, բայց մի քիչ էլ բախտի բան է, որովհետեւ տարբեր ճաշակի մարդիկ են, հնարավոր է՝ անձի փոփոխությունից այլ արդյունքներ լինեն»։
Քրիստինա Մանգասարյանը
Քրիստինան մասնագիտությամբ ատամնաբույժ է, այժմ համատեղում է բժշկի եւ վոկալիստի աշխատանքը՝ միաժամանակ խնամելով 2-ամյա որդուն՝ Վիկտորին։ Շուտով կներկայացնի նոր՝ «Love in Silence» երգի տեսահոլովակը.«Երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերը գրել ենք ես եւ մոտ ընկերս՝ Ռաֆայել Մնացականյանը։ Ի դեպ, փոփոխվել է մեր խմբի կազմը. ինձ ու Գեւորգին միացել են նոր երաժիշտներ, եւ հիմա նոր երգացանկով ենք ելույթ ունենում»։
BRAVO.am
Լուսանկարները` Քրիստինա Մանգասարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: