×


Արթուր Գրիգորյան

Արթուր Գրիգորյան

“Եթե կա սեր, ապա այն սուս ու փուս հաղթում է” Արթուր Գրիգորյան, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, երաժիշտ, կոմպոզիտոր, ով իրեն պարզապես երջանիկ մարդ է համարում: Նա ապրում է Դավիթաշենում` 2,5 սենյականոց բնակարանում: Ունի դուստր ու որդի` Մանեն ու Նարեկը: Մանեին բոլորդ լավ ճանաչում եք, “Ռուբիկոն” երաժշտական հաղորդման աղջիկն է :): Նարեկն արեւելագետ է` արաբերենի մասնագետ: Artur Grigoryan Արթուր Գրիգորյանը սիրում է մեկ անգամ. “Եթե կա սեր, ապա այն սուս ու փուս հաղթում է”: Նա կարծում է, որ պարտադիր չէ ամեն առավոտ սիրո խոստովանություն անել տիկնոջը, որովհետեւ, եթե միասին եք, այն էլ արդեն 28 տարիների համատեղ կյանք ունեք, ուրեմն դա բնական է: “Պետք չէ ուղղակի ինչ-որ խոսքեր ասել, պետք չէ ուղղակի ծաղիկներ նվիրել: Մի օր Ղարաբաղից վերադառնում էի Երեւան, Վայքում կանգ առա ու դաշտային ծաղիկներ հավաքեցի կնոջս համար: Դա նրա համար ավելի թանկ էր, քան եթե որեւէ հայտնի ֆիրմայից ծաղկեփունջ գնեի”: Արթուր Գրիգորյանը դաշնամուրին էլ երբեք ուղղակի չի մոտենում. “Դաշնամուրը հետո պատժում է: Ես նստում եմ հեռվում ու նայում նրան, ու երբ հանկարծ երաժշտություն է գալիս, այն ինձ կանչում է, ասում է` արի”: Artur Grigoryan Նա հանգստանում է աշխատելուց աշխատանքի ընթացքում: Լինում է, որ Արթուր Գրիգորիչը գիշերով նստում է իր ավտոմեքենան ու գնում է Նորավանք, որը երաժշտի համար պարզապես եկեղեցի չէ, այլ էներգիայով լիցքավորված մի վայր, կամ Շուշիում գտնվող իր սիրելի ձորը: Բոլոր ճանապարհորդությունները եւս գործնական բնույթ են կրում: Արթուր Գրիգորյանը չափազանց մեծ կարեւորություն է տալիս ներքին ազատությանը` համեմատելով այն մաքրության հետ. “Երբ մարդ ներքուստ ազատ է, կարծես միշտ լոգանք ընդունած լինի: Ներքին ազատությունն է թույլ տալիս վայելել: Հենց դա է երջանկությունը, եւ սա ինքնավստահություն չէ, դա վստահություն է ինքդ քեզ”: Հունվարի 28-ի առավոտյան Երգի պետական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին արթնացրեց… իմ զանգը :): Ու չնայած այդ փաստին, կոմպոզիտորը սիրով համաձայնեց հանդիպել մեզ հետ ու զրուցել իր նոր ձայնասկավառակի մասին, որի շնորհանդեսը տեղի է ունենալու փետրվարի 4-ին: Artur Grigoryan Ձայնասկավառակը կոչվում է “Երկու տուն, մեկ հայրենիք’’, այնտեղ տեղ են գտել կոմպոզիտորի` տարիների ընթացքում հավաքած այն երգերը, որոնք հայրենիքի մասին են: Երգերը ներկայացնում են Երգի պետական թատրոնի հին ու նոր սերնդի ներկայացուցիչները: Դե գաղտնիք չէ, որ Արթուր Գրիգորյանը հետաքրքիր զրուցակից է, այնպես որ մենք սկսեցինք զրուցել ձայնասկավառակից, ու զրույցը երկարեց… - Արթուր Գրիգորիչ, խոսեցինք հին ու նոր սերնդի ներկայացուցիչներից, ընդհանուր առմամբ մեր երաժշտական առօրյայի մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ վիճակ է: - Հենց երեկ 10 հոգի ընդունել եմ Երգի թատրոն որպես մեներգիչներ: Երկուսը հենց ուսանողներից են: Բայց մի պայմանով. մեկ ամիս կաշխատենք, հետո կլինի ատեստացիա կոչվածը: Եթե իրար հետեւից կերգեն ինը երգ, կշարունակենք աշխատել, չեն երգի` ուրեմն վերջ: Իսկ մեր երկրի ներկայիս երգարվեստը վարկաբեկված արվեստ է: Հենց հաջորդ սերունդների համար հակացուցված երաժշտություն է: Ես հաճախ ասում եմ կոմպոզիտորներին, որ սխալ է գրել հարեւան երկրի լադերով երգեր ու հետո էլ ներկայացնել դա ամբողջ աշխարհում որպես հայկական: Մի մեծ սերունդ է փչանալու: Ու սխալ է ժողովրդի անունից ասել` “էտ են ուզում”: Artur Grigoryan - Երգի պետական թատրոնը որոշ չափով սահմանել ու դեռեւս շարունակում է սահմանել գրաքննություն` ցենզուրա: Նամանավանդ, որ Դուք նաեւ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ալեքսան Հարությունյանի խորհրդականն եք: Ուզում եմ իմանալ` ձեր անձնական գրաքննադատը ո՞վ է: - Երեւի թե բնությունն է, հոգիդ... Ինքդ քո խղճիդ առջեւ ես գրաքննադատ: Ու երբեք իրավունք չունես մոռանաս այդ մասին: Գիտես, շատ երգեր ունեմ գրած, որ հենց ինքս էլ չեմ հավանում, ու մինչեւ հիմա էլ նման երգերի սեւ ցուցակ ունեմ, թեպետ հենց այդ երգերն էլ հաճախ շատ լավ են ընդունվում հանդիսատեսի կողմից: Օրինակ, “Հայաստան իմ չքնաղ” (երգելով հիշում է Արթուր Գրիգորյանը:) – հեղ.): Այս երգը 1978 թվին գրեցի մանկական խմբի համար, բայց այն հերոս երգ դարձավ, չէի պատկերացնում, որ այսքան կապրի: - Իսկ Ձեր երգերից ո՞րն եք համարում Ձեր այցեքարտը: - Առաջին հերթին դա հանրահայտ երգ չէ: Ինքս էլ չեմ ուզում, որ այն երգերը, որոնք այցեքարտ եմ համարում, շատ հնչեն: Որովհետեւ չեմ ուզում, որ հոգուս այդքան ծափահարեն: Դրանք շատ անձնական երգեր են, եկել ու գրվել են: Դե, օրինակ, “Կորցրած մեղեդին” կարելի է այցեքարտ համարել: Ի դեպ, այն 19 տարեկանում եմ գրել: Artur Grigoryan - Ձեզ հազվադեպ կարելի է հանդիպել տարբեր երեկույթների, համերգների ընթացքում: Չե՞ք սիրում, ժամանակ չունե՞ք, թե՞... - Չեմ հասկանում բոմոնդ կամ գլամուր բառերը: Որովհետեւ դրա համար պետք է համապատասխան հասարակություն ունենալ: Ես չեմ սիրում, երբ մարդիկ գնում են ջազ լսելու, բայց չեն հասկանում, դա ինչ է, միայն գիտեն, որ պետք է գլուխները շարժեն: - Իսկ վերջին անգամ ու՞մ համերգին եք ներկա եղել: - Սթիվի Ուանդերի համերգին` Լաս-Վեգասում: Հեքիաթ էր: Նա մոտավորապես երկուս եւ կես ժամ երգեց ու դեռ չէր էլ ուզում գնար բեմից: - Իսկ այստեղ համերգներ հաճախո՞ւմ եք: - Այստեղ հիմնականում չեմ գնում համերգների: Ի՞նչ համերգներ գնամ: Չեմ ուզում դիլետանտ շոու-ծրագրեր ու վերեւից թափվող "բանտիկներ” տեսնել, վատ հնչողություն լսել: - Բայց այդ “underground” երաժշտություն ասվածը մի տեսակ զարգանում է չէ՞ մեզ մոտ: - Իհարկե, այդ ոլորտում կան լավ համերգներ, բայց դրանք “բանտիկներով” չեն: Օրինակ, չքնաղ երգիչ է Գոռ Սուջյանը, ամեն ինչ է երգում ֆանտաստիկ` ռոք, ջազ, սոուլ, ժողովրդական: Ես խելոք երգիչներ եմ սիրում: Artur Grigoryan - Խուսափում եք տարբեր տեսակի երեկույթներից, բայց բամբասանքներից, կարծում եմ, չի հաջողվում փախչել: Ո՞րն է Ձեր մասին լսած վերջին ասեկոսեն, որ սխալ էր, զվարճացրեց կամ զարմացրեց Ձեզ: - Ինձ վերջերս այդ թեմայով ամեն ինչն է զվարճացնում: Կան մարդիկ, ովքեր ինչ որ հավաքածուներ ունեն: Ես էլ բամբասանքներն էի հավաքում: Դա մարդկային հիվանդություն  է: Շատ են ասում, որ ես առավելություն եմ տալիս ղարաբաղցի երգիչներին: Եթե դա այդպես է, ուրեմն լավ եմ անում: Բայց ես ներկայացրել եմ Անդրեին, Ռազմիկ Ամյանին ու Վարդան Բադալյանին, ու հանդիսատեսը սիրում է նրանց: Բա մնացածը ո՞ւր են: Ես չեմ հասկանում այդ “ցի” հասկացությունը: - Ուզում եմ Ձեզ մի բան հարցնեմ, ինչը Դուք ժամանակին բոլորին էիք հարցնում: - Աստծո մասի՞ն ես հարցնելու :): - Այո :): Երբ մի օր կանգնեք Աստծո առջեւ, ի՞նչ կհարցնեք նրան: - Ես կասեմ` էկա, ի՞նչ կա անելու, ասա: Նա էլ կասի` լավ ես արել, եկել ես, հիմա կասեմ, ինչ անես :): Ես նրան Աստված չեմ ասում, նա իմ ընկերն է, զրուցում եմ իր հետ, ընկերական բարկանում եմ: Հավատը իմ մեջ է: Արթուր Գրիգորյանի համար գոյություն չունեն հանգստյան օրեր, նա մշտապես աշխատանքի մեջ է: Նրա օրը ավարտվում է ուշ գիշերը: Երբեմն նա մինչեւ գիշերվա 3-4-ը մնում է թատրոնում, նվագում է: “Ես այդ ժամին եմ աշխատում, ինձ այդ ժամին է լավ: Ու պետք է մենակ լինեմ այդ ժամանակ, որովհետեւ եթե մեկը կողքից լսում է, դա նույն բանն է, երբ դու լոգանք ես ընդունում, իսկ քեզ կողքից հետեւում են”: Bravo.am-ը խոստանում է պատմել Արթուր Գրիգորյանի ձայնասկավառակի շնորհանդեսի մանրամասները, իսկ մինչ ձայնասկավառակը գնելը ձեզ ենք ներկայացնում CD-ում տեղ գտած մի քանի երգերի տեսահոլովակները :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները եւ դիզայնը` Արթուր Հովակիմյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport