“Համերգիս պիտի հաճույք պատճառեմ”
Օգոստոսի 29-ին “Հրազդան” մարզադաշտում Թաթա Սիմոնյանն իր հանդիսատեսին կասի` “Ամենալավը դու ես” ու կհնչեցնի իր հին ու նոր մեղեդիները: “Բոլոր երգերս, որ սիրված են, պիտի հաճույք պատճառեն, ընդգրկել ենք համերգի երգացանկի մեջ”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչը:
Թաթայի երեւանյան մենահամերգը կբացի “Reincarnation” ռեգգի խումբը: Ելույթ կունենան Մոսկվայի պետական “Մյուզիք-Հոլլ” շոու-բալետը, ՀՀ ՊՆ փողային նվագախումբը, Սիմֆոնիկ նվագախումբն ու “Արեւիկ” մանկական համույթը:
“Ամենալավը դու ես” ու տոմսերի գները բավական մատչելի են` 1000-ից 5000 դրամ, լավն ես, ու քեզ համար “Թաթա Փրոդաքշն”-ը լուսային եւ ձայնային հագեցվածությամբ համերգային ծրագիր է պատրաստել:): “Թաթայի վերջին մենահամերգը Երեւանում չորս տարի առաջ է եղել, դա էլ պայմանավորված է նրանով, որ ցանկանում ենք իրադարձություն դառնա ու երկար ենք պատրաստվում: Նոր Թաթայի հետ էինք խոսում, թող սա որպես գովասանք չհնչի, բայց, իրոք, իր տեխնիկական հագեցվածությամբ եւ կազմակերպչական մասշտաբով այս համերգի անալոգ դեռ չեմ կարող անցկացնել: Տարբեր երկրներից մոտ 72 հոգի միայն տեխնիկական մասի վրա են աշխատում: Միջազգային նախագիծ է համերգի պատրաստման առումով. մարզադաշտ են մտնում բարձված մեքենաներ Վրաստանից, Իրանից, Մոսկվայից էլ ինքնաթիռներ են իջնում”,- նշեց “Թաթա Փրոդաքշն”-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը:
Ռուսաստանից ժամանած մենահամերգի տեխնիկական տնօրեն Վադիմ Աֆոնինն էլ նշեց. “Մի բան ենք անելու, որ դեռ այստեղ չեն տեսել, համենայն դեպս, կաշխատենք այդպես անել: Հայերեն չգիտեմ, չհասկացա` ինչ էր ասում Գրիգոր ջանը:), բայց այն տեխնիկան, որ բերել ենք, օգտագործվում է Մոսկվայի բոլոր կենտրոնական հրապարակներում, Կրեմլում”:
“Ուր գնում ենք, մերոնց համար ենք երգում”. Թաթա Սիմոնյան
Թաթա Սիմոնյանը դժվարացավ հիշել` սա իր որերորդ մենահամերգն է լինելու Երեւանում. “Գիտեք, ես մենակ մենահամերգներով եմ հանդես գալիս, իմ բոլոր համերգները մենահամերգներ են: Ու տարբերություն չեմ դնում Երեւանում կերգեմ, թե Միացյալ Նահանգներում: Կարեւորը` ես ի վիճակի լինեմ հաճույք պատճառել իմ հանդիսատեսին: Ուր գնում ենք, մերոնց համար ենք երգում, ստեղ էլ մերոնք են լինելու, մի քիչ շատ են լինելու, էդ ինձ ավելի է ուրախացնում”:
Գրիգոր Նազարյանը մենահամերգի սխեմատիկ նկարագրում կատարեց պատկերների միջոցով. “Ամբողջ մի հատված վերածված է բեմի, մարզադաշտն էլ ամբողջությամբ վերածվելու է պարահրապարակի, դա ամենալավ տեղն է համերգը դիտելու, բեմի մոտ լինելու համար: Առաջին անգամ ամբողջ բեմը հագեցված է լինելու էկրաններով, որ ուրիշ տոն կստեղծի, ձայնային ու տեսանելիության հարյուր տոկոսանոց ապահովում է լինելու ամբողջ տարածքում”: “Թաթա Փրոդաքշն”-ի նախագահը նշեց` տոմսերը, կարելի է ասել, սպառված են. “Մենք հայկական խասիաթի համաձայն վերջին օրվա տարբերակն էլ ունենք, բայց ամեն ինչ նորմալ է”:
Ոստիկանությունը` տոնի համար:)
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը նշեց` մարդկանց անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար լրացուցիչ քայլեր է ձեռնարկվում: “Ուժեղացված տարբերակով է ոստիկանությունն իր ծառայությունը կատարելու, քանի որ մարզադաշտում մարդկային մեծ կուտակումներ են լինելու: Կխնդրեի հանդիսատեսին` գոնե մի ժամ շուտ գալ ավելորդ կուտակումներից խուսափելու համար: Մենք այնպես ենք կազմակերպելու ծառայությունը, որ ժողովուրդը նորմալ հանգստանա, ավելի ճիշտ, մենք անելու ենք ամեն ինչ, որ այդ օրվա միջոցառումը վերածվի տոնի”:
“Ինձ ավելի հեշտ է երգել, քան խոսել”. Թաթա
“Ինձ կներեք, ես առաջին անգամ եմ ասուլիս հրավիրել, շատ մերսի, որ եկել եք: Հենց իմ հերթը գալիս է, սկսում եմ հուզվել, որովհետեւ, իսկականից, ինձ երգելն ավելի հեշտ է, քան հիմա հարցերին պատասխանելը: Հաջորդը Լոս-Անջելեսում եմ մենահամերգ տալու, հետո… Մի խոսքով, երկար կլինի պատմելը, ունենք շրջագայություններ, եթե ժամանակ ունենամ, կփորձեմ մի երկու տարվա մեջ նոր ալբոմ եւս թողարկել”,- ասաց Թաթա Սիմոնյանը:
Երգիչը իր հաջողությունների համար շնորհակալ է Աստծոն. “Ես եմ երգերի հեղինակը, ամեն ինչ անում ենք ընկերներով, որպեսզի դրանք հիշվող եւ սիրվող երգեր լինեն, եթե ինչ-որ մի բան ստացվում է մեզ մոտ, մենակ շնորհակալ եմ: Շնորհակալություն կարող եմ հայտնել ամեն ինչի համար Աստծուն, որ ինքը կանխորոշել է էս ճակատագիրը իմ եւ գրածս երգերի համար”:
Ի դեպ, “Թաթա Փրոդաքշն”-ը նշում է, որ հոկտեմբերի 10-ին Լոս-Անջելեսի “Ստեյփլս” կենտրոնում կայանալու է Թաթա Սիմոնյանի հաջորդ մենահամերգը. “ԱՊՀ երկրների ներկայացուցիչներից նա առաջինն է, ով ելույթ է ունենալու 18 հազար հանդիսատեսի համար նախատեսված սրահում”:
Ասուլիսի ավարտի հետ Թաթան էլ զրույցի ընթացքում իր նկարած պատկերն ավարտեց, գնահատեք` ինչպես է ստացվել:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: