×


Իրինա Տիգրանովա-Տերտերյան

Իրինա Տիգրանովա-Տերտերյան

Համերգ` նվիրված պրոֆեսորի հիշատակին Մարտի 30-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցավ համերգ` նվիրված Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 20-րդ դարի հայ մեծագույն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի այրի Իրինա Տիգրանովա-Տերտերյանի հիշատակին: Համերգ Համերգին ելույթ ունեցավ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Ռոբերտ Մլքեյանի դիրիժորությամբ: Երեկոյին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանել էր դաշնակահարուհի Սոնա Արշակյանը: Ելույթ ունեցան նաեւ մենակատարներ Մանե Գալոյանը, Գուրգեն Բավեյանը եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը: “Հաճույքով աշխատեցի դաշնակահարուհի Սոնա Արշակյանի հետ, հուսով եմ` դեռ կհամագործակցենք: Ինձ համար բացահայտում էր Գուրգեն Բավեյանը. առաջին անգամ ենք համագործակցում: Կարծում եմ` դեռ առիթ կունենանք միասին ելույթ ունենալու: Իսկ Մանե Գալոյանի հետ շատ ենք աշխատել”,- ասաց  դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Robert Mlqeyan Երեկոյի առաջին հատվածում հնչեց Բեթհովենի դաշնամուրի կոնցերտը: Արվեստաբանության թեկնածու Իրինա Տիգրանովայի  ուսանողները նշում են, որ դասախոսությունները միշտ հետաքրքիր քննարկման էին վերածվում, ընկերները հիշում են, որ  նա յուրահատուկ եւ դրական մտածելակերպի տեր անձնավորություն էր: Երեւի, հենց դա է պատճառը, որ համերգի երկրորդ մասի համար ընտրվել էր Ֆորեի ռեքվիեմը: Ի տարբերություն Մոցարտի , Բրամսի, Վերդիի ռեքվիեմների` Ֆորեի ռեքվիեմը ավելի լուսավոր է: “Իրինա Տիգրանովան իր գործունեությամբ արդեն ամեն ինչ ասել է ոչ միայն որպես երաժիշտ, այլ նաեւ որպես մեծն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի կին: Մենք չէինք կարող չանդրադառնալ նրան, դրա համար էլ սիրով ընդունեցինք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերը` մասնակցելու այս համերգին”,- ասաց դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Sona Arshakyan Հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը եւ Իրինա Տիգրանովան 36 համատեղ տարի են ապրել: Կոմպոզիտորը ժամանակին ասել է` “Նա  “զոհ”  է, ով ընտրվել է իմ ստեղծագործական կյանքում որոշակի առաքելություն կատարելու համար”: Հիշեցնենք, 74-ամյա պրոֆեսոր Իրինա Տիգրանովա-Տերտերյանը կյանքից հեռացավ 2011 թվականի մարտի 16-ին: “Համոզված եմ` դեռ շատ համերգներ են նվիրվելու նրա հիշատակին”,- ավելացրեց Ռոբերտ Մլքեյանը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին