×


Թաթա

Թաթա

Ի՞նչ ենք անում. քեֆ ենք անում:)

Տեսա՞ր` ինչ եղավ: Օգոստոսի 29-ին երեկոն իջավ քաղաքի վրա, ու Թաթա Սիմոնյանը, ինչպես որ խոստացել էր, “Հրազդան” մարզադաշտում հավաքված հայությանը ասաց` “ամենալավը դուք եք” ու երգեց: Մի քեֆ, մի ուրախություն, միայն տեսնեիք` Երեւանի աղջիկները ինչպես էին պարում Երեւանի տղեքի հետ:):

Համերգի սկզբում բոլոր հավաքածներին ջան ասաց ու ջան լսեց “Reincarnation”-ը: “Էլի լավ ա”, ռեգգի խումբը բոլորին “Մի գդալ” սեր բաժանեց:): Հետո բեմ բարձրացավ Թաթան, որ մեր մայրաքաղաքի համար առաջինը երգի` “Երեւան, քո ցավը տանեմ, սիրեմ քեզ”: Երգչի երեւանյան մենահամերգին սկզբից մինչեւ վերջ հայերի մեծամասնությունը տարերքի մեջ էր:):

Tata Simonyan

“Ողջույն, իմ սիրելիներ, ողջույն Երեւան ժամանած բոլոր հյուրերին, հեռվից կամ մոտիկից, կապ չունի: Շատ ուրախ եմ, որ եկել եք ուրախանալու ու քեֆ անելու ինձ հետ: Մինչեւ սկսելը ուզում եմ ձեզ բոլորիդ մի բան խնդրել, քանի որ մենք էսօր շատ ենք, զգույշ եղեք, իրար շատ չհրեք, երեխեք կան: Հանկարծ պարելուց միամիտ մեկը մյուսի ոտքին, ուսին կպնի, իրարից չնեղվեք, ձեր ցավը տանեմ, իրար մի հատ “sorry” ասեք, անցեք առաջ:):  Մաքուր պահենք տարածքը, բայց որ մի քիչ կեղտոտվի, ես միշտ ասել եմ` ձեզնից հետո ես ամենը կմաքրեմ, հեչ չմտածեք”,- ողջունեց բոլորին Թաթան:

“Ամենալավը դուք եք”, իսկ Bravo.am-ը արդեն պատմել է համերգի կազմակերպչական մանրամասները`  http://www.bravo.am/news/թաթա/: Թաթան հարցնում էր` “ի՞նչ ենք անում”: “Քեֆ ենք անում”,- գոռում են հայերը:): Քեֆի մանրամասները` մեր ֆոտոշարքում, երգչի մեկնաբանություններում ու հանդիսատեսի արձագանքներում:

Tata Simonyan

Թաթա. “Սիրենք, սիրվենք ու դրանով միշտ ջահել մնանք”

“Պատրա՞ստ եք քեֆ անելու, գնացիիիինք…. Այ այնտեղ դրսում, որ շենքի տակ հավաքվել եք, ներս եկեք, ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ: Իմ սիրելիներ, այստեղ այսօրվա համար ամեն ինչ արված է, որ դուք ձեզ լավ զգաք, սկսած ձեր պաշտպանությունից, վերջացրած այս գեղեցիկ բեմով ու հնչողությամբ: Ես գեղեցկուհիները իրենց տղերքի հետ դեռ շատ են գալու մեզ համար պարեն, հույս ունեմ, որ բոլորդ գեղագիտական հաճույք եք ստանում: Բայց ասեմ` աշխարհով մեկ ման արի, մեկ ա, մեր հայ աղջկեքի նման սիրուն չկա: Թե ինչքան եմ սիրում մեր հայ աղջիկներին, կապ չունի` Երեւանի, Կիրովականի, քաղաքների անուններ չտամ, որ ոչ մեկին հանկարծ չմոռանամ, ինձնից չնեղանան: Ամենալավ բաներն եմ մեր հայ աղջիկներին ցանկանում”,- ոգեւորեց ներկաներին երգիչը:

Tata Simonyan

Թաթայի մեղեդային, դանդաղ երգերն էլ են հայերը շատ սիրում:). “Էսօր մենք պիտի շատ ուրախանանք, բայց երգեր կան, որոնց տեքստերը մտածելու առիթ են տալիս, այս երգը այդպիսին է. կամաց-կամաց անցնում են մեր կյանքի օրերը, գլորվում ձորերը, էլ հետ չեն գալու, բայց ուզում եմ` բոլորդ իմանաք, ամեն տարիք իր գեղեցկությունն ունի, ու ինչքան էլ ուզում է կյանքը մեր օրերը տանի մեզնից, մենք պետք է սիրենք, սիրվենք ու դրանով միշտ ջահել մնանք”:

“Մեր տարածքը պիտի մեծացնենք”. Թաթա

“Անապատի արեւ”, “Տեսել եմ”, “Երեւանս”, “Ծաղիկներ, ծաղիկներ բերեմ, չիմանաս Թաթան եմ, թե Թաթուլն եմ ես”. իր հին ու նոր երգերն էր հնչեցնում երգիչը: “Ոչ ոք թող կարոտ չմնա իր սիրածին, զինվորներ, բանակում իրար ախպոր նման սիրեք, ձեր ցավը տանեմ, սատանի ականջը խուլ, մեր տարածքը պիտի մեծացնենք:), ուզում եմ, որ բոլորս փարոս դառնանք մեր քաղաքի համար”,- հանդիսատեսի հետ իր հույզերով էր կիսվում Թաթան:

menahamerg

“Ռաբիզ համերգի ժամանակ կարելի է”:)

“Ամեն համերգի ժամանակ չի կարելի սուլել, բղավել, բայց ռաբիզ համերգի ժամանակ կարելի է, ինչ-որ ուրիշին վնաս չի տա, կարելի է, ձեր ցավը տանեմ: Իմ սիրելիներ, մի նոր երգ ունեմ վերջին ալբոմից, որ արբանյակով պիտի գնա, հասնի օվկիանոսից այն կողմ… Հիմա Լոս-Անջելեսում առավոտ է, բարձր ողջունենք Հայաստանից դուրս ապրող բոլոր հայերին: Հոլիվուդում մենք խոսում ենք հայերեն, որովհետեւ ողջ աշխարհում հայեր են”,- ասաց ու երգեց Թաթան:

Tata Simonyan

“Պիտի իրար սիրենք, որ մեր բոլոր խնդիրները լուծվեն”

Շատ լավ ընդունեց հանդիսատեսը Թաթայի վերջին ալբոմից վերոնշյալ երգը: “Այնքան ուրախացա, որ այսքան լավ ընդունեցիք: Հաստատեցիք, որ կապ չունի` հայը որտեղ է, մենք պիտի հեռվից իրար սիրենք: Մենք հայերով պիտի իրար սիրենք առանց էն էլ էս դժվար աշխարհի մեջ, ես ուրիշ բաներ չեմ ասում, հանկարծ չմտածեք… Երգիչ եմ, իմ խելքը կարող է էդքան շատ բան չի հասկանում, բայց որ մի բան կա` մենք պիտի իրար սիրենք, որ մեր բոլոր պրոբլեմները լուծվեն, դրանում վստահ եմ”,- նշեց Թաթան:

Tata Simonyan

“Վերջին զանգ”-ը եզրափակեց Թաթայի երեւանյան մենահամերգը. “Արդեն պիտի սկսեն դպրոցական օրերը, վերջացան ուրախ, արձակուրդային օրերը,  սկսենք ավելի ուրախ ուսումնական օրերը, վստահ եմ` ուսյալ ազգ ենք, շատ-շատ ուսյալ մարդիկ պետք է ունենանք: Խնդրում եմ ձեզ, սիրելի դպրոցականներ, լավ սովորեք, որ կարգին մարդ դառնաք, թե չէ ինձ նման երգիչ կդառնաք, կատակ արեցի, ես դպրոցում վատ չեմ սովորել, ճիշտ է` գերազանցիկ չէի, բայց ոչինչ, երկուսներով, բանով գնում էի առաջ, երկու հատ երկու էի ստանում չորս էր դառնում:): Ուզում եմ, որ ամենաբարձր գնահատականները ստանաք  ու մեր ազգի համար լավ ու պիտանի մարդ դառնաք”: “Արեւիկ” համույթի հետ երգեց Թաթան. “Թող քեֆը անպակաս լինի ձեզնից”:

Ինչպես, Թաթան է իր ոճը բնորոշում, ռաբիզից հետո “We will rock you”-ի ներքո Թաթայի ու նրա երգերի սիրահարները լքեցին մարզադաշտը:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW