×


Ֆեյսբուքահայությունը քննարկում է Սրբուկի ելույթը «Եվրատեսիլում»

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում երեկ ավարտվեց «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչը: Երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը, ցավոք, չհաղթահարեց այս փուլը, եւ նրան չենք տեսնի մայիսի 18-ին կայանալիք եզրափակչում:
Երեկվա մրցույթին ելույթ ունեցողներից եզրափակիչ անցան Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան եւ Մալթան: Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչի արդյունքներով էլ հաջորդ փուլ են անցել Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն եւ Սլովենիան:



Մեր պատվիրակը մայիսի 16-ին ելույթ ունեցավ առաջին համարի ներքո` կատարելով Գարիկ Պապոյանի, Lost Capital-ի (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) եւ Tokionine-ի հեղինակած «Walking out» երգը: Սրբուկն իր ելույթի ընթացքում մի պահ «մնաց միայնակ» դահլիճում՝ առանց հանդիսատեսի: Դա մեր պատվիրակությանն ու մրցույթի կազմակերպիչներին հաջողվել էր լուսային հատուկ էֆեկտների շնորհիվ: Այդպիսով Սրբուկի կատարումը դարձավ է՛լ ավելի էմոցիոնալ, եւ շեշտվեցին նրա ձայնային տվյալներն ու կատարողական վարպետությունը: Ցավոք, ստացած ձայները չբավականացրին, որ մեր երգչուհին ելույթ ունենա նաեւ մյուս փուլում:

Համերգի ավարտին շատերը սպասում էին Սրբուկի արձագանքին, որը շատ չուշացավ. «Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել...

Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։

Իսկապես, շնորհակալ եմ բոլորին, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք, չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին: Նրա այս գրառմանը հաջորդեցին երկրպագուների մեկնաբանությունները, թեեւ քննարկումները սկսվել էին դեռ նրա ելույթից առաջ ու ակտիվացել համերգի ավարտին:


Իհարկե, շատերը նշում են, որ Սրբուկը հրաշալի ելույթ է ունեցել, միայն թե իր հետ մրցակցող երկրների թվում շատ քիչ էին այնպիսիք, որտեղ հայկական մեծ համայնքներ կան եւ կարող են քվեարկել մեր երկրի ներկայացուցչի օգտին: Ոմանք էլ շեշտում էին, որ «Եվրատեսիլ»-ն այս անգամ էլ աչքի ընկավ իր սուբյեկտիվ որոշումներով ու քաղաքական հայացքներով: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ֆեյսբուքյան տիրույթում երեկ գերիշխում էին հուսահատություն եւ հիասթափություն արտահայտող գրառումները: Նույնիսկ «Եվրատեսիլ»-ի երկրպագուներից շատերն էին նշում, որ այլեւս չեն հետեւելու այս մրցույթին, քանի որ չեն գնահատվում լավ ելույթները:

Իհարկե, մեկնաբանություններում կար նաեւ քննադատություն՝ կապված հիմնականում բեմադրության ու հագուստի հետ: Շատերը նշում էին, որ լավ կլիներ՝ Սրբուկի հետ նաեւ պարողներ լինեին բեմում, եւ ավելի վառ ելույթ պատրաստված լիներ: Ոմանք էլ ասում էին, որ երգը համապատասխան չէր եվրատեսիլյան ձեւաչափին: Կրկին թափ էին առել նաեւ այն խոսակցությունները, որ առհասարակ պետք չէ այլեւս մասնակցել այդ մրցույթին եւ մեծ գումարներ ծախսել՝ այնտեղ ներկայանալու համար:

Իհարկե, բոլոր այս քննարկումները կշարունակվեն դեռ մի քանի օր էլ եւ կլինեն մյուս տարիներին եւս, քանի դեռ Հայաստանը մասնակցում է եվրոպական երգի միջազգային այս մրցույթին: Բայց պե՞տք է արդյոք այդքան մտահոգվել ու մեծ արդյունքներ սպասել մի մրցույթից, որն ընդամենը հնարավորություն է տալիս սկսնակ արտիստներին ներկայանալ մեծ բեմում, նոր լսարան ձեռք բերել ու գործընկերային հարաբերություններ հաստատել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ...

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սրբուկի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport