×


Անի եւ Ստեփան

Անի եւ Ստեփան

Զույգի հարսանյաց հանդեսն այլեւս իրականություն է :) Անի Ամիրյանի ու պարող, դերասան Ստեփան Ղամբարյանի ծանոթությունը եղել է մոտ մեկ տարի առաջ: Ընդհանուր ընկերներ ունեցող, բայց միմյանց չճանաչող զույգը ծանոթացել է անցած տարի գարնանը` մարտ կամ ապրիլ ամսին, իսկ 2011-ի փետրվարին նրանց հարաբերություններն օրինականացվել են Սբ. Զորավոր եկեղեցում: Bravo.am-ին Անի Ամիրյանը պատմեց իրենց ծանոթության ու հարսանյաց արարողության մասին, որն այժմ ձեզ ենք ներկայացնում հարսանեկան լուսանկարների հետ: Ani Amiryan & Stepan Ghambaryan «Ծանոթացել ենք մեր ընդհանուր ընկերոջ ակումբում: Շատ պատահական, ինձ համար կյանքի շատ դեպրեսիվ հատվածի ընթացքում: Բոլորն էլ ունենում են չէ դեպրեսիաներ, այնպիսի պահեր, երբ թվում է, թե քեզ ոչ ոք չի հասկանում, դու ոչ մեկի կողմից սիրված ու գնահատված չես, միայն աշխատում ես, միայն անիմաստ ինչ-որ գործեր անում: Հանդիպեցինք... ամուսնացանք ամիսներ հետո»,- պատմում է Անին ու հավելում, որ մինչ այդ անգամ չէր էլ լսել Ստեփանի մասին. «Այդ օրը տեսա, ու ինքը միանգամից ինձ «վերցրեց»:)»: Առաջին հայացքից Ստեփանն աչքի էր ընկել իր համարձակությամբ եւ անմիջականությամբ, ինչը կարեւոր նախապայման էր Անիի համար. «Ճիշտ է, արտաքինից չեն դատում, բայց արտաքինն էլ շատ բան է խոսում մարդու մասին. ժեստերը, աչքերը, խոսելաձեւը, վարվելակերպը միանգամից շատ համարձակ թվացին ինձ: Կստեմ, եթե ասեմ, որ մի վայրկյան տանը չմտածեցի նրա մասին, բայց չեմ կարծում, որ սերն առաջին հայացքից էր...»: Առաջին հայացքից Անիի մոտ համակրանք առաջացավ, իսկ երբ եղավ մի ժամանակահատված, երբ ապագա ամուսինն իրեն դրսեւորեց, Անին հասկացավ, որ նա այն մարդն է, ում կցանկանա մինչ կյանքի վերջ տեսնել իր կողքին: Ani Amiryan & Stepan Ghambaryan «Շատ կարեւոր քայլ է ամուսնությունը: Կյանքդ միանգամից փոխվում է: Պետք է քիչ թե շատ պատրաստ լինես, բայց հիմնականում պատրաստ չլինես դրան: Երբ քեզ հարցնում են` «Կամուսնանա՞ս ինձ հետ», եթե մի վայրկյան ուզում ես մտածես, ավելի լավ է չմտածես, միանգամից այո ասես: Երեւի քչերի մոտ է այդպես... ինձ մոտ այդպես եղավ»: Անին պատմում է, որ իրենց ծանոթությունից հետո թվերի վրա չեն ֆիքսվել, անգամ դժվարությամբ է մտաբերում ծանոթության օրն ու հավելում, որ իրենց համար ամեն օրը տոն է, կարող են ամեն օր միմյանց շնորհավորել, քանի որ իրենց միասնությունը մեծ ձեռքբերում է: «Ավանդույթներից որքան էլ ուզես, չես փախչի» Նախքան ամուսնությունը խոսկապ է եղել. «Ավանդույթներից որքան էլ ուզես, չես փախչի: Եղավ ծանոթություն, որտեղ ինձ հանձնեցին նվեր` մատանի, ծանոթացան մեր ծնողները, որը դիտվեց որպես խոսկապ կամ նշանադրություն»,- սակայն Անիի համար էականը ծնողների կենացները, խրատներն ու մատանին չեն. «Եթե մենք ինչ-որ բան չենք հասկանում, ինչքան էլ ծնողը կենաց ասի, կամ անգամ հարյուր մատանի տան, եթե ես հնազանդ չեմ, կամ ինքը տեր չէ, ապա ո՞ւմ են պետք կենացներն ու մատանին...»: Ani Amiryan Հարսն ու փեսան եկեղեցում հանդիպեցին : ) Ճիշտ է, նշանադրության կամ խոսկապի պարագայում զույգը ավանդույթից չխուսափեց, բայց հարսանյաց հանդեսի ժամանակ ծնողները Անիին ընդառաջեցին, ու հարսը փեսային հանդիպեց եկեղեցում: Անին միշտ երազել էր, որ հարսանիքի ժամանակ փեսան իրեն եկեղեցում տեսնի, որի համար ստացավ ծնողների աջակցությունը. «Սկզբում մի քիչ դեմ էին, բայց հետո... :): Շատ շնորհակալ եմ, որ ինձ հասկացան, օրն անցավ մեր` իմ եւ Ստեփանի ուզածով, մեր սրտով»: Անիին եկեղեցի ուղեկցեցին հայրն ու հորեղբայրը` Արմեն Ամիրյանը. «Մենք ընտանիքով ամեն ինչ միասին ենք անում: ), ես էլ պապային ու հոպարին չեմ տարբերում. երկուսի խոսքն էլ ինձ համար կշիռ ունի, երկուսն էլ ինձ համար շատ ազդեցիկ տղամարդու կերպարներ են...»: Ստեփանը Անիին տեսավ ճերմակ հարսի զգեստով, քողով, պարզ զարդերով, որից հետո էլ եղավ գեղեցիկ, պարզ ու հասկանալի պսակադրության արարողությունը. «Շատ հետաքրքիր, ըմբռնելի եւ ոչ ստանդարտ արարողություն էր»: Երեք անգամ “տեր եմ” եւ “հնազանդ եմ” բառերը կրկնելուց, Աստծո օրհնությունը ստանալուց հետո նորապսակներն ու հարսանյաց հանդեսի հյուրերը արդեն ռեստորանային համալիրներից մեկում սկսեցին իսկական հայկական քեֆը: Քավորի դերում Արամոն էր, քավորկնոջ` Էմման : ) Նորապսակների քավորն ու քավորակինը Արամոն եւ Էմման են եղել. «Քավորին, բնականաբար, ընտրում է փեսան. ընտրել է Ստեփանը: Իրենք աշխատել էին միասին, ընկերներ, լավ բարեկամներ էին: Ես էլ փոքրուց շփվել էի նրանց հետ, բայց որ իրենք կլինեն մեր քավորը, չէի պատկերացնում: Մի օր Ստեփանն ասաց այդ մասին, ինձ թվաց, թե հումոր է անում. Իսկապես, նրանք այն մարդիկ են, ում հետ ես կուզեի ողջ կյանքի ընթացքում դառնալ հարազատ, բարեկամ: Շատ լավ եղավ: Իրենք շատ լավն են, մեզ հարազատ մարդիկ են, երկուսիս էլ շատ սիրելի»: Aramo, Emma & Varsham Հարսանյաց հանդեսի ժամանակ հատուկ ծրագիր չէին մշակել, քանի որ ուզում էին ոչ թե շոու, այլ քեֆ անել: Անիին ու Ստեփանին իրենց երգերով շնորհավորեցին ընդհանուր ընկերները` Սիլվա Հակոբյանը, Ռազմիկ Ամյանը, Սարգիս Մանուկյանը, Էրիկ Կարապետյանը, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը, Կարեն Մովսիսյանը, Եվան եւ, իհարկե, Արամեն. «Ես հատուկ հրավերներ չէի արել, քանի որ հարսանիքը մինչեւ 120 մարդու համար էր նախատեսված, իսկ բարեկամներն ու շատ մոտ ընկերները արդեն լրացնում էին այդ քանակը: Երգիչներից ով գիտեր, ով ցանկություն էր հայտնել գալու եւ նվիրելու իր երգը, ես մեծ սիրով ընդունեցի: Շատ շնորհակալ եմ, որ իրենց սեփական կամքով եկել էին ու շնորհավորեցին մեզ»: Անիի համար անակնկալ էր պատրաստել նաեւ ամուսինը: Ստեփանը ձայնագրել էր Անի Ամիրյանի եւ Արամեի «Հանդիպում» երգը, որն անակնկալ հնչեց հարսանիքի առաջին տանգոյի ժամանակ. «Նա ինձնից թաքուն ձայնագրվել էր, Արամեի փոխարեն ինքը երգել: Առաջին տանգոյի ժամանակ հնչեց իմ ու Արամեի երգը, ինձ թվաց, թե անակնկալ է արել, բայց երբ սկսվեց Արամեի հատվածը, տեսա, որ Ստեփանն է երգում, զարմացա, շփոթվեցի, մոռացա, թե ինչու ենք հավաքվել: ): Բայց բրավո, շատ լավ էր ստացվել»: Նորապսակները նաեւ ափսե են կոտրել ու ավանդույթի համաձայն մեղր կերել. «Կարծում եմ, որ այս ավանդույթն իր խորհուրդն ունի. ափսեն կոտրելը խափանում է չարը, իսկ մեղրը՝ քաղցրացնում մեր կյանքը»: Ani Amiryan Արմեն Ամիրյանի նվերը նորապսակներին :) Անին միշտ ցանկացել է լինել Թաիլանդում, իսկ երբ նրանց հարցրել են, թե որտեղ են պատկերացնում իրենց ամուսնական ճամփորդությունը, միանգամից պատասխանել է` Թաիլանդ: Ուղեգիրը նորապսակներին նվիրել է Արմեն Ամիրյանը. «Երբ մենք հետաքրքրվում էինք տոմսերով եւ հյուրանոցով, հորեղբայրս որոշեց մեզ նվեր անել: Մենք ցանկություն էինք հայտնել մեկնել Թաիլանդ, բայց որտեղ եւ ինչպես՝ չէինք ասել: Տեղն ու օրը ընտրել է Հայկը` հորեղբորս տղան`շատ լավ իմանալով իմ ճաշակը, քիչ թե շատ ծանոթ լինելով նաեւ Ստեփանին: Մենք երեք օր մնացինք Բանգկոկում, հետո Պատայայում, շատ լավ անցավ»: Թաիլանդում մնացել են 14 օր. «Երկու օր ճանապարհներին է անցել, բայց իսկապես արժեր: Կարծում եմ, Թաիլանդն այն տեղն է, ուր մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է լինի»: Armen Amiryan «Արտավազդն ու Հայկը մինչեւ հիմա չեն համակերպվել...» Երեք եղբայրները` Արտավազդը, Հայկն ու Արամեն սիրելի քրոջ ամուսնության համար ուրախ են, բայց համակերպվելը դեռ դժվար է. «Հատկապես Արտավազդն ու Հայկը, ինձ թվում է, դեռ չեն համակերպվել, Արամեն էլ, բայց նա մի քիչ ավելի զուսպ է: Իսկ Արտավազդը զգում եմ, որ մի քիչ ծանր է տանում... Լավ է, որ իրենք սիրել են Ստեփանին, չկա փեսա-աներձագ հարաբերություններ, մեր ընտանիքներում էլ չկա հարս կամ փեսա ասվածը. ես իրենց տանն իրենց աղջիկն եմ, Ստեփանը՝ մեր տան տղան: Բայց հիմա եղբորս հանդեպ ուշադրությունը մի քիչ նվազել է. ինքը երեկոյան գալիս է տուն, ծնողներս քնած են, մենակ է իր թեյը խմում, պարզ է, որ մի քիչ ընկճված է, բայց պետք է համակերպվել: )»: Անին ասում է, որ բացը փորձում են լրացնել` եղբորն իրենց հետ թեյելու հրավիրելով կամ նրան միանալով: Arame , Artavazd «Ոնց մեր տանն եմ եղել, այնպես էլ այնտեղ եմ...» Նորապսակները բնակվում են Ստեփանի ընտանիքի հետ. «Շատ լավ է, որ տանը մեծ կա, ով թեթեւացնում է այն հոգսերը, որ պետք է մնար ուսերիդ: Սկեսուր մայրիկս շատ լավ կին է, մենք ընկերուհիներ ենք, միասին սուրճ ենք խմում, միշտ զրուցում, ինձ լավ է հասկանում, միշտ իմ կողքին է, ես էլ ամեն ինչ կիսվում եմ նրա հետ: Մայր ու աղջիկ պետք է լինել, ինչպես ընդունել եմ իմ մորը, այնպես էլ ընդունում եմ նրան, իսկ ինքն ինձ ընդունում է որպես աղջիկ»: Անին պատմում է, որ սկեսուր մայրիկը իրեն ազատել է նաեւ տնային հոգսերից, ամեն ինչ այնպես է անում, որ իրեն լավ լինի: Ի դեպ, հարսանյաց հանդեսի ժամանակ հարսի ծաղկեփունջը Անիի սկեսուր մայրիկն է բռնել: :) Իսկ երեխաների մասին խոսելով` Անին ասում է. «Կյանքում շատ կարեւոր հարցերը միշտ վերեւում են որոշվում: Ես երբեք չէի պատկերացնի, որ կարող է այսպես հեշտ ամուսնանայի, շատ բաներ չէի պատկերացնի, որ կարող էին այսպես լինել, բայց եղավ, որովհետեւ Աստված այդպես է ուզում: Երբ օրը գա, ես հասունանամ որպես մայր, Աստված այդ ժամանակ էլ ինձ կտա երեխա, բայց, կարծես, ես ինձ արդեն պատկերացնում եմ որպես մայր` լինելով որոշակի տարիքում եւ որոշակի կարգավիճակում»: Ani & Stepan Այժմ Անին աշխատում է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում` դասավանդելով դերասանի վարպետություն առարկան: Ասում է, որ այլ աշխատանքով իրեն չի ուզում ծանրաբեռնել, ժամանակը հատկացնել ընտանիքին: Իսկ Ստեփանը շարունակում է դերասանի իր կարիերան Համազգային թատրոնում, ինչպես նաեւ պար է դասավանդում: Զրույցի վերջում Անին ասաց, որ հիմա շատ երջանիկ է . «Տա Աստված, այն, ինչ հիմա զգում եմ, մինչեւ կյանքիս վերջ տեւի. շատ լավ վիճակ է, ինձ դուր է գալիս...»: Bravo.am-ը շնորհավորում է նորապսակներին: ) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Անի Ամիրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին