Հավայան կղզիներից վերադարձած երգչուհին զբաղված է «Ելակ»-ի աշխատանքներով:) Օրերս ջազային երգչուհի Էմմա Ասատրյանի նոր տեսահոլովակի նկարահանումներն էին, որոնց մի մասը տեղի էր ունենում երգչուհու առանձնատանը: Տեսարանները շատ էին, կերպարները` եւս, նաեւ ռեժիսորի շատ դաստիարակված շունը` Դեյվիդն է նկարահանվել::) «Ելակ» երգի բառերն ու երաժշտությունը հեղինակել է Էմման, գործիքավորել` Մարտին Միրզոյանը: «Շարմ» ընկերության կողմից նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, օպերատորը` Մկրտիչ Մալխասյանը. «Անձնակազմը շատ լավն է, չասեմ, թե ինչքան հաճելի է Հրանտի հետ աշխատելը: Այնքան ուրախ եմ, որ հենց նա է ռեժիսորը, որովհետեւ ամեն ինչ մտածված ու պրոֆեսիոնալ է անում, առանց ավելորդ ամբիցիաների: Սցենարն այնպես է նկարագրում, որ անգամ համաձայն չլինելու դեպքում միանգամից հավատում եմ», - ասում է Էմման: Երգչուհու 3-րդ տեսահոլովակի նկարահանումները տեւել են 3 օր, տեսարանները համապատասխանեցրել են երգի խոսքերին. «Երգի բառերը ստանդարտից դուրս են, հերոսուհին մի քիչ անկարգ, բայց ոչ «լկստված» աղջիկ է::) Թեեւ տեսահոլովակում վիճում եմ տղայի հետ, իրար գլխի պատմություններ ենք սարքում, բայց սյուժեն թեթեւ է ու հումորային»: «Ելակ»-ում երգչուհին երգում է` թեկուզ անկարգ է, հաճախ դաժան է, մեկ է ելակ է. «Բացի ինձնից ու հերոսից, այլ կերպարներ էլ կան: Հարբած հերոսն այլ աղջիկների հետ տուն է գալիս, դիտավորյալ բարձր երաժշտություն միացնում, չի թողնում քնեմ. այս իրավիճակները տեսահոլովակում կերեւան:)»: Հայաստանի պետական ջազ-նվագախմբի մեներգչուհի Էմման կարծում է, որ պետք չէ անթիվ-անհամար տեսահոլովակներ ունենալ, բայց վստահ է` տեսահոլովակը նպաստում է երգի ավելի հիթային լինելուն. «Ձայնասկավառակում կարող են լինել բազմաթիվ հիթային երգեր , բայց ճանաչելի ու սիրված չդառնան տեսահոլովակ չունենալու պատճառով»: «Տրոպիկական բնությունն իսկական հրաշք է» 2011-ի Ամանորը Էմմայի համար առանձնահատուկ է եղել. դեկտեմբերի 15-ին մեկնել է Լոս-Անջելես, ապա` Հավայան կղզիներ, իսկ տոներից հետո վերադարձել է Երեւան. «Ոչ սովորական Նոր տարի էր, արեւայրուքս խոսում է դրա մասին: Օվկիանոս, արեւ, տաք ավազ... Մեկնել էի հայրիկիս ու նրա ընկերոջ ընտանիքի հետ: Merry Christmas-ը նշեցինք Լոս-Անջելեսում, ճիշտ է, առաջին անգամ չէի այնտեղ, բայց այս անգամ հանգստանալու ու տոներն անցկացնելու նպատակով էի գնացել»: Երգչուհին նաեւ Ավստրիայում է դիմավորել մի քանի Ամանոր, իր` Կլագենֆուրտ քաղաքի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին: Նրա կարծիքով` զուսպ ու սառը Եվրոպայից հետո Միացյալ Նահանգներում տոնական մթնոլորտն ավելի ջերմ է եւ յուրահատուկ. «ԱՄՆ-ի շոուները երեւակայության բոլոր սահմաններն անցել են, դրանք տեսնելուց հետո այլեւս նման բաների վրա չեմ զարմանում, նրանց համար անհնարին ոչինչ չկա: Ինձ համար ամենագեղեցիկը բնությունն է, այնտեղի տրոպիկական բնությունն իսկական հրաշք է: Ինձ համար արժեքավոր է ամեն ինչի բնականը, այլ ոչ մարդու կողմից կառուցվածը: Հավայան կղզիների զարմանալի բնությունը, օվկիանոսի գեղեցկությունը պարզապես հրաշալի էին: Բոլորը լողազգեստներով էին նշում Ամանորը, բայց լողազգեստով Ձմեռ պապիկի չհանդիպեցի :)», - պատմում է նա: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմմա Ասատրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: