×


Արմեն Թութունջյան՝ Չիկո

Արմեն Թութունջյան՝ Չիկո

Ամեն ինչը իրականում հենց սերն է կառավարում” Ջազը մարդկային կյանքի հիմն է իր բոլոր արտահայտչամիջոցներով` անհեթեթությամբ, անհասանելիությամբ, վեհությամբ, բանականությամբ, խորությամբ, սեքսուալությամբ … Շատերը չեն հասկանում, թե ինչպես եւ ինչու Երեւանը հայտնվեց համաշխարհային ջազի քարտեզի վրա: Իսկ պատասխանը պարզից էլ պարզ է: Դա տեղի ունեցավ այն մարդկանց շնորհիվ, ովքեր լավ երաժշտական ճաշակ ունեին, կարող էին գնահատել ու նկատել գեղեցիկը: Մոտավորապես այսպես է սկսվում այն անձնավորության թվով երկրորդ գիրքը, ում հետ զրուցել ենք այսօր: Հայկական ջազի ակունքներում կանգնած ջազմեն, հարվածային գործիքներ նվագող Արմեն Թութունջյան, ում բոլորը ճանաչում ու սիրում են որպես Չիկո:): Armen Tutunjyan Երկար ճանապարհ անցնելով համախոհ երաժիշտ ընկերների հետ` Չիկոն որոշել է կիսվել  իր փորձով ու հիշողություններով գրքի տեսքով: Իր իսկ խոսքերով` նա գրական շեդեւրի չի հավակնում, այլ ուղղակի ուզում է պատմել հայկական ջազի պատմությունը` առաջնորդվելով ”ոչ ոք եւ ոչինչ չպետք է մոռացվի” սկզբունքով:): Շուտով լույս կտեսնի այս գիրքը, որով Արմեն Թութունջյանը արդեն իսկ դասախոսություններ է կարդում: Գիրքը կրում է Ջիմի ՄքՀյուի եւ Դորոթի Ֆիլդսի հեղինակային երգի անվան` “On The Sunny Side Of The Street of Jazz” փոքր-ինչ փոփոխված տարբերակը`  “Ջազի փողոցի արեւոտ կողմում”: Հենց այդ փողոցում այս “արեւոտ” մարդը սիրահարվեց ջազին: - Ե՞րբ էր եւ որտե՞ղ էր այդ արեւոտ փողոցը:): - Շատ վաղուց էր: Հաստատ հիշում եմ, որ Պուշկինի անվան դպրոցի 5-րդ դասարանում էի սովորում: Ծնողներս Մոսկվա էին մեկնել ու վինիլային շատ ձայնասկավառակներ բերել` դասական երաժշտություն, ռոմանսներ, շլյագերներ: Ու այդ բոլորի մեջ կար այն միակ ձայնասկավառակը, որը չափսերով ավելի փոքր էր քան մյուսները, որից չէի կարողանում պոկվել. ոգեշնչող ու հիացնող երաժշտություն, ամերիկացի երաժիշտներ, ռիթմ, որը ինձ կլանում էր…: Հետո տարիներ անց իմացա, որ դա ջազային-սվինգային ռիթմն էր:  Այդ ժամանակ արդեն փորձում էի  մատիտներով այդ ռիթմերը արտաբերել մատիտների տուփերի վրա, իսկ դպրոցից տուն վերադառնալիս  շվշվացնում էի այդ սկավառակից իմ ամենասիրված մեղեդին` ''On the sunny side of the street''. Երգի այս անվանումը ես վերցրեցի  որպես իմ գրքի խորագիր նաև  նկատի ունենալով, այն որ շնորհիվ մեր ջազմենների տարբեր սերունդների ներդրած ջանքերի, հայաստանյան ջազը քայլում է  համաշխարհային ջազի փողոցի  արևոտ կողմում: Armen Tutunjyan Մենք սիրողական մակարդակից ենք սկսել: Իմ երաժշտական կենսագրության մեջ առաջին լուրջ, հասուն էջը դա “Երիտասարդություն” նվագախումբն էր` Ստեփան Շաքարյանի ղեկավարությամբ: Ի դեպ, ունեինք նաեւ “Կռունկ” վոկալ-գործիքային անսամբլ, որտեղ ռոք էինք նվագում: Մեզ հետ ելույթ էին ունենում Էլվինա Մակարյանը, Սիմոն Տերյանը, Ռաիսա Մկրտչյանը: Իսկ ջազում առաջին հաջողությունը վայելեցի, ճաշակեցի Արթուր Աբրահամյանի և Լևոն Մալխասյանի հետ եռյակում նվագելիս: - Երկու բարձրագույն կրթություն ունեք: Ինչպե՞ս ստացվեց, որ տեխնիկական կրթությունը իր տեղը զիջեց ջազին: - Պոլիտեխնիկական կրթություն ունեմ, հետո նեյրոֆիզիոլոգիայով էի զբաղվում 6 տարի, ասպիրանտուրայում էի սովորում:) Բայց այդ ժամանակ ես արդեն Չիկոն էի, 2 համամիութենական փառատոնի դափնեկիր էի: Ուզում էի ապահովել իմ եւ երաժշտության շփման մաքրությունը, որ ռեստորաններում նվագելուց խուսափեի, չէ´որ պաշտպանվելուց հետո կունենայի բարձր աշխատավարձ և կկարողանայի ազատ ժամանակս նվիրել ջազին: Շատ էի հավատում իմ այդ ծրագրին և գիտության մեջ էլ գործերս վատ չէր. դա  պարզապես երիտասարդական մաքսիմալիզմ էր: Armen Tutunjyan Բայց հեղափոխական պահ եղավ իմ կյանքում, երբ իմ ընկերը, լեզվաբան Վլադիմիր Խաչատրյանը, ով նաեւ ինձ անգլերեն էր դասավանդում, մեկ օր ասաց` ”Լսիր, եթե դուրս գանք փողոց ու հազար հոգի հավաքենք, կտեսնենք, որ հարյուրավոր դասախոսներ, ինժեներներ, բժիշկներ և այլ մասնագետներ կան, բայց մի ջազային թմբկահար դժվար թե գտնվի: Իսկ դու այդպիսինն ես, էլ ի՞նչ ես ուզում”:): Միտքը եւ խոսքերը մեծ ուժ ունեն, որոնք էլ խթան հանդիսացան, որ վերջնականապես կողմնորոշվեմ: Կոնսերվատորիան ավարտեցի, որպեսզի իմ սիրելի թմբկահարությունը  դասավանդելու իրավունք ստանամ: - Իսկ ընդհանրապես ջազմենների համար բարձրագույն կրթությունը պարտադիր է՞: - Ես չեմ հավանում բարձրագույն բառը, մեզնում դա նշանակում է միայն բուհական կրթություն, մինչդեռ կարելի է ավելի բարձրակարգ կրթություն ստանալ մասնավոր պարապմունքների արդյունքում: Իսկ կրթության դերը երբեք չեմ թերագնահատել: Չեմ սիրում, երբ ասում են` նվագողը կնվագի: Եթե նվագողը կնվագի, ուրեմն նրան պետք է օգնել, որ նա լավ նվագի: Բայց ամեն ինչ իրականում հենց սերն է կառավարում` ուսանողի դերը ընտրած մասնագիտության հանդեպ: - Բայց բացի Վլադիմիր Խաչատրյանից, ջազն էլ  չէ՞ Ձեզ անգլերեն սովորեցրեց: -Այն ամենը, ինչ կատարվել է իմ կյանքում, ջազ անունով միեւնույն տակառից է: Ինչպես կարելի է սիրել ջազ ու չիմանալ անգլերեն: Սիրտս դողում էր, երբ ձայնասկավառակը ձեռքերումս էր, իսկ վրան ինչ-որ կարեւոր բան է գրված, որը չէի հասկանում: Ես արագ-արագ, բայց գեղեցիկ ձեռագրով արտագրում էի վերնագրերը կամ լուսանկարում դրանք, որովհետեւ ձայնասկավառակներ չէին ճարվում, ու պետք էր շտապ վերադարձնել:): Հետո բառ առ բառ սովորում էի: Համարյա թե ինքնուս եմ: Armen Tutunjyan - Եթե համեմատենք երեկվա ու այսօրվա երեւանյան ջազը, ինչպիսի՞ ընթացք ու զարգացում է նկատվել: - Երեկվա ջազը նման է Մադամ Տյուսոյի մոմե արձանիկին: Իսկ հիմա արձանիկը կենդանացել է: Խորհրդային Միության փլուզումից հետո ջազի համար բացվեցին թթվածնային խողովակները: Այսինքն, առաջացավ հնարավորություն նվագել տնից դուրս ինչ-որ սրահներում, լինի դա փտած «պադվալային» ակումբ, ցնցող արդի համերգասրահներ կամ հարմարավետ ակումբ: Հիմա կա այդ հնարավորությունը: Ուզում ես ջազ նվագել, նվագի, փորձիր ու ապացուցի, որ կարող ես: Հիասքանչ ջազմեններ կան, ու եթե երաժիշտը պատրաստ է, ուրեմն կարող է գնալ ու սովորել: Ջազը մրցակցային արվեստ է, մարդիկ թքած ունեն` ինչպես ես նվագել երեկ, դու պետք է մրցունակ լինես այսօր: Հարցնում են` գիտե՞ս ինքն ով է, ի՞նչ է արել: Երաժշտությունը ընթացք է, եթե այսօր դու չես կարող նվագել գոնե երեկվա պես, ուրեմն ո՞ւմ ես դու պետք: Այն ժամանակ ջազը ատրիբուտ էր: Նկարիչները, ճարտարապետները ջազ էին լսում: Շատ հազվադեպ էին համերգներ տեղի ունենում Երեւանում ու հիմնականում  միշտ դասական երաժշտության տաճարում` Կոմպոզիտորների միությունում, որովհետեւ կոմպոզիտորների միության նախագահ Էդուարդ Միրզոյանը բավականին առաջադեմ էր: Դրա պատճառն այն էր, որ մեր երաժշտական աշխարհի  խոշոր դեմքերի համար մեծ հեղինակություն էր Արամ Խաչատրյանը, իսկ նա ջազի երկրպագու էր:): Այնպես որ, ներկայիս երեւանյան ջազը այդ ժամանակվա շարունակությունն է: Armen Tutunjyan - Դուք առաջին FM ռադիոկայանի առաջին ջազ հաղորդավարն եք, իսկ Ձեր “Jazz Time” հաղորդումը արդեն 10 տարուց ավել եթերում է: - Գիտես, մոտ 10 տարի հեռուստահաղորդումները իմ բնակարանում էինք նկարահանում, ավելի հարմար էր: Սենյակս կարծես ստուդիա լինի:  Նախ` տաղավար չկար, եւ դա ավելի էժան տարբերակ էր: Իսկ մեր տան հեռուստացույցը ծառայում էր որպես մոնիտոր   : - Ինչո՞ ւ Ձեր որդին չշարունակեց Ձեր ճանապարհը: - Տղաս օժտված էր բոլոր նախադրյալներով երաժիշտ դառնալու համար, նույնիսկ ինձնից լավ լսողություն ուներ: Դեռ մանկուց բավական լավ նվագում էր հարվածային գործիքներ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն է ավարտել ու դաշնամուր էլ էր շատ լավ նվագում, հաճախ միասին էինք նվագում, նա`դաշնամուր, ես`հարվածային գործիքներ: Բայց “խենթություն” չծնվեց նրա մեջ, ու երաժշտական ուղին չշարունակեց: - Ջազը լի է իմպրովիզներով, իսկ Ձեր անձնական կյանքում էլ եք իմպրովիզներ անո՞ւմ: - Ցանկացած իսկական ստեղծագործող անձնավորությանը անհրաժեշտ է գտնվել սիրահարվածության վիճակում: Արտիստին, երաժշտին անհրաժեշտ է տառապանքի որոշակի չափաբաժին, որովհետեւ լիովին երջանիկ մարդը հիմարի տպավորություն է թողնում: Armen Tutunjyan Երեւի յուրաքանչյուր ալպինիստ սար մագլցելուց առաջ պատկերացնում է, որ դա չի կարող հավերժ գործընթաց լինել: Արդյունքում, նա ինչ-որ տեղ իր դրոշն է տեղադրում: Իսկ երբ նա տեղադրում է դրոշը, նշանակում է`գագաթը արդեն նվաճված է, արդեն կսկսվի վայրէջքը, բայց եթե նրանք երջանիկ են, թող  վրան բացեն այնտեղ ու շարունակեն ապրել այնտեղ: Նույնիսկ Ջոմոլունգման է նվաճված, լինում են վատ ալպինիստներ, այլ ոչ թե անանցանելի սարեր:): Ջազում էլ այդպես է. այն կջարդի քեզ, եթե չհավատաս քո վերելքին ու նվաճումներին: Համոզված եմ, որ միայն սիրահարված լինելով կարելի է սարեր շուռ տալ: Նորա Ջոնսը մի երգ ունի “comes love and nothing can`t be done”` երբ գալիս է սերը, էլ ոչինչ չես կարող անել: Բայց պետք է երջանիկ լինես, որ այն եկել է, որովհետեւ պատահում է, որ սերը չի այցելում: Ասում են` սերը երբեք առանց տխրության չի լինում, բայց դա ավելի հաճելի է, քան տխրությունն առանց սիրո: Հավերժ երիտասարդ, հետաքրքիր ու Կոմիտասի պողոտայի արեւոտ կողմում ապրող ջազմեն Չիկոն վերջում ավելացնում է`“Ես հոգով ու սրտով, ոտքից գլուխ ջազմեն եմ, ու միշտ էլ հոգուս ասածներն եմ լսում ու հետեւում դրանց: Թող ներեն ինձ մեր էստրադայի ներկայացուցիչները, բայց նրանց ձայնասկավառակները իմ տանը չունեմ: Ու շնորհակալ եմ իմ ճակատագրին, որ որոշ մտքեր ծնվում էին անկախ իրավիճակից: Եթե համարենք, որ ես տաղանդներով եմ օժտված, ապա դրանցից մեկը այն է, որ ես նախօրոք զգում եմ, թե ինչ է անհրաժեշտ անել: Դա այն բնական գործընթացն է, երբ մարդը սիրում է ու փորփրում է այն ոլորտը, որն իրենն է”:): Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport