×


Գորան Բրեգովիչ

Գորան Բրեգովիչ

“Հարսանիքի եւ թաղման նվագախմբով”` Երեւանում:) Գորան Բրեգովիչը, ով նշում է` կիրակի օրերին իր ավտոմեքենան է լվանում, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ, նոյեմբերի 15-ին հայերին “Ալկոհոլ” մատուցեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. “Հայրս ամեն տարի հազարավոր լիտրերով գինի է արտադրում, ամբողջը կարող է խմել ու բավական ընկերասեր է: Ես վստահ չեմ, որ այդքան ընկեր ունեմ, ովքեր հազարավոր լիտրեր կխմեն, ու ամբողջ ժամանակ շրջագայում եմ:)”: Goran Bregovich Անվանի սերբ երաժիշտն իր “Հարսանիքի եւ թաղման նվագախմբով” Երեւանում առաջին անգամ համերգ տվեց: Հանդիսատեսը, լավ իմաստով, հարբել ու պարում էր:): “Նույն համերգային ծրագիրն եմ ներկայացնում, որով այս տարի հանդես եմ եկել Նյու-Յորքում, Փարիզում եւ Լոնդոնում: “Ալկոհոլի” ձայնագրությունն երկու մասից է բաղկացած` օղուց եւ շամպայնից: Առաջին տեսակը արդեն գործածվում է, երկրորդը կլինի մարտին:): Երկու հատվածի երաժշտություններից  էլ կհնչեցնեմ եւ հուսով եմ` ձեզ դուր կգա”,- մինչ համերգը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գորան Բրեգովիչը: Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ ֆիլմերի համար գրված նրա ստեղծագործությունները, մի քանի երգ էլ “Բրեգովիչի Կարմենը` երջանիկ ավարտով” իր առաջին օպերայից: “Gas-Gas”-ը երեւանցիներից շատերի համար բջջային հեռախոսի զանգ է ծառայում, վերջում հնչեցրած “Kalashnikov”-ն էլ ամենասիրելի գործերից մեկն է, “Maki, Maki”-ն` եւս:): Goran Bregovich Մինչ Գորան Բրեգովիչի հետ աշխատելը` երաժշտի նվագախումբը հարսանիքի եւ թաղման ծեսերի ժամանակ է նվագել. “Կատակով սկսեցի “Հարսանիքի եւ թաղման նվագախումբ” կոչել: Սերբերը ավանդույթ ունեն թաղումից հետո հոգեհաց տալ: Արարողության ընթացքում երաժիշտները նվագում են այն երաժշտությունը, որը սիրում էր հանգուցյալը, եւ հնարավոր է` ուրախ երաժշտություն հնչի: Այդ պատճառով երկու առիթների ժամանակ էլ նույն մարդիկ են նվագում”: Սերբ երաժիշտ, երգահան, դիրիժոր, կիթառահարը ծնվել է Սարաեւոյում` սերբ մորից եւ խորվաթ հորից: Կոնսերվատորիայի ջութակի բաժնում սովորելուց հետո 16-ամյա Գորանը կազմել է իր առաջին “Սպիտակ կոճակ” խումբը ու սերբական ռոք հնչեցրել: “Եթե նման վայրում ես ծնվում, վատ լուրեր լսելու պատրաստ պետք է լինես: Մենք չունենք սերունդ, որ վատ լուրեր չի լսել, որովհտեւ թուրքական սահմանին խնդիրներ ունենք… Բայց փորձում ենք լավատես լինել: Համենայն դեպս, լավ է, որ պատերազմն ավարտվել է”,- նշեց Գորան Բրեգովիչը: Goran Bregovich Նա հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի հանրահայտ “Սպիտակ կատու - Սեւ կատու”, “Գնչուների ժամանակը”, “Արիզոնյան երազանք”. “Անդերգրաունդ” եւ մի շարք այլ ֆիլմերի երաժշտության հեղինակը: “Ես միայն ընկերության համար էր, որ սկսեցի ֆիլմերի համար երաժշտություն գրել: Ռոք աստղ էի, իսկ վերջինները ֆիլմերի համար երաժշտություն ընդհանրապես չեն գրում. փառք եւ գումարներ չկան, որ շահագրգռվի, հետաքրքրվի”,- նշեց երաժիշտը` հավելելով, որ պատերազմի տարիներին է աշխատել ֆիլմերի վրա. “Այդ ընթացքում դա միակ աշխատանքն էր, որ ինձ առաջարկվեց: Փարիզում էինք, երբ պատերազմը սկսվեց, եւ մենք մնացինք Ֆրանսիայում: Տասը տարվա ընթացքում քսան-երեսուն ֆիլմ արեցինք, դա, իհարկե, երկար ժամանակ էր: Եթե Անջելինա Ջոլիի հետ անցկացնեի այդ տարիները, գուցե ավելի ուրախ լինեի:)”: Khoren Levonyan Ի դեպ, հենց Փարիզում էլ 1993 թվականին Գորան Բրեգովիչը ամուսնանում է իր երկար տարիների ընկերուհու կետ: Անվանի երաժշտի հարսանիքը նկարահանել է աշխարհահռչակ Էմիր Կուստուրիցան: Բրեգովիչը երեք դուստր ունի: Գորան Բրեգովիչը արդեն տասը տարի է, ինչպես ինքն է նշում, ֆիլմերի հետ կապ չունի. “Կոմպոզիտորի համար ֆիլմի երաժշտություն գրելը հազվադեպ է նպատակ հանդիսանում: Ես բախտավորություն ունեցա մի քանի լուրջ ֆիլմերում ներկայանալ, բայց կյանքն այնքան էլ երկար չէ, որ մարդն այն նվիրի միայն այդ գործին: Երբ երիտասարդ ես, քեզ թվում է` հազարավոր փորձեր պետք է անես, հիմա արդեն մի բանի մասին եմ մտածում, որ ժամանակս չվատնեմ”: Goran Bregovich “Երաժշտությունը ՁԻԱՀ-ի նման է”. Գորան Բրեգովիչ Սերբ երաժիշտը մինչ Հայաստան ժամանելը համացանցում հայկական ֆոլկ երաժշտություն էր փնտրել ու լսել. “Ձեր ֆոլկլորը շատ հարուստ է: Երաժշտությունը ազդեցության հզոր միջոց է, դա հարբուխ չէ, որ անմիջապես վարակվես, ավելի շատ ՁԻԱՀ-ի նման է. տարիներ հետո կարտահայտվի մարդու առողջության վրա:): Եթե դեմ չեք, ու ինչ-որ բան ստացվի գողանալ Հայաստանից, արդյունքը հետո կերեւա”,- ասաց Գորան Բրեգովիչը: Հիշեցնենք, որ Գորան Բրեգովիչին իր “Հարսանիքի եւ թաղման նվագախմբով” Երեւանում հյուրընկալել էր “Երեւանյան Հեռանկարներ” 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW