“Ստացվեց այն, ինչ ուզում էի” Բլյուզի երեկո էր. բեմահարթակին դրված աթոռին նստած Անուշիկ Ալավերդյանն էր այն բլյուզային դարձնում:). “Հանգիստ երգեր էի ուզում հնչեցնել, որ աղմուկ չլիներ, մարդիկ հանգստանային, վայելեին օրը: Իմ երեգերից էլ չեմ կատարում, որ ամեն ինչ բլյուզ ոճում լինի”: Մարտի 2-ին Անուշիկի տարեդարձն էր. “Սկզբում պլանավորել էինք այդ օրը անցկացնել համերգը, բայց երաժիշտներին հարմար չէր, եւ քանի որ նրանք ինձ համար անփոխարինելի են, օրը փոխեցինք: Բայց այս օրն էլ է լավը. եղբորս` կիթառահար Հովակ Ալավերդյանի ծննդյան օրն է, ով հիմա Միացյալ Նահանգներում է: Անակնկալ մատուցեցինք, իրեն շատ հաճելի էր:)”: Տարեդարձը ոչ միայն երգելով չանցկացրեց, այլեւ չնշեց. “Մտածեցի` ավելի լավ է համերգիս օրը նշեմ: Ընկերուհիներս երեկոյի ավարտին մնալու են, տորթը կկտրենք, կխմենք, կնշենք”: Մարտի 4-ին “Ուլիխանյան”-ում կայացած ակումբային իր առաջին մենահամերգին Անուշիկ Ալավերդյանը 18 երգ կատարեց. տասնութերորդը “Ծնունդդ շնորհավոր”-ի անգլերեն տարբերակն էր:). շնորհավորեց եղբոր եւ, իհարկե, իր տարեդարձը:): Անուշիկը Bravo.am-ին ասաց` մի մեծ երազանք ունի եւ նպատակ շուտով իրականացնել այն. “Գոնե մեկ անգամ իմ աչքով տեսնեմ ու լսեմ` ինչպես են սեւերը եկեղեցում երգում, նաեւ երգեմ իրենց հետ: Շուտվանից եմ երազում. պաշտում եմ սեւերի մշակույթը”: Էմմա Պետրոսյանն էր եկել Անուշիկին լսելու: “Ինքն այն մարդկանցից մեկն է, ում գնահատականին մեծ նշանակություն եմ տալիս: Նաեւ ինչ-որ չափով քննություն էր այսօր ինձ համար:)”,- նշեց Անուշիկը: Էմմա Պետրոսյանն էլ շատ ուրախ է, որ սերունդ ունի. երգչուհին Անուշիկին կոնսերվատորիայում է դասավանդել. “Իրեն կարոտում եմ միշտ. վառ գույներով, վոկալի առումով շատ գեղեցիկ մտածողությամբ եւ շատ ճկուն ձայնի տեր մարդ է: Շատ ուրախ եմ այսօրվա համար”: Ի դեպ, Էմման եւ Անուշիկը դուետով էլ են հանդես գալիս: Սիրո, գեղեցիկ երեւույթների մասին դուետ Անուշիկը կատարելու է նաեւ Սուսաննա Պետրոսյանի հետ: “Երգը գրվելու պրոցեսում է. դաշնամուրային է ու շատ մելոդիկ: Պետք է շնորհավորեմ իմ ամենամտերիմ ընկերուհուն, չնայած` ավելի շատ իրար քույր ենք համարում: Մի սովորություն ունենք. երբ երգ ընտրելու անհրաժեշտություն է լինում համերգին կատարելու համար, միշտ նույն երգն ենք ընտրում. ճաշակները համընկնում են:)”,- պատմեց Սուսաննան: 2010-ի գարնանն էլ Արեւիկ Ալավերդյանի մենահամերգն էր. երգչուհին քրոջը` Անուշիկին հավասար ուրախանում էր նաեւ երեկվա երեկոյին:): Արեւիկն ասաց` մի տան մեջ երկու երգչուհու ապրելն այդքան էլ դժվար չէ:). “Միմյանց չենք խանգարում, ինչով կարողանում ենք, անպայման օգնում ենք, գուցե դժվար է լինում ֆինանսական առումով: Մրցակցությունը աբսուրդ է, նման բան չի կարող լինել: Ես որակյալ աշխատանք եմ անում, բայց երգում եմ իմ հաճույքի համար, իսկ Անուշիկինը ուրիշ է. նպատակ ունի եւ Աստված տա` հասնի այդ նպատակին: Ես չեմ կարող ասել` ինչքան կաշխատեմ այս բնագավառում”: Բլյուզային երեկոյին ներկա էին Անուշիկ Ալավերդյանի նշանածը, ծնողները, ընկերները: “Ստացվեց այն, ինչ ուզում էի”,- ասաց երգչուհին: Իսկ “ստացվելուն” օգնեցին երաժիշտները` բաս-կիթառահար Արթուր Մոլիտվինը, սոլո-կիթառահար Վարդան Գաբոյանը, հարվածային գործիքները նվագում էր Նարեկ Խեչումյանը, ստեղնահարը Արթուր Զաքյանն էր, սաքսաֆոնի ձայնը հնչեցնում էր Արսեն Ներսիսյանը: Երգերից մեկի ընթացքում շրթհարմոն նվագեց Արտակը, Լյուսին` Անուշիկի ընկերուհին էլ երգչուհու հետ ելույթ ունեցավ, Արեւիկ Գրիգորյանն ու Արեւիկ Ալավերդյանն էլ` Անուշիկի քույրը, մի քանի ստեղծագործության ժամանակ որպես բեք-վոկալ հանդես եկան: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: