×


Օսկար 2020. Ֆենիքսի եւ Փիթի տպավորիչ ելույթներն ու «Մակաբույծների» աննախադեպ հաջողությունը

Վերջապես եկավ այդքան սպասված օսկարյան գիշերը, երբ Լոս Անջելեսում 92-րդ անգամ հանձնեցին բաղձալի արձանիկները: Երեկոն բացեց երգչուհի ու դերասանուհի Ժանել Մոնեն՝ իր տպավորիչ կատարմամբ, որի ընթացքում հասցրեց Թոմ Հենքսին գլխարկ դնել, իր հետ երգել տալ դահլիճի կեսին ու մի քանի վառ կերպար փոխել:

Առաջին մրցանակը 2-րդ պլանի լավագույն դերասանինն էր ու, ինչպես եւ կանխատեսվում էր, այն «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար ստացավ Բրեդ Փիթը: Նա գովեց ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին, լավ խոսքեր ասաց իր խաղընկեր Լեոնարդո ԴիԿապրիոյի մասին:



«Քվենտին, դու բացառիկ ես, կինոինդուստրիան առանց քեզ հետաքրքիր չէր լինի: Դու միշտ ամենալավն ես սպասում մարդկանցից, բայց պատրաստվում՝ վատագույնին: Լեո, ես պատրաստ եմ քեզ հետ լինել ավտոմեքենայում ցանկացած պահի: Այս մրցանակն իմ երեխաների համար է, որոնց ես շատ եմ սիրում»,- ասաց Փիթը:

Լեոնարդո ԴիԿապրիոն՝ ընկերուհու հետ


Փիթից հետո բեմ բարձրացավ «Խաղալիքների պատմություն 4»-ի անձնակամը, որը հաղթեց «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում, իսկ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը «Մազոտ սերն» է, որի հեղինակները Օսկարի արձանիկը նվիրեցին Կոբի Բրայանտի հիշատակին, որն այդ անվանակարգում հաղթել է 2018-ին:

Լավագույն սցենարի համար մրցանակը Կաննում հաղթած «Մակաբույծները» հարավկորեական ֆիլմին հանձնեցին Դայան Կիտոնն ու Քիանու Ռիվզը: Սակայն սա ֆիլմի միակ հաջողությունը չէր. ավելի ուշ Պենելոպե Կրուսից ռեժիսոր Պոն Ջուն Հոն ստացավ նաեւ լավագույն օտարալեզու ֆիլմի համար Օսկարը: Սակայն սա էլ վերջը չէր...



Գրքի լավագույն էկրանավորման մրցանակը «Ջոջո ճագարը» ֆիլմի համար ստացած Տայկա Վայտիտին հաղթանակը նվիրեց բոլոր այն երեխաներին, որոնք երազում են ներկայացնել մարդկային պատմություններ:

Օսկարի արձանիկի արժանացան նաեւ «Հարեւանի պատուհանը» (Լավագույն կարճամետրաժ ֆիլմ), Բարբարա Լին եւ Նենսի Հեյը (Լավագույն բեմադրող նկարիչ, «Մեկ անգամ Հոլիվուդում»), Ժակլին Դյուրանը (հագուստի լավագույն ձեւավորում, «Փոքրիկ կանայք»), «Ամերիկյան գործարան» (Լիամետրաժ վավերագրական լավագույն ֆիլմ), «Սովորել սքեյբորդ քշել պատերազմական գոտում, երբ դու աղջիկ ես» (կարճամետրաժ վավերագրական լավագույն ֆիլմ):

Մահերշալա Ալին եւ Թոմ Հենքսը


Ապա հերթը հասավ 2-րդ պլանի լավագույն դերասանուհուն ու «Ամուսնական պատմություն» ֆիլմում իր դերի համար Օսկարի արժանացավ Լորա Դերնը: Փետրվարի 10-ին իր 53-ամյակը նշող դերասանուհին հաղթանակը լավագույն նվերը համարեց ու այն պարգեւեց իր հերոսներին, որոնք նրան միշտ ոգեշնչել են:

Երեւանում լույսը շարունակում էր բացվել, իսկ Լոս Անջելեսում Օսկարի 24 արձանիկները գտնում էին իրենց տերերին: Ահա եւս մի քանի անվանակարգերի հաղթողները՝ Դոնալդ Սիլվեսթեր (Լավագույն հնչյունային ռեժիսոր, «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի»), Մարկ Թեյլոր եւ Ստյուարտ Ուիլսոն (Լավագույն հնչյունավորում, «1917»), Ռոջեր Դիքենս (Oպերատորական լավագույն աշխատանք, «1917»), Մայքլ Մքքաստեր եւ Էնդրյու Բաքլանդ (Լավագույն մոնտաժ, «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի»), «1917» (լավագույն վիզուալ էֆեկտներ), «Սկանդալ» (լավագույն դիմահարդարում եւ վարսահարդարում), Հիլդուր Գուդնադոութիր (Լավագույն երաժշտական ձեւավորում, «Ջոքեր»), Էլթոն Ջոն եւ Բեռնի Տոպին (ֆիլմի լավագույն երգ, «(I'm Gonna) Love Me Again», «Ռոքեթմեն»):

Օսկար 2020 մրցանակաբաշխությանը


Ինչպես միշտ, կարեւորագույն անվանակարգերի հաղթողներին այս անգամ էլ ամենավերջում հայտարարեցին: Առաջին անգամ Օսկարի առաջադրված «Մակաբույծները» նաեւ տարվա լավագույն ռեժիսորի մրցանակը տարավ:

«Օտարալեզու լավագույն ֆիլմ ճանաչվելուց հետո կարծում էի, որ արդեն կարող եմ հանգստանալ: Դեռ դպրոցում դիտում ու սովորում էի Մարտին Սկորսեզեի ֆիլմերից, անհավանական է, որ նույն անվանակարգում ենք առաջադրված»,- խոստովանեց Պոն Ջուն Հոն՝ ցանկություն հայտնելով Օսկարը 5 մասի բաժանել ու դրանք տալ մյուս ռեժիսորներին:

Բիլի Այլիշը


Նրա ելույթից հետո բեմ բարձրացավ Բիլի Այլիշը, որի «Yesterday» կատարման ներքո հարգանքի տուրք մատուցվեց կյանքից հեռացած անվանի կինոգործիչներին, նաեւ 41 տարեկանում ուղղաթիռի վթարից մահացած Կոբի Բրայանտին:

Խոակին Ֆենիքսը


Ու վերջապես հերթը հասավ լավագույն դերասանին, 4-րդ անգամ առաջադրվելուց հետո «Ջոքերում» հիանալի դերակատարման համար հաղթեց Խոակին Ֆենիքսը: Նրա ելույթը չափազանց տպավորիչ էր. «Մեր կարեւոր առաքելությունն է խոսել այն մարդկանց փոխարեն, ովքեր դա անել չեն կարող: Հիմա բազմաթիվ խնդիրներ կան, մեզ շատ բան է միավորում: Մեզնից շատերը մոռացել են բնության մասին, մտածում ենք, որ մենք ենք տիեզերքի կենտրոնը, դրա համար էլ սպառում ենք նրա ռեսուրսները: Մեզ իրավունք ենք վերապահում վերցնել կովի կաթը, խլել նրա ձագից ու այն լցնել մեր սուրճի մեջ: Վախենում ենք փոխվել, քանի որ դրա համար ինչ-որ բան զոհաբերելու կարիք կլինի: Եթե օգտագործենք մեր սերն ու կարեկցանքը, կկարողանանք ստեղծել համակարգ, որն ունակ կլինի փոխել աշխարհը: Պետք է մոռանալ անցյալի սխալներն ու մեզ 2-րդ հնարավորություն տալ: Երբ 17 տարեկան էի, եղբայրս այսպիսի խոսքեր է գրել՝ «դեպի փրկություն սիրով վազիր, իսկ աշխարհը կգա քո հետեւից»:



Լավագույն դերասանուհին էլ Ռենե Զելվեգերն է՝ «Ջուդի» ֆիլմի համար, սա նրա 2-րդ արձանիկն է, ավելի վաղ նա հաղթել էր 2003 թվականին՝ «Սառը լեռը» ֆիլմում դերի համար: Զելվեգերը շնորհակալություն հայտնեց ֆիլմի ողջ անձնակազմին ու բոլոր այն մարդկանց, ովքեր իր կարիերայի 25 տարիների ընթացում աջակցել են նրան:

«Մակաբույծները» ֆիլմի անձնակազմը


Երեկոյի փակումն արեց 4-րդ Օսկարը ստացած «Մակաբույծները». վերջին արձանիկը լավագույն ֆիլմի համար էր: Առաջին անգամն էր, որ արտասահմանյան ֆիլմը նման հաջողության հասավ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ USA Today-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին