Դասականից ջազ ... եւ ոչ միայն
Mezzo ակումբում օգոստոսի 1-ին տեղի ունեցավ ջութակահար Կարեն Շահգալդյանի եւ դաշնակահար Մադաթ Ավանեսովի ոչ սովորական “Դասականից ջազ, եւ ոչ միայն” համերգը: Հյուրերը նախապես տրամադրված եկել էին տեսնելու եւ լսելու Կարենին ոչ սովորական ամպլուայում` ջութակով ջազային ստեղծագործություններ կատարելիս: Բացի այդ, համերգի վերջում նաեւ անակնկալներ էին խոստացվել:
Բայց արի ու տես` հնչում է Ռիխարդ Շտրաուսի «Also Sprach Zarathustra»-ն, բեմ է դուրս գալիս Կարեն Շահգալդյանը եւ դասական երաժշտությանն ու տեսքին հատուկ լրջությամբ հայտարարում. «Բարի երեկո, սիրելի հանդիսատես: Պետք է ասեմ, որ սխալ է տեղի ունեցել նախապես տարածված տեղեկության մեջ: Երբ կազմակերպիչների հետ խոսել ենք համերգի մասին, պայմանավորվել ենք, որ պետք է լինի լուրջ, դասական համերգ, ու երեւի հենց նրանք հետագայում ինչ-որ բան շփոթել են: Կարծում եմ, տոմսերի գումարը ձեզ ետ չեն վերադարձնի: Ինչեւէ, ձեզ սպասում է բավականին լուրջ ծրագիր, իսկ համերգը կսկսենք Գերմանացի կոմպոզիտոր Կարլ-Հայնց Շթոքհաուզենի 5 մասից բաղկացած ստեղծագործությունով»: Երեւի թե դուք էլ դյուրահավատ հանդիսատեսի նման չկռահեցիք, որ Կարենը պարզապես կատակում էր: :)
Եվ այսպես, Կարեն Շահգալդյանն ու Մադաթ Ավանեսովը արդեն բեմում են, սա նրանց առաջին համագործակցությունն է, ձայնը ստուգված է, լույսերը միացված են ... եւ սկսվում է համերգը:
Առաջին` դասական երաժշտությանը նվիրված մասում հնչեցին Էդուարդ Էլգարի, Անտոնին Դվորժակի, Քրիստոֆ Գլյուկի, Ֆրից Կրեյսլերի, Կամիլ Սեն-Սանսի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Քլոդ Դեբյուսսիի, Բելա Բարթոքի ստեղծագործությունները, ի դեպ, վերջինս տղամարդ է :):
Երկրորդ մասը ջազային էր: Դե պատկերացրեք, կիսախավարում ջութակը հնչեցնում է Ջորջ Գերշվինի «Summertime» եւ «The man I love» հայտնի հիթերը: Այնուհետեւ դասական ժանրի ներկայացուցիչ, ջութակահար Կարեն Շահգալդյանը իմպրովիզներ է կատարում` Դյուք Էլինգթոնի, Վիկտոր Յանգի, Թելոնիս Մոնքի հայտնի հիթերը հնչեցնելով :) :
Իսկ երրորդ, վերոհիշյալ անակնկալ մասում հնչում են շատ հայտնի ու սիրված ֆիլմերի սաունդթրեքեր. «Շինդլերի ցուցակը», «Moon River», «Շերբուրյան հովանոցներ», «Կնքահայրը», «Նոր տարիներ», «Չարդաշ»: Իսկ անակնկալն այն էր, որ համերգային երրորդ մասը մրցութային էր. նրանք, ովքեր կռահեցին, թե որ ֆիլմի սաունդթրեքն է հնչում եւ ով է ստեղծագործության հեղինակը, ստացան Կարեն Շահգալդյանի ձայնասկավառակը:
Մի քանի ամիս առաջ Կարեն Շահգալդյանի հետ հարցազրույցի ընթացքում http://www.bravo.am/news/karen-shahgaldyan/ խոսել էինք դասականից բացի այլ երաժշտական ժանրում ներկայանալու մասին, եւ Կարենը նշել էր, որ ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ, կախված է առաջարկից:
Իսկ դասականից ջազ կատարումներ ներկայացնելու առաջարկը կատարեց Mezzo ակումբի տնօրենը, ով Կարենի հետ հին ընկեր է: Եվ կոմպրոմիսի եկան` եթե ջազ, ապա դասական ստանդարտներով, իսկ եթե դասական երաժշտություն, ապա ավելի հանրահայտ ստեղծագործություններ: Ստեղծագործությունների ընտրությունը կատարել է Կարենը` հիմնվելով «սիրելիների» շարքին պատկանողների վրա:
«Գիտեք, միեւնույն է, պահը դեռ չի հասունացել, որովհետեւ այն, ինչ ես նվագում եմ այսօր` ջազ չէ: Ջազային կատարումը ենթադրում է իմպրովիզի կարողություն ու պրոֆեսիոնալ մոտեցում: Ինչ-որ իմպրովիզներ ինքս էլ արեցի: Բայց քանի որ ինձ հետ այսօր ելույթ է ունենում Մադաթ Ավանեսովը, իսկ նա պրոֆեսիոնալ է այս ժանրում, ես իրադրությունից հաջող եմ դուրս գալիս իր շնորհիվ: Սա ինձ համար առաջին փորձն է, մինչ այս ես նմանատիպ ոչինչ չէի արել :): Բայց հետաքրքիր էր»,- պատմում է Կարենը եւ ավելացնում. «Կասկածում եմ, որ նմանատիպ համերգը շարունակություն կունենա, քանի որ սա իմ հիմնական ուղղությունը չէ: Սա պարզապես ընկերների համար է` հաճելի ժամանց: Գիտեք, փորձերի վրա շատ ժամանակ է ծախսվում, իսկ ես շատ զբաղված եմ իմ հիմնական` դասական համերգներով: Օրինակ, երկու օրից` օգոստոսի 3-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունենալու «Խաչատրյան Տրիո»-ի համերգը»:
«Մոտ 15 տարի անց, Կոնսերվատորիան ավարտելուց հետո, սա ինձ համար առաջին բեմելն է` դասական ծրագրով: Երբ Կարենը առաջարկեց ինձ համագործակցել, առաջարկը միանգամից գրավեց ինձ, որովհետեւ արդեն վաղուց ուզում էի դասական երաժշտություն ներկայացնել: Փորձերը շատ ժամանակ խլեցին, քանի որ լուրջ երաժշտություն նվագելը շատ պատասխանատու է: Կարեւորը` ես ու Կարենը զգում ենք միմյանց բեմի վրա»,- ասում է Մադաթ Ավանեսովը:
Չնայած ակումբի մթնոլորտը եւ բեմը չեն ենթադրում դասական, ակադեմիական ծրագիր, հանդիսատեսի շարքերում էին իսկական դասականի սիրահարները: Ի դեպ, հյուրերի թվում էին նաեւ դաշնակահար Արմինե Գրիգորյանը եւ թավջութակահար Կարեն Քոչարյանը «Խաչատրյան Տրիո»-ից, երգիչներ Արամոն ու Էմմա Պետրոսյանը եւ ամենակարեւոր ու պատվավոր հյուրը` Կարեն Շահգալդյանի փոքրիկ որդին` Մարկը :):
Իսկ այն հարցին, արդյոք մի օր կլսենք դասականից ռոք ստեղծագործություններ իր կատարմամբ, Կարեն Շահգալդյանը պատասխանեց, «Չգիտեմ, վստահ չեմ, բայց... երբեք մի ասա երբեք:)»:
Չենք ասում ու հավատում ենք, որ դեռ ինչերիիիի~ ականատեսներն ենք լինելու :):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
7,031






