×


Արամե

Արամե

Էքսկլյուզիվ. Արմեն Ամիրյանը դատարան է դիմելու Արամեի մենահամերգի ուշացման պատճառի, լարված մթնոլորտի, առաջացած տեխնիկական խնդիրների, կազմակերպչական սխալների եւ չվաճառված տոմսերի մասին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է Արամեի պրոդյուսերը` Արմեն Ամիրյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչի` երեկ տեղի ունեցած  երեւանյան երկրորդ մենահամերգը  սկսել է 1 ժամ 40 րոպե ուշացումով, վնասվել է բեմի ետնամասը, դահլիճն էլ կիսով չափ լցվել ու դատարկվել է, քանի որ շատերը լքել են իրենց տեղերը նախքան համերգի սկսելը: Արամեն բեմ է բարձրացել շատ լարված ու նյարդայնացած, ետնաբեմում խնդրել, որ թուլացնեն դահլիճի լույսերը, իսկ մինչ ֆոտոխցիկները փորձել են ֆիքսել երգչին, ետնաբեմի լույսերն անջատվել են: Նշենք նաեւ, որ ելույթի ընթացքում դահլիճում լուրեր են պտտվել, թե կատարումը կենդանի չէ: Arame “Մենահամերգ կազմակերպելու առաջարկը ստացել ենք “Մամիջյան” անհատական ձեռնարկության կողմից: Մենք սիրով համաձայնեցինք եւ, ինչպես միշտ ենք վարվում, պայմանագրով թելադրեցինք բոլոր պայմանները, սակայն կազմակերպչի կողմից թույլ տրվեցին բավական լուրջ եւ կոպիտ սխալներ, ինչի հետեւանքով համերգն ուշացավ”,- BRAVO.am-ին ասել է Արմեն Ամիրյանը: Արամեի պրոդյուսերի կարծիքով` առաջացած խնդիրների պատճառը կազմակերպիչների  պրոդյուսերական սխալներն են` կապված գովազդի, տոմսերի վաճառքի եւ կազմակերպչական այլ հարցերի  հետ: “Այստեղ հանդիսատեսի սարսափելի այն քանակը չէր, որ համերգը չկայանար: Այն, ինչ կատարվեց դահլիճում, խոսում է Արամեի շնորհքի ու տաղանդի մասին, որ մարդը կարողանում է համախմբել հանդիսատեսին, նվիրել իր երգերն ու սերը, ինչը պետք է նվիրեր նախնական տարբերակում: Ես համոզված եմ` այն մարդիկ, ովքեր ներկա էին այս համերգին, բավական բարձր տրամադրությամբ են տուն գնացել եւ միգուցե շատ ավելի լավ կհիշեն այս համերգը, քան նախորդը: Ի պատիվ երգչի պետք է ասեմ, որ հրաշալի համերգ էր”: Armen Amiryan Խոսելով կատարման մասին` Արմեն Ամիրյանը բացառել է այն շշուկները, թե համերգի ընթացքում կենդանի հնչողություն չի եղել. “Արամեն մեր համագործակցության առաջին իսկ օրվանից աշխատել է կենդանի կատարմամբ,  երեկ էլ բեմում կենդանի հնչողություն են ապահովել երգիչն ու երաժիշտները”: BRAVO.am-ի հարցին, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, Արմեն Ամիրյանը հետեւյալ կերպ է պատասխանել. “Թերեւս մենք կդիմենք դատարան, կպահանջենք մեր պատվի ու արժանապատվության վիրավորման վնասի փոխհատուցում: Եթե կազմակերպիչ կողմը հանդես գա հրապարակային ներողությամբ կամ ինչ-որ հիմնավորումներ առաջ բերի, միգուցե դատարան չմտնենք, բայց, ամենայն հավանականությամբ, ես կդիմեմ դատարան”: BRAVO.am-ը կհետեւի իրադարձությունների զարգացմանը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները`  Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW