Երգչուհին ծրագրում է ելույթ ունենալ մեծանուն երաժիշտների հետ:)
Փետրվարի 25-ին Stop ակումբում կայացավ Անի Արզումանյանի եւ FUNKYFIED PEOPLE BAND-ի համերգը: Մոտ երեք ժամ տեւած ծրագրի ընթացքում հնչեցին հայտնի հիթեր Սթիվի Ուանդերի, Ալ Ջերոյի եւ Ռեյ Չարլզի ռեպերտուարից: Իր ամենասիրելի ստեղծագործություններից Անի Արզումանյանը կատարեց "Song for you","I will be here for you","I wish","Superstition","Oh,darling","Get Back" եւ շատ այլ երգեր, որոնցից շատերը ակումբային համերգների ժամանակ առկա են երգչուհու երգապնակում:
Ակումբային համերգներին իր երգարվեստում կարեւոր տեղ հատկացրած երգչուհին Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ դրա շնորհիվ տարիների ընթացքում փորձ եւ ճկունություն է ձեռք բերել, ինչը նրան պրոֆեսիոնալ է դարձրել այդ բնագավառում. «Եվ այսօր այդ փորձի շնորհիվ կարող եմ առանց մտածելու, վախենալու ելույթ ունենալ մեծանուն երաժիշտների հետ, իսկ ես այդպիսի ծրագրեր ունեմ. հուսով եմ, որ մոտ ապագայում կիրականանան»:
Երգչուհին ծրագրեր ունի նաեւ տեսահոլովակ նկարահանել «Եվրատեսիլ 2010-ի» հայաստանյան նախընտրական փուլին ներկայացված երգի հիման վրա. «Եվրատեսիլի նախընտրական փուլի մասնակցությունը դարձավ առիթ ներկայացնելու մեր առաջին հեղինակային երգը «Ակունք» ազգագրական համույթի հետ համատեղ, որը յուրահատուկ էր իր ոճով եւ մոտիվներով` որպես նոր մատուցում»: Նշենք, որ երգի համահեղինակներն են Անին եւ գործիքավորող Արսեն Ներսիսյանը, իսկ խոսքերի հեղինակն է Արտաշես Էմինը:
Ի դեպ, մրցույթների մասին. երգչուհուն այս տարի եւս կտեսնենք «Նոր ալիք»-ում, Անի Արզումանյանը կմասնակցի նաեւ Դելֆյան խաղերին. «2010-ին Դելֆյան խաղերը կայացան Երեւանում, որտեղ մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի հաղթող եւ ոսկե մեդալակիր էստրադային վոկալիստների մեջ ճանաչվեցի ես, իսկ այս տարի որպես հաղթող հրավիրված եմ Տվեր քաղաք, որտեղ կանցկացվեն թվով 10-րդ Դելֆյան խաղերը»:
Նոր նախագիծ` "ACROSS THE BEATLES"
Bravo.am-ին Անի Արզումանյանը պատմեց նաեւ, որ Արսեն Ներսիսյանը, ով Անի Արզումանյանի հետ հանդես է գալիս որպես բենդ, մշակել է նոր նախագիծ`"ACROSS THE BEATLES" անվամբ. «Այդ մշակումներն այնքան նորովի են հնչում, թարմությամբ եւ օրիգինալը պահպանված, որ, կարծում եմ, դրանից հանդիսատեսը կզգա The Beatles խմբի նոր շունչը, վստահ եմ, այն մեծ արձագանք կունենա հանդիսատեսի կողմից»: Խումբը 2010-ի հոկտեմբերի 9-ին Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կազմակերպել էր Ջոն Լենոնի 70-ամյակին նվիրված համերգ, որն, ինչպես Անին է ասում, բարձր գնահատականի արժանացավ հայ հանդիսատեսի եւ շատ բիթլոմանների կողմից. «Այդ համերգը նկարահանվեց «Baghinyan art studio»-ի կողմից եւ շուտով պատրաստ կլինի մեր "ACROSS THE BEATLES" տեսասկավառակը»:
Իր աշխատանքով ոգեւորված` երգչուհին իր համար ամենակարեւորը կարիերան է համարում` ասելով, որ այն դեռ առջեւում է, երկրպագուներին խոստանում միայն բուռն երաժշտական նորություններ, որոնցով եւ ինքը կուրախանա, եւ նրանց կուրախացնի, իսկ անձնական կյանքից փորձում է մանրամասներ չհրապարակել. «Երգն իմ կյանքի անբաժանելի մասն է, որի մեջ կա եւ ուրախություն, եւ թախիծ, եւ սեր, եւ հույս. այս ամենն արտահայտվում է երաժշտության միջոցով»: Երգչուհուն հոգեհարազատ են blues, funk եւ soul ոճերը, մեծ տեղ է հատկացնում նաեւ հայկական գուսանական երգերին:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: