Երգչուհին երգեց երեւանյան բեմում : )
Bravo.am-ից ձեզ արդեն հայտնի է, որ մարտի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում նախատեսվում էր երգչուհի Իշտար Ալաբինայի մենահամերգը, որն արդեն իրականություն է: Մոտ երկու ժամ տեւած համերգային ծրագրի ժամանակ հնչեցին երգչուհու տարբեր տարիների հիթերն ու նոր երգերը, որոնք կլինեն Ալաբինայի վեցերորդ եւ յոթերորդ ձայնասկավառակներում:
Երեկոյի ողջ ընթացքում Ալաբինան փորձեց պահել հանդիսատեսի բարձր տրամադրությունը, երգեց, պարեց ու ոգեւորեց ոչ մեծաթիվ հանդիսատեսին: Նախապես կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասվել էր, որ տոմսերի 80 տոկոսը վաճառվել է, սակայն համերգին եկած հանդիսատեսի թիվը միանգամայն այլ էր:
Երգչուհուն ձայնակցեցին «Ջիփսի Քինգ» խմբից Անտոնիոն եւ ռեփեր Ջիմի Սոկսը, որոնց մասին արդեն պատմել ենք: Բեմում գտնվող երաժիշտներին Ալաբինան պրոֆեսիոնալներ անվանեց: Համերգի սկզբում երգչուհին հույս հայտնեց, որ 1998 թվականին կայացած երեւանյան նախորդ մենահամերգի նման այս անգամ եւս պետք է շատ ուրախ եւ անմոռանալի օր անցկացնեն. «Սիրո եւ խաղաղության մթնոլորտում ենք այսօր երգելու: Դուք կարող եք ամեն ինչ անել. երգեք ինձ հետ, պարեք, ուրախացեք»: Հանդիսատեսն էլ փոքր-ինչ ուշացմամբ հետեւեց երգչուհու խորհրդին:):
Հին ու նոր իր երգերի թվում երգչուհին առանձնացրեց «Մոր ձեռքերը», որը, իր խոսքերով, ամեն անգամ կատարում է մեծ սիրով ու ոգեւորությամբ. «Մեր բոլորի կյանքում առանձնահատուկ տեղ ունեցող լեդիների` մեր մայրերի համար եմ երգում այս երգը, գիտեմ, որ դուք էլ եք յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերում ձեր մայրերի հանդեպ:)»:
Իսրայելում ծնված, եգիպտացի մոր եւ իսպանական արմատներ ունեցող մարոկոցի հոր դուստրը պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել երիտասարդ տարիքից, իսկ բեմական կեղծանունը ստացել է տատիկից: Երգչուհին ասում է, որ Ալաբինան, ըստ իրանական հնագույն ասացվածքի, եղել է գեղեցկության եւ պտղաբերության աստվածուհին:
Ալաբինան մինչ օրս թողարկել է հինգ ձայնասկավառակ, իսկ հաջորդ երկուսի լույսընծայումն այժմ ընթացքի մեջ է: Ձայնասկավառակների վաճառքի միլիոնավոր օրինակները համարում է իր միջազգային հաջողության սկիզբը: Հայաստանյան մենահամերգից հետո երգչուհին մենահամերգով հանդես կգա Բուլղարիայում: Համերգի վերջում Ալաբինան ասաց, որ սիրում է հայերի նման ջերմ հանդիսատեսին:
Ալաբինայի երեւանյան մենահամերգը կազմակերպել էր «Նուռ փրոմոշնզը»: Սա ընկերության կազմակերպած առաջին համերգն էր:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: