Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Ի՞նչ են խոսում. Ռազմիկ Ամյանն ու այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» հաղթող Վլադիմիր Արզումանյանը բարեկամներ են: Իրականում. լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ երգիչը դժվարացավ միանշանակ ասել, թե ինչու են մարդիկ իրենց նմանեցնում եւ հումորով ավելացրեց. «Եթե Վովան ուզում է, որ նման լինենք, ուրեմն` նման ենք»: Երգչի պրոդյուսերն ասաց, որ Ռազմիկին էլ շատ են հարցնում` արդյոք ազգակցական կապ կա՞ Վլադիմիրի հետ, որի պատճառը, ըստ պրոդյուսերի, այն է, որ եւ Ռազմիկը, եւ Վլադիմրը Արցախից են, բացի այն, որ մարդիկ արտաքին նմանություն են նկատում: Արմեն Մովսիսյանը պատմեց, որ Ռազմիկի ընկերները Վլադիմիրի ելույթից հետո զանգահարել են երգչին` իմանալու` տեսե՞լ է արդյոք իր «փոքր տարբերակին»: Արտերկրում լինելու պատճառով Ռազմիկը Վլադիմիրի ելույթը հետո է տեսել ինտերնետում եւ շատ է հավանել: «Վովային ծանոթ եմ վաղուց, կարծում եմ` «Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթում Վլադիմիրին ուղարկելը շատ ճիշտ որոշում էր, քանի որ լավ տվյալներ ունի եւ ճիշտ աշխատանքի շնորհիվ կարող է մեծ հաջողությունների հասնել»,- վստահ է Ռազմիկը: Ինչ վերաբերում է իրենց համագործակցությանը` երգչի պրոդյուսերը չբացառեց, որ գուցե հետագայում նրանք համագործակցեն, քանի որ անհնարին ոչինչ չկա: Ի դեպ, այս տարի երգիչն Ամանորը կդիմավորի ու ընտանիքի հետ կանցկացնի Մոսկվայում: 2011թ-ը Ռազմիկի համար շրջագայություններով է սկսում. հենց տարվա սկզբից երգիչը համերգներով հանդես կգա ԱՄՆ-ում, Լիբանանում, Ռուսաստանի տասից ավելի քաղաքներում: Ի՞նչ են խոսում. «Yere1»-ի Կոռուպցյանը` ինքը Գոքորը, վերջերս թողարկել է ընտանեկան 2-րդ տեսահոլովակը, որը կոմերցիոն նպատակներ է հետապնդում: Իրականում. լուրը մասամբ է համապատասխանում իրականությանը: Երգչուհի Հռիփսիմե Ելինյանն ու հումորիստ Գոքորը դեռեւս 2008 թ-ին թողարկել էին իրենց առաջին` «Գժվում եմ» տեսահոլովակը, որը հումորային եւ սիրո մասին պատմող ուրախ երգ էր: Նոր երգի գաղափարը Գոքորինն ու Հռիփսիմեինն էր, ովքեր ուզում էին այնպիսի երգ ու տեսահոլովակ նկարահանվի, որն իրենց որդու` Ալբերտոյի մասին կլիներ: «Երբ փորփրում էի իմ համակարգչի երգերը, մի վրացական երգ գտա, որի երաժշտությունը բարություն էր ներշնչում, հենց դա էլ եղավ երգի երաժշտությունը»,- պատմեց հումորիստը: Երգի խոսքերի հեղինակը հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն է: Տեսահոլովակի ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի մտահաղացմամբ էլ, ով նաեւ «Yere1»-ի ռեժիսորն է, Ալբերտոն նկարչական ալբոմում պատկերեց ծնողներին ու իր աշխարհը: Նկարահանումը տեւել է 1 օր, սակայն փոքրիկը ներկա է եղել միայն իր հատվածի նկարահանմանը: Չնայած իր անհանգիստ ու չարաճճի բնույթին` Ալբերտոն իրեն շատ լավ է պահել եւ կարողացել է աշխատել տեսախցիկի հետ: Իսկ ավարտուն տեսահոլովակը տեսնելուն պես` երեխան բուռն է արձագանքել` տեսնելով իրեն: Ընտանեկան համագործակցությունն ապագայում կշարունակվի, հումորիստը մտադիր է նոր երգ թողարկել, իսկ թե ինչ թեմատիկայով, դեռ պարզ չէ: Գոքորն ասում է, որ իրենց երաժշտական գործունեությունը կոմերցիոն բնույթ չի կրում եւ ուզում է, որպեսզի կինը առանձին հանդես գա, քանի որ նա երգչուհի է եւ իրեն ավելի անհրաժեշտ է անհատական տեսահոլովակ ունենալը: Սակայն Հռիփսիմեն դրան համաձայն չէ: Ինչ վերաբերում է ամանորյա տոներին` ապա հայտնի ամուսնական զույգն այն կանցկացնի Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում: Ի՞նչ են խոսում. դերասան Խորեն Լեւոնյանը հայր է դարձել: Իրականում. բարի լուրը ճշտելու համար դերասանի կնոջ ծննդաբերությունից օրեր հետո խոսեցինք դերասանի հետ, ով երջանիկ ձայնով հաստատեց այն: Դեկտեմբերի 2-ին Հարավարեւմտյան թաղամասի Սուրբ Աստվածածին հիվանդանոցում լույս աշխարհ եկավ դերասան Խորեն Լեւոնյանի որդին: Առաջնեկին դերասանն անվանակոչել է իր հայրիկի պատվին` Արմեն: Խորենի խոսքերով` 3 կգ-ից ավելի քաշով փոքրիկ Արմենն իրեն շատ լավ է զգում. «Շատ առողջ ու խոշոր երեխա է, քանի որ իմ տղան է»,- հպարտությամբ ասաց նա: Խորեն Լեւոնյանի համար շատ կարեւոր էր երեխայի սեռը. նախապես գիտեր, որ որդի է ունենալու եւ հաջորդ երեխան էլ կցանկանա, որ տղա լինի, քանի որ ցանկանում է անպայման որդիներ ունենալ: Ինչ վերաբերում է զգացողությանը` դերասանն ասաց, որ շատ մեծ տարբերություն է զգում, միանգամայն այլ զգացողություն ունի, որը խոսքերով դժվարացավ փոխանցել: Խորեն Լեւոնյանի կինն էլ` Մերին, ասաց, որ հղիության առաջին ամիսներին, երբ դեռ չէին պարզել երեխայի սեռը, Խորենը վստահաբար պնդում էր, որ որդի է ունենալու: Չնայած դերասանն ուզում է երեք որդի ունենալ, կինը` Մերին, շատ է ցանկանում, որ հաջորդ երեխան աղջիկ լինի: Մերին մեզ պատմեց, որ երբ առաջին անգամ գիրկն առավ փոքրիկին, չէր հավատում, որ իր բալիկն է: Միայն նոր-նոր է հասկանում, որ իր փոքրիկն է ու մայր է դարձել: 50 սմ հասակով, 3 կգ քաշով Արմենը շատ հանգսիտ երեխա է եւ ծնողներին էլ շատ չի անհանգստացնում: Ինչպես փոքրիկի մայրը փոխանցեց` լավ ուտում է եւ քնում: Մերին մեծ սիրով ու հաճույքով է մեծացնում իրենց առաջնեկին. «Անգամ գիշերներն արթնանալիս հաճույքով եմ վեր կենում»,- հավելեց նա: Դերասանի կինը որդուն դեռ հստակ իրենցից որեւէ մեկին չի նմանեցնում, բայց մտերիմներն ասում են, որ հոնքերն ու բերանը հայրիկին է նման, իսկ աչքերը` իրեն: Ի՞նչ են խոսում. երգչուհի Շպռoտը փոխել է իր բեմական անունը եւ այսուհետ հանդես է գալու Վոդկա անունով: Իրականում. լուրը կրկին մասամբ է համապատասխանում իրականությանը: Մեր հեռախոսազրույցի ժամանակ Շպռօտն ասաց. «Դեռ չեմ որոշել, ամերիկացի ընկերներս բոլորն էլ համոզում են, որ մնամ Շպռօտ»: Իսկ բեմական անունը փոխելու մտադրության պատճառն այն է, որ ամերիկացիները դժվարությամբ են արտասանում Շպռօտ անունը: Երգչուհին մտավախություն ունի, որ Հայաստանի երկրպագուներին եւս դուր չի գա բեմական անվանափոխությունը, քանի որ իրեն սիրել եւ ընդունել են որպես Շպռօտ: Իսկ թե ինչու «Վոդկա»` երգչուհին ասաց. «Չգիտեմ, չեմ խորացել, հետաքրքիր էմոցիա է առաջացրել` չնայած օղի սիրում եմ, քանի որ խմիչքներից ամենամաքուրն է եւ գլխացավ չի առաջացնում»: Երգչուհին այժմ Լոս Անջելեսից տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նրան օգնում է լուսանկարիչ Սերգեյ Դանիելյանի ընտանիքը: «Ուզում էի Նյու Յորքը տեսնել, Լոս Անջելեսում լավ էր, բայց ինչ-որ բան պակասում էր. այնտեղ երեկոյան ժամերին դրսում մարդ չկար»,- պարզաբանեց Շպռօտը: Անձնական կյանքում, սակայն, երգչուհին նորություն չունի: Շարունակում է աշխատել Արամ Ավագյանի եւ Արմեն Մովսիսյանի հետ: Նոր «Baby I am your virus» երգը երգչուհին ձայնագրել է Վանո անունով ամերիկահայ մի երիտասարդի հետ, ով սովորում է Լոս Անջելեսի թատերական քոլեջում: Ինչ վերաբերում է տեսահոլովակներին` երգչուհին ասաց, որ դրանք գումարների հետ են կապված, իսկ ԱՄՆ-ում նա գոյատեւելու խնդիր ունի: Ի դեպ, երգչուհին մինչ 2012-ը Հայաստան չի վերադառնա: Գիտեր ու բոլորին իմաց տվեց Սեդա Պողոսյանը Տեքստը` “Ե՞ս Yes” ամսագրի Լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի եւ Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: