×


Եվա Սուջյան

Եվա Սուջյան

Ագրեսիվ` ռոքում, նուրբ` իրականում Օգոստոսի 6-ին “Stop” ակումբը կարծես տեղափոխվել էր 20-րդ դարի 60-70-ական հին ու բարի թվականներ: Ժամանակի մեջ ճանապարհորդողը Եվա Սուջյանն էր` “Alien Time” ռոք-խմբով, ու բոլորը վայելում էին Ջենիս Ջոպլինի, “Beatles”-ի, «Deep Purple»-ի հայտնի հիթերը: Ջութակահար Ջեման դասական շունչ մտցրեց` նվագակցելով  “Alien Time”-ին կանադացի երգահան Լեոնարդ Քոհենի «Hallelujah»-ի ընթացքում: Ռոքնռոլային հիթերի ժամանակն էր, ու ամբողջ ակումբը պարում էր, հետո վերադարձ դեպի 90-ականեր` Շերիլ Քրոու, ու ակումբն արդեն 21րդ դարում է` լսելով Զեմֆիրայի «Хочешь»-ը ... պարեր, բուռն էմոցիաներ ու անդադար ծափահարություններ ... ու թվում էր, թե էլ ի՞նչ պետք է լինի այս ամենից ավելի լավ, բայց գնա ու տես` խումբը ներկայացնում է իր հեղինակային երգերը, ու էմոցիաների նոր տեղատարափ է հոսում` ապացուցելով, որ ի դեմս “Alien Time”-ի` հայկական ռոքը եւս կարող է հուզել հանդիսատեսին: “Aline Time» ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ. «Իմ ամբողջ կյանքը լցված է երաժշտությամբ, ես ուրիշ բան չեմ էլ պատկերացնում» 1984 թվականի դեկտեմբերի 14-ին երաժիշտների ընտանիքում ծնվեց կենդանակեպի նշանով աղեղնավոր Եվա Սուջյանը: Ու Եվան` ժառանգելով ջազ-կիթառահար հոր եւ երգչուհի մոր գեները, Երեւանի պետական կոնսերվատորիայում սովորելով հանրահայտ Գոհար Գասպարյանի դասարանում` ռոք-երգչուհի դարձավ, այժմ հանդես գալով “Alien Time” խմբում: Բայց, ըստ երեւույթին, երաժշտական գեները այնքան ուժեղ էին, որ ընտանիքում ծնված երկրորդ երեխան` Եվայի հարազատ եղբայրը` դարձավ “Դորիանս” խմբի շատ սիրված ու տաղանդավոր Գոռ Սուջյանը: Eva Sujyan “Փոքր ժամանակից էլ ես ու Գոռը շատ ենք երգել, հետո մեծացանք ու որոշեցինք շարունակել նույն հունով: Իմ ամբողջ կյանքը լցված է երաժշտությամբ, ես ուրիշ բան չեմ էլ պատկերացնում»,- պատմում է Եվան: Ստանալով դասական կրթություն, բայց միշտ սիրելով ռոքը` Եվան նախկինում երբեք չէր փորձել երգել ռոք ժանրում` մտածելով, որ իր մոտ չի ստացվի: Հետո նրան հրավիրել են երգել «Stryfe» ռոք-խմբում, որտեղից եւ սկսել է երգչուհու գործունեությունը: “Գոհար Գասպարյանը չէր թողնում, որ  ռոք երգեմ, արգելում էր, ու դրա համար ես թողեցի դասական երաժշտությունը: Միայն ռոք երաժշտությունն ա ինձ տալիս էն էներգիան, էն լիցքերը, որ ինձ պետք են”,- ասում է Եվան: Eva Sujyan «Stryfe» պրոգրեսիվ մեթալ խումբը այլեւս պատմություն է, ու հիմա Եվան հանդիսանում է “Aline Time» լիրիկ հարդ ռոք-խմբի վոկալիստ: Հենց նա է հիմնադրել խումբը, այսինքն, ինչպես ասում է Եվան, «հավաքվել ենք երաժիշտներով:)», ովքեր հիմնականում “Ռեինկարնացիա” խմբից են` հարվածային գործիքներ նվագող Մարեկը, սոլո-կիթառահար Արթուրը, բաս-կիթառահար Էդգարը եւ ստեղնաշարահար Արտոն: Մի օր հարվածային գործիքներ նվագող Մարեկը ասաց, որ երազ է տեսել, որ գալիս են այլմոլորակայինները ու տանում են Եվայենց խումբը, ու հենց այդ պահին խմբի անդամները որոշեցին, որ նրանք պետք է անվանվեն “Alien Time» (օտար, այլմոլորակային ժամանակ) :): Eva Sujyan Երաժշտության հեղինակը հենց Եվան է: Նրա հեղինակած “Հայաստան” երգը իսկապես հիթ է դարձել ու նաեւ խմբի այցեքարտն է: Երգերի խոսքերը հիմնականում գրում է “Դորիանս” խմբի կիթառահար Գագիկը: “Երբ հանդիպում ենք, պատմում եմ նրան, ինչ տրամադրության մեջ եմ գրել երաժշտությունը, ու նա միանգամից ըմբռնում ա”: «Պարտադիր պետք ա իմ մեջ մի տխուր բան լինի, որ երաժշտություն ծնվի, թե չէ ոչինչ չի լինում: Եթե տխուր եմ լինում, կամ դեպրեսիա եմ ունենում, լույսերը անջատում եմ, մոմերը միացնում ու դաշնամուրի մոտ սկսում ստեղծագործել»: Պատկերացնում եք` ինչ երաժշտություն են վայելում Եվայենց հարեւանները: Ի դեպ այս առթիվ Եվան ասաց. «Երբ ընկերներս հավաքվում են մեր տանը, մտածում են` գուցե հարեւանները կնեղվեն աղմուկից, բայց ես հանգստացում եմ, մեր հարեւանները արդեն սովոր են :)”: Eva Sujyan Դեռ չի լրացել խմբի մեկ տարին, ու վաղ է խոսել ձայնասկավառակից, բայց արդեն կան ձայնագրված երգեր: 2010 թվականի մայիսին “Alien Time” խումբը մասնակցել է “Caucasus Plays Deep Purple” ռոք-համերգին Թբիլիսիում: ԿԵՐՊԱՐ. «Բեմում կարծես մենակ ես ու երաժշտությունը լինենք» Բնավորությամբ Եվան կարծես երաժշտություն լինի` էներգիկ, էմոցիոնալ, իսկ որպես ռոք-երաժիշտ բնավորության այս գծերը իր մոտ կրկնակի են արտահայտված: Անհանգիստ է, համերգներից առաջ շատ է անհանգստանում ու նյարդայնանում, բայց «հենց սկսում ենք նվագել, ամեն ինչ անցնում է: Էմոցիաները երաժշտության միջոցով դուրս են գալիս մեզանից»: Eva Sujyan Բեմում Եվան ազատ է, առանց բարդույթների, հանգիստ, վստահ ու էքսպրեսիվ: Փոքրիկ սեւ զգեստ, վառ արտահայտված աքսեսուարներ, երկար ալիքավոր մազեր ու ոչ մի ավելորդություն` պարզապես հզոր վոկալային տվյալներ, էմոցիաներ, կիրք ու… ռոք: “Առօրյայում ավելի զուսպ եմ, համեստ: Բեմի վրա մի քիչ արձակում եմ ինձ, որովհետեւ երաժշտությունն ա թելադրում ինձ էդպիսին լինել: Բեմում ես մոռանում եմ ամեն ինչի մասին ու ոչինչ չեմ նկատում, կարծես մենակ ես ու երաժշտությունը լինենք: Ես ծանր ոճի սիրահար եմ, թինեյջերական հագուստ չեմ կրում առօրյայում”: Eva Sujyan Այս ամենի հետ մեկտեղ Եվան թուլություններ էլ ունի: «Իմ միակ թուլությունն իմ ընկերներն են, եթե իրենց կողմից մի վատ բան զգամ`շատ կվիրավորվեմ, նույնիսկ չեմ կարողանա երգել: Ու փառք Աստծո, որ ունեմ լավ ընկերներ, ովքեր իմ կողքին են: Մնացած բոլոր առումներով ուժեղ եմ»: ՔՈՒՅՐ Ու ԵՂԲԱՅՐ. «Գոռը իմ համար միշտ իդեալական ա» Եվան ասում է, որ իր երաժշտական կայացման գործում 3 ուսուցիչ ունի` Գոհար Գասպարյան, Ջենիս Ջոպլին եւ... հարազատ եղբայր Գոռ Սուջյան:): “Գոռին իմ երաժշտական ուսուցիչն եմ համարում, իրենից շատ-շատ եմ սովորում: Ամեն անգամ ինչ-որ երգ գրելուց պարտադիր հարցնում եմ իր կարծիքը: Եթե ինքը իր հավանությունը չի տալիս, ես հրաժարվում եմ էդ երգից, նույնիսկ եթե ես շատ հավանեմ :): Նույնը ես եմ իրա համար, երբ տանը դաշնամուրով երգ ա գրում, ասում ա. «Եվ, արի տես` էս ո՞նց ա, նորմա՞լ ա, թե՞ փոխեմ»: Բայց ես չեմ ասում, որ որեւէ բան փոխի, որովհետեւ ինքն իմ համար միշտ իդեալական ա:)»: Gor & Eva Դաստիարակվելով նույն ընտանիքում` Եվան ու Գոռը շատ տարբեր են, բայց, միեւնույն ժամանակ, շատ նման: Երաժշտական նույն ոճի տարբեր ուղղություններն են ընտրել`Գոռը ավելի լիրիկ է, Եվան` ավելի ագրեսիվ: Ի դեպ, ուզու՞մ եք իմանալ, թե ինչ է սիրում ուտել Գոռ Սուջյանը:): Պատմենք: Նա ուտում է Եվայի պատրաստած համեղ ճաշատեսակները: Երբ տուն է վերադառնում, ասում է. «Եվ, սարքե՞լ ես էն համով բանը, էն որ միշտ սարքում ես, բայց անունը չեմ հիշում:)»: Նույնիսկ համերգների օրերին Եվան մինչեւ «էն համով բանը» չսարքի, տնից դուրս չի գալիս:): Այնպես որ, Եվան նաեւ հոգատար եւ լավ տան տնտեսուհի է: Eva Sujyan Եվան ու Գոռը համարյա թե միշտ ներկա են գտնվում միմյանց համերգներին, միայն եթե զբաղվածություն չլինի, օրինակ, ինչպես այս օրն էր, Գոռն էլ համերգ ուներ ու ներկա չէր, բայց փոխարենը համերգին ներկա էր նրանց մայրիկը, ում Եվան “Beatles'-ի «Oh Darling» երգը նվիրեց :): «Փոքր ժամանակ շատ էինք վիճում, բայց հիմա հանդարտվել ենք: Ու մեր վեճերը էլի երաժշտական էին` «էս երգն ա ավելի լավը, չէ էս խումբը»: Իսկ հիմա շատ մտերիմ ընկերներ ենք, ես կասեի` չափազանց, հազվադեպ են լինում տենց ախպեր ու քուր: Միշտ կիսվում ենք իրար հետ ու օգնում միմյանց անձնական խնդիրներում»: Eva Sujyan Հանրահայտ Ֆրեդի Մերքուրիի եւ Մոնսերաթ Քաբալյեի «Բարսելոնա» երգը, վստահ եմ, բոլորդ եք լսել Եվայի եւ Գոռի կատարմամբ: «Մեր ձայները շատ համահունչ են իրար հետ: Երբ «Դորիանս» խումբը մեծ մենահամերգ ունենա, մենք Գոռի հետ նոր դուետ կներկայացնենք` իմ հեղինակած երգը»: Bravo.am-ը սպասում է այդ անակնկալին :): ԵՎԱՅԻ ԽՈՀԵՐԸ Եվան լիցքաթափվում, հանգստանում ու հաճույք է ստանում պարելուց ու կիթառ նվագելուց: Eva Sujyan Երեւանում նրա սիրած վայրը կոնսերվատորիայի այգին է, այնտեղ շատ են անձնական հիշողությունները. «Երեկոյան ժամերին գնում եմ այնտեղ, նստում ու խորհում եմ»: “Ես երգում եմ, ոնց զգում եմ, փորձում եմ իմ ձեւով ներկայացնել երգերը` իմ ագրեսիայով: Երբ բեմ եմ դուրս գալիս, փորձում եմ լավ երաժշտություն մատուցել հանդիսատեսին, որպեսզի մարդիկ հաճույք ստանան, որպեսզի մեզնից փոխանցված էմոցիաները միայն դրական բաներ արթնացնեն, ու նրանք բարիացած հեռանան դահլիճից: Ի դեպ, կապ չունի դահլիճի մեծությունը, նույնիսկ տանը երգելուց ես նույն էմոցիաներն եմ փոխանցում”: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport