Փեշը քամուց ծածանվում էր՝ ակնթարթորեն բացելով ու կրկին թաքցնելով աղջնակի նուրբ ոտքը։ Թեթեւությամբ ոտքը հարվածում էր գետնին, ապա օրորվում էր մի կողմից մյուսը՝ ամուր բռնած կողքին կանգնած մյուս աղջնակի ձեռքը։ Պարի թեթեւության ու արագության մեջ զգացվում էին սերնդեսերունդ սովորած շարժումներ, որոնց մեջ վերակենդանանում էր ազգային ժառանգությունը՝ ավանդույթները, երաժշտությունը եւ սերունդների հիշողությունը։ Թվում էր՝ ամեն քայլով ու շրջադարձով երեխաները շարունակում էին պատմել հայ մշակույթի պատմությունը:
Հենց այս ոգով «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ «Գաֆէսճյան» քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի ունեցավ հայկական ազգային-ավանդական երգի ու պարի «Գութան» ամենամյա փառատոնը։ Այս տարի միջոցառումը նվիրված էր ՀՀ վաստակավոր արտիստ, պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։
2014 թվականից ի վեր փառատոնը դարձել է ազգային երգարվեստի ու պարարվեստի պահպանմանն ու տարածմանն ուղղված կարեւոր մշակութային իրադարձություններից մեկը։ Այդ նպատակով «Գութան»-ը մեկ բեմում է հավաքում Հայաստանի եւ Սփյուռքի լավագույն խմբերին ու արվեստագետներին՝ ներկայացնելով հայոց աշխարհի տարբեր անկյունների երգն ու պարը՝ Կիլիկիայից մինչեւ Արցախ, Ջավախքից մինչեւ Լոռի։
Այս տարի փառատոնին մասնակցեց 26 խումբ, որոնցից յուրաքանչյուրը լուսահոգի Գագիկ Գինոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորում էր հետեւյալ խոսքերով. «Ծնունդդ շնորհավոր, Արարատյան մարդ»։ Եվ միայն դրանից հետո էր սկսվում պարային ներկայացումը՝ ցուցադրելով մեր մշակույթի հավերժությունն ու անսասանությունը, որը շարունակում է պահպանվել նոր սերունդների մեջ։
Այս տարի մասնակիցների թվում էին «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վան», «Արեգ», «Մենք ենք, մեր սարերը» (Արցախ), «Մենք», «Սեբաստացիներ», «Հրայրք», «Ծովակ», «Նաիրի», «Մարաթուկցիներ», «Դարե», «Տավրոս», «Արծափ», «Անդոկ», «Դիզակ», «Տարերք», «Ծիլք», ինչպես նաեւ սփյուռքը ներկայացնող «Զարկ» (Ռոստով), «Նժդեհ» (Մոսկվա), «Կայծ» (Մոսկվա), «Արմատ» (Բելգորոդ) եւ «Խոյակ» (Մյունխեն) խմբերը։
«Գութան»-ի շնորհիվ ժառանգությունը փոխանցվում է ավագներից կրտսերներին, իսկ ծանոթ շարժումներն ու մեղեդիները ստանում են նոր կյանք։ Եվ քանի դեռ բեմում հնչում է հայկական երաժշտությունը, իսկ պարի մեջ վերակենդանանում են նախնիների պատմությունները, մշակույթը շարունակում է ապրել։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
126






