«Ուզում եմ մտնել Հայաստանի հավաքականի կազմ» :)
21-ամյա շախմատիստ Զավեն Անդրիասիանի մոտ շախմատի հանդեպ սերն առաջացել է մանկուց. «Երբ փոքր էի, պապիկս հարեւանների հետ շախմատ էր խաղում, եւ ինձ հետաքրքրում էր այդ խաղը: Նրան ասում էի, որ ինձ էլ շախմատ խաղալ սովորեցնի, բայց պատճառաբանում էր` դեռ փոքր ես»:
Չնայած պապիկի ու ընտանիքի անդամների դեմ լինելուն, Զավենն այնքան էր նայել խաղը, որ հասցրել էր յուրացնել խաղի կանոնները: Հինգ տարեկանում Զավենին տանում են Շախմատի դպրոց, որտեղ նրան դասավանդում է Աշխեն Սանոյանը, ապա Վլադիմիր Հայրապետյանը: 7 տարեկանում Զավենը դառնում է մինչեւ 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, ինչը համարում է իր առաջին լուրջ հաջողությունը, որ սկիզբ է դրել հետագա հաղթանակներին: Շախմատի չեմպիոններից շատ է սիրում Ալյոխինին, Պոլ Մորֆիին եւ Ռոբերտ Ֆիշերին: Զավենն ասում է, որ միշտ ցանկացել է դատապաշտպան դառնալ, բայց ժամանակ չունի:
Այսօր նա պատրաստվում է մրցումների, որի համար մեկնել է Իսպանիա. «Բենակի եւ Բալագիստ քաղաքներում մրցումների եմ: Մոտ երկու ամիս կտեւեն, ու 45-50 պարտիա կխաղանք»: Զավենը հանդես է գալու անհատական խաղերում: Շախմատիստը հույս ունի, որ շուտով իր գործակիցը կբարձրանա, կդառնա 2700, եւ նա կմտնի հավաքականի կազմ:
Խոսելով հայ շախմատիստների ու իր ընկերների մասին` ասում է. «Շատ եմ ուզում , որ Լեւոն Արոնյանը դառնա Աշխարհի չեմպիոն»: Իսկ մեր այն հարցին, թե ինքը չեմպիոն դառնալու ցանկություն չունի, պատասխանում է. «Հետագայում, եթե ուժերս ներեն, կփորձեմ:)»:
Զավենն իր առաջիկա ծրագրերը կախված է համարում մրցաշարերից. «Եթե գործակիցս բարձրանա ու մտնեմ հավաքականի կազմ, ամեն ինչ այլ կլինի, իսկ եթե ոչ, պետք է պայքարեմ, որ հաջորդ տարի հաջողության հասնեմ»:
Զավենը շախմատի խաղաքարերի գույնն էական չի համարում. «Իհարկե, սպիտակը առաջինը խաղալու հնարավորություն է տալիս, բայց կարեւորը լավ մարզավիճակն ու լավ խաղն է»: Իսկ որպես ապացույց հիշում է, որ 4-5 անգամ սեւերով պարտություն է կրել ու որոշ ժամանակ սպիտակն է հաջողակ համարել, բայց կյանքի ամենակարեւոր պահերի, հաղթանակների ժամանակ սեւով է խաղացել...
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: