Երեւանում Գայ Ֆոքսին այրեցին:)
Նոյեմբերի 5-ին Միացյալ Թագավորությունով մեկ վառվում են բազմաթիվ խարույկներ Գայ Ֆոքսի խրտվիլակն այրելու նպատակով:): Հայաստանում բնակվող բրիտանացիները այսուհետ իրենց ավանդական տոներից մեկը կնշեն նաեւ այստեղ:
“Խարույկի գիշեր”-ը բրիտանական ամենամյա տոնակատարություն է` կապված հայտնի “Վառոդի դավադրության” բացահայտման հետ: 1605 թվականի նոյեմբերի 5-ին մի քանի կաթոլիկ դավադիրներ, նրանց թվում Գայ Ֆոքսը, փորձել են պայթեցնել Լոնդոնում պառլամենտի շենքը` Ջեյմս Առաջին թագավորին սպանելու նպատակով:
Գայ Ֆոքսի գիշերը Երեւանում առաջին անգամ անցկացվեց երեկ: “Վառոդի դավադրության” տապալումը տոնելու նպատակով Բրիտանական դեսպանատունը նոյեմբերի 5-ին “Խարույկի գիշերը” կազմակերպել էր Վահագնի թաղամասի “Արարատ” գոլֆ-ակումբում: Խարույկը վառվեց, Գայ Ֆոքսի խրտվիլակը երեւանաբնակ բրիտանացիները այրեցին:):
Հայաստանի թանկ փայտն ու բրիտանական խարույկը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Գարեթ Ուին Օուենը մեզ հետ զրույցում ասաց` տոնը իր հայրենիքում նշում են այնպես, ինչպես Երեւանում է կազմակերպվել. “Ուղղակի մեծ խարույկ ենք վառում: Իսկ Հայաստանում, ինչպես գիտեք, փայտը բավական թանկարժեք է, եւ մենք որոշեցինք այն հենց այնպես չվառել:): Նախորդ տարի փակ միջոցառում էինք կազմակերպել քաղաքից դուրս, մի փոքրիկ խարույկ էինք վառել, գուցե հաջորդ տարի ավելի մեծը վառենք, եթե հովանավորներ լինեն”: Փոխդեսպանը Bravo.am-ին տեղեկացրեց, որ ներկա դրությամբ Հայաստանում մոտ հիսուն բրիտանացի է բնակվում:
Բրիտանական համայնքի ներկայացուցիչ Սեդրիկ Սեյբայնը, ով Հայաստանում է 2003 թվականից, եւս մասնակցում էր Գայ Ֆոքսի այրման արարողությանը:): “Երեւանն իմ տունն է:): Շոտլանդիայից եմ եւ մինչ այստեղ գալս ամեն տարի իմ ֆերմայում շատ մեծ խարույկ էի վառում, հետո տեղացիներով հրավառություն էինք կազմակերպում: Ներկայիս մեր տան բակը շատ փոքր է, որ խարույկ վառեմ, բայց, օրինակ, մեր ավանդական, շոտլանդական Նոր տարին ենք Երեւանում տոնում անպայման:)”,- ասաց շոտլանդացին:
Խարույկի մոտ էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Փոքրիկներն երկրորդ խրտվիլակը նետեցին կրակը, այրվեց նաեւ արկղերից պատրաստված լոնդոնյան խորհրդարանի շենքը: Ավանդույթի համաձայն` տոնակատարության վերջում հրավառություն եղավ:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: