“Կհասնեմ նրան, ինչի հետեւից Յուրմալա եմ եկել”
“Բոլորն ինձ են մոտենում ու շնորհակալություն հայտնում, իրենց խոսքերով, երեկվա շատ լավ ելույթիս համար: Դա արդեն հաղթանակ եմ համարում, որովհետեւ այդ խոսքերը լսում եմ նաեւ այն մարդկանցից, ովքեր մեծ հաջողությունների են հասել եւ անուն ունեն”,- քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանը “Նոր ալիք-2011”-ում ներկայացնող Էրիկը:
Յուրմալա ծովափնյա քաղաքում հուլիսի 26-ին մեկնարկած հոբելյանական “Նոր ալիք”-ի մրցութային երկրորդ փուլում Էրիկի ելույթը բարձր գնահատեց ժյուրին: Առնո Բաբաջանյանի “Քո հետքերը” երգը` հայաստանյան հիթը ներկայացնելով` հայ երգիչը նվաճել է նաեւ հանդիսատեսի համակրանքը:):
“Ֆիլիպ Կիրկորովի վերաբերմունքն էր շատ անսպասելի. ապշած է, հոգու խորքում նույնիսկ, երեւի, հպարտանում է:): Բոլորս գիտենք, որ իր մեջ էլ հայի արյուն կա: “Armenia Forever” ասելով` շնորհակալություն հայտնեց եւ ինձ հայ զիլ տղա անվանեց:)”,- նշեց Էրիկը:
Երգչի խոսքով` երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթի միայն առաջին փուլում բախտը փոքր-ինչ չի բերել. “Մրցութային փուլը ես բացեցի: Շատ դժվար էր Babyface-ի ելույթից հետո բեմ դուրս գալ ու սոուլ երաժշտություն երգել: Իմ ամենասիրելի երգիչներից մեկը, ում ամբողջ կյանքս երազել եմ մոտիկից տեսնել, լսել, ինձնից առաջ դուրս է գալիս բեմ ու երգում է… Եթե նույն կերպ երգեի այլ համարի տակ, հաստատ այլ պատկեր կլիներ: Բոլորն են դա ասում, որովհետեւ ժյուրին առաջին ելույթները խուսափում է բարձր գնահատել”:
Հուլիսի 30-ին կկայանա մրցութային երրորդ` եզրափակիչ փուլը: Հայաստանի ներկայացուցիչը BRAVO.am-ին ասաց` կատարելու է իր երգացանկից “Լինեմ քամի” ստեղծագործությունը. “Յոթերորդ համարի ներքո եմ բեմ դուրս գալու: Շատ լավ թիվ է, ինչքան գիտեմ` Աստծո թիվն է: Բայց նշեմ, որ այլեւս էական չէ` որերորդը ելույթ կունենաս. ժյուրին արդեն բոլորիս լավ ճանաչում է, ես էլ ընդհանրապես չեմ մտածում գնահատականի մասին”:
Ի դեպ, Էրիկը խոստովանեց` սկզբում չի ցանկացել մասնակցել այս տարվա “Նոր ալիք”-ին:). “Անցյալ տարի հաղթել ենք, ասում էի` շատ դժվար է լինելու: Որոշեցի Յուրմալա գալ այն բանի հետեւից, ինչի հետեւից դեռ ոչ ոք չի եկել: Ինձ դուր է գալիս այն, որ բոլորը հաղթանակի են ձգտում, իսկ ինձ պետք է նաեւ հետք թողնել, որը հետագայում աշխատանքի կվերածվի: Կարծում եմ`ինչ-որ չափով արդեն իսկ ստացվել է. արդեն առաջարկներ եմ ստանում: Կհասնեմ նրան, ինչի հետեւից Յուրմալա եմ եկել:): Ինձ համար ամենակարեւորը հանդիսատեսի համակրանքն է, ծափահարությունները, դա ժյուրին զգում է, տեսնում են բոլորը”:
Մրցութային երկու օրվա արդյունքում 8-րդ հորիզոնականում գտնվող հայ երգիչը, իր խոսքերով, ընդհանրապես չի հետաքրքրվում իր հավաքած միավորներով. “Ամեն ինչ այնքան հետաքրքիր է ու ջերմ, այնքան լավ է անցնում, որ նույնիսկ այդ հաղթանակ ասվածը այդքան էլ էական չէ: Այսօր, օրինակ, ֆուտբոլ էինք խաղում ժյուրիի անդամների հետ, հաղթեցինք:)”:
Էրիկին ոգեւորելու համար երգչի հետ Յուրմալա են մեկնել նաեւ Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը: “Նոր ալիք-2011”-ի բացման արարողությանը ելույթ ունեցան նաեւ մրցույթի անցյալ տարվա հաղթող Սոնա Շահգելդյանը, Մհերը, Էմմին:
“Պետք է խոստովանեմ` անմահական օրեր ենք անցկացնում, հիանալի է ամեն ինչ: Վայելում ենք յուրաքանչյուր վայրկյանը: Էրիկի կողքին ենք: Երեկվա իր ելույթը բոլորիս հուզել էր: Օդը, կարծես, կանգնել էր դահլիճում. բոլորը հիացած էին: Դա է հաղթանակը. նա մեր հայրենիքը ներկայացնում է լավագույն կերպով”,- BRAVO.am-ին ասաց Սոֆի Մխեյանը:
Մինչ վաղը` հուլիսի 30-ին կայանալիք եզրափակչին հետեւելը` առաջարկում ենք դիտել Էրիկի` մրցույթի շրջանակներում արդեն իսկ կայացած ելույթները, “Լինեմ քամի” երգի տեսահոլովակը, որ երգիչը երրորդ մրցութային օրը կներկայացնի, եւ Սոնայի, Էմմիի, Մհերի համատեղ ելույթի տեսանյութը:
BRAVO.am-ը հաղթանակ է մաղթում մեր ներկայացուցչին:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Bravo.am-ի, Սոֆի Մխեյանի եւ Էմմիի անձնական արխիվներից


×
13,615







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: