Հայաստանի պատվիրակությունը չի բողոքարկել “Եվրատեսիլի” արդյունքները Ոչ երգչուհին Էմմին, ոչ էլ հայաստանյան պատվիրակությունն իրականում չեն բողոքարկել «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի արդյունքները: Այդ մասին այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտնել է երգչուհու մայրը՝ Նադեժդա Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ով աջակցում եւ հավատում էր Էմմիի հաղթանակին, տիկին Սարգսյանը միաժամանակ տեղեկացրել է, որ Էմմին չի բողոքարկել մրցույթի արդյունքներն այն պարզ պատճառով, որ նման իրավունք ուներ միայն «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը՝ այսինքն Հանրային հեռուստաընկերությունը, որը եւս չի բողոքարկել քվեարկության արդյունքները: Վերջինիս պատճառների մասին պատվիրակության ներկայացուցիչները կպատմեն մամուլի ասուլիսում արդեն Երեւանում՝ վերադարձից հետո: Այսքանից հետո մնում է միայն ենթադրություններ անել, թե որն էր իրական պատճառը, որ արդեն երկու օր պատվիրակության որոշ անդամներ հայտարարում են այն մասին, թե Հայաստանը բողոքարկել է մրցույթի առաջին փուլի արդյունքները: Հուսանք, որ այս հարցի պատասխանը եւս կհնչի վերոհիշյալ մամուլի ասուլիսի ընթացքում: Ավելացնենք նաեւ, որ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այսօր տարածել է մամուլի հաղորդագրություն, որը Bravo.am-ը ներկայացանում է ամբողջությամբ: “Մայիսի 10-ին Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Մասնակցում էին 19 երկրներ, որոնց ելույթների հերթականությունը որոշվել էր հյուրընկալող երկրի` մրցույթի կազմակերպիչների անցկացրած վիճակահանությամբ, որի արդյունքներով` Հայաստանը ներկայացնող Էմմին «Բում-բում» երգով ելույթ ունեցավ 4-րդը: Բեմում ներկայացվեց բռնցքամարտի տեսարան, որը խորհրդանշում էր սիրո համար անվեհեր պայքարը: Էմմիի պրոֆեսիոնալ կատարումը, հսկա ձեռնոցը, նրա եւ պարախմբի վառ հագուստները մեծ տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա: Հունաստանից հրավիրված պրոֆեսիոնալ պարախմբի անդամներից յուրաքանչյուրը հայտնի արտիստ է Հունաստանում եւ Կիպրոսում: Բեմական կերպարների ստեղծումը վստահված էր հայ մասնագետներին: «Բում-բում»-ը համարվում էր ակնհայտ առաջատար եւ լուրջ մրցակից բոլոր մասնակիցների համար: Այդ էին վկայում արտասահմանյան մամուլի ամենօրյա անդրադարձները, Գերմանիան ներկայացնող «Եվրատեսիլ-2010» մրցույթի հաղթող Լենայի առանձնահատուկ համակրանքն ու ուշադրությունը մեր երգի նկատմամբ, ինչպես նաեւ այն, որ ակումբներում առավելապես հնչում էր հենց այս երգը: Ելույթն ամբողջական էր եւ համապատասխանում էր «Եվրատեսիլ»-ի բոլոր չափանիշներին: Չնայած այս ամենին` «Բում-բում»-ը չանցավ եզրափակիչ փուլ 20 երկրների sms հաղորդագրությունների եւ պրոֆեսիանալ ժյուրիի քվեարկության արդյունքներով: Քվեարկող երկրներն էին Լեհաստանը, Նորվեգիան, Ալբանիան, Թուրքիան, Սերբիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Ֆինլանդիան, Մալթան, Սան-Մարինոն, Խորվաթիան, Իսլանդիան, Հունգարիան, Պորտուգալիան, Լիտվան, Ադրբեջանը, Հունաստանը, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան: Եզրափակիչ փուլ չանցավ նաեւ Նորվեգիան, որը նույնպես համարվում էր առաջատար եւ ակնհայտորեն լավ հանդես եկավ: Այս ամենը դժգոհությունների ալիք է բարձրացրել մամուլում եւ համացանցում: Հայաստանյան պատվիրակությունը իր ներկայացուցչի ելույթը գնահատում է պրոֆեսիոնալ, վառ եւ հաջողված: Շնորհակալ է բոլոր աջակիցներին, երկրպագուներին, ովքեր քվեարկել են եւ ցանկացել են տեսնել Հայաստանը եզրափակիչ փուլում: Հանրային հեռուստաընկերության եւ Էմմի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծերով: Իսկ մնացած հարցերի պատասխանները կտրվեն մամլո ասուլիսի ժամանակ մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո”: Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: