×


“Օդնոկլասնիկի”-ն այլեւս հասանելի է հայերեն լեզվով

“Օդնոկլասնիկի”-ի օգտատեր Հայաստանի բնակիչներ, շնորհավոր:): Mail.RuGroup-ի նախագիծ հանդիսացող սոցիալական այս ցանցն այլեւս հասանելի է նաեւ մայրենի լեզվով:): Արդեն իսկ հայերեն է թարգմանվել կայքի շարժական տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաեւ հիմնական կայքը: 

“Օդնոկլասնիկի”-ն այլեւս հասանելի է հայերեն լեզվով


Այս մասին այսօր “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցած մամուլիս ասուլիսի ժամանակ հայտնել է Mail.RuGroup-ի “Սոցիալական կայքեր” բիզնես ստորաբաժանման մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:

Նա պատմել է, թե ինչպես է “ապրում” Հայաստանում “Օդնոկլասնիկի”-ն, ինչեր են սպասվում առաջիկայում, խոսել է գլխավոր մրցակցի մասին, պատասխանել լրագրողների հարցերին, ինչպես նաեւ լսել հանդիպմանը ներկա հայերից մի քանիսի պատմություններն այն մասին, թե ինչպես են կոտրվել վերջիններիս էջերը եւ ինչ ջանքեր են գործադրել դրանք վերականգնելու համար:):
 

Ալեքսանդր Իզրյադնովը եւ Մարիա Լապուկը


“Facebook-ը կմնա գլխավոր սոցիալական ցանցն աշխարհում, բայց ոչ Հայաստանում: Այսօրվա դրությամբ “Օդնոկլասնիկի” ցանցի օրական լսարանը Հայաստանում կազմում է ավելի քան 787 հազար մարդ, իսկ “Ֆեյսբուք”-ինը՝ 150 հազար մարդ: Ընդ որում, “Օդնոկլասնիկի”-ի օգտատերերի 35 տոկոսը նախընտրում է ընկերների հետ շփվել հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով m.odnoklassniki.ru շարժական տարբերակը”,-ասել է Ալեքսանդր Իզրյադնովը՝ նշելով, որ իր ներկայացրած սոցիալական ցանցի օգտատերերի թիվն անընդհատ աճում է:

“Օդնոկլասնիկի”-ի հայերեն շարժական տարբերակում, ինչպես նշվել է ասուլիսի ժամանակ, հասանելի են բոլոր ծառայությունները, որոնք կան նաեւ սոցիալական ցանցի հիմնական տարբերակում, այդ թվում Հայաստանի բնակիչների շրջանում ամենահայտնիները՝ հաղորդագրությունների ուղարկում, խաղեր, ստատուսների, նկարների տեղադրում եւ գնահատում:

Mail.RuGroup-ի “Սոցիալական կայքեր” բիզնես ստորաբաժանման մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը


 “Հաշվի են առնվելու նաեւ ազգային տոները: Այդ օրերին կառաջարկվեն այնպիսի նվերներ, որոնք հետաքրքիր են հենց հայկական լսարանին”,-նշել է Ալեքսանդր Իզրյադնովը եւ հավելել. “Սոցիալական տարբեր ցանցերից օգտվում են տարբեր նպատակներով: “Օդնոկլասնիկի”-ն ընկերական, ջերմ եւ էմոցիոնալ շփման համար է: Բացի այդ, կայքն առաջարկում է ժամանցն անցկացնելու տարբեր միջոցներ՝ երաժշտություն, խաղեր, տեսահոլովակներ”:

Մոտ ապագայում հայերեն լեզվով կթարգմանվեն եւ հասանելի կլինեն նաեւ Android, iOS, WindowsPhone, Symbian օպերացիոն հարթակների համար նախատեսված հավելվածները:

Նշենք, որ “Օդնոկլասնիկի”-ում գրանցվելն անվճար է: Liveinternet-ի տվյալներով, կայքի օրական լսարանն ավելի քան 33 միլիոն է:

Տեքստը՝ Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW