Համերգ` Վարդուհի Վարդանյանի հիշատակին Անավարտ երգեր, սեր, կարոտ, անմոռանալի հուշեր…. Վաղաժամ մահացած Վարդուհի Վարդանյանի հարազատների, ընկերների, երկրպագուների համար լրացել է կարոտի հինգ տարին… Հոկտեմբերի 16-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացել է երգչուհուն նվիրված համերգ-երեկո, որին մասնակցել են հայկական շոու-բիզնեսից երգչուհու ընկերները: Անդրեն, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը, Սյուզան Մարգարյանը, Արսեն Սաֆարյանը, Արամոն, Արմինկան, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռազմիկ Ամյանը, Արշակյան քույրերը, Զառա Բաբայանը, Հայկոն, Ալլա Լեւոնյանն ու այլ երգիչներ Վարդուհու երգացանկի ստեղծագործություններն են կատարել կամ նրա մասին գրված իրենց հեղինակային երգն են հնչեցրել: Համերգը կազմակերպել էին երգչուհու քույրերը եւ ընկերները` ի սկզբանե որոշելով Վարդուհի Վարդանյանին նվիրված երեկոն դարձնել լուսավոր ու հիշել իր մեղեդային, պարային, ռիթմիկ երգերը: “Արի իմ սեր”, “Վերադարձ”, “Հայկական էսքիզներ”, “Գքելեր”, “Հայաստան աշխարհ”, “Մշո օրոր”, “Սիրել հանուն սիրո”, “Սեր” ու այլ հայտնի երգերը կենդանի կատարմամբ երգել են Վարդուհի Վարդանյանի գործընկերները: Երգիչները փորձել են բեմից հանդիսատեսին փոխանցել երգչուհու “մասնիկները”՝ նրա երգերը: Զարուհի Բաբայանը, ով իր կապույտ զգեստով տարբերվում էր մյուս երգչուհիներից, ովքեր հիմնականում սեւ երանգների մեջ էին, կատարել է իր ընկերուհու երգացանկից “Գքելեր” պարային պոպուրին: Նրա խոսքերով՝ Վարդուհին շատ պայծառ անձնավորություն էր, նրան պետք է հիշել հենց այդպիսին՝ ժպիտով ու սիրով: “Հոգուս խորքում վստահ էի, որ մեծ մասը կլինեն սեւ հագուստով: Նման համերգին երգել ուրախ երգ, արդեն իսկ դժվար է: Զգալով, որ այսօր գերիշխում է կարոտն ու տխրությունը` զսպում եմ զգացմունքներս, երգի միջոցով ներկայացնում եմ նրա ուրախ, կենսախինդ կերպարը”, - BRAVO.am-ին ասել է Զարուհի Բաբայանը: Հեղինակ-կատարող Արսեն Գրիգորյանը պատրաստել էր նոր երգ. “Ուզում եմ հասկանալ”-ը նա կատարում էր… այո, Վարդուհու հետ. “2006-ին գործիքավորող Մուրզոյի մոտ երգել էինք սեւագիր տարբերակը, որ դուետը գործիքավորի: Հետո ձգձգվում էր, այդպես էլ չերգեցինք… Որոշեցի Վարդուհու ձայնագրված հատվածները վերցնել, դրա վրա նոր գործիքավորմամբ կառուցել զուգերգը”: Արսեն Գրիգորյանը Վարդուհուն նվիրված մի քանի երգ ունի, վերջերս էլ գրել ու գործիքավորել է “Չենք մոռանա” երգը, որը կատարում են Արմինկան, Զարուհի Բաբայանը, Անդրեն, Սյուզան Մարգարյանը, Արամոն, Էմման, Տիգրան Պետրոսյանը, Ալլա Լեւոնյանը եւ վաղաժամ մահացած երգչուհու որդին՝ Ռուբենը: “Հինգ տարի անց կարիք կար, որ խմբակային նոր երգով հանդես գայինք: Տեսահոլովակում մեր ստեղծագործական, ձայնագրման ընթացքն է երեւում”, - նշել է Արսեն Գրիգորյանը: Նա նաեւ դուետներով երգել է Զարուհի Բաբայանի եւ Ալլա Լեւոնյանի հետ: Համերգի ընթացքում ցուցադրվել են Վարդուհու՝ տարբեր տարիների համերգային կատարումներից հատվածներ, նաեւ նրան նվիրված բոլոր տեսահոլովակներն ու երգերը: Անդրեն երգչուհու հետ զուգերգը՝ “Հորդ անձրեւ”-ը, կատարելիս չէր կարողանում թաքցնել հուզմունքը. նրա կողքին այնքան էր պակասում Վարդուհին… Երգչուհու որդին՝ Ռուբենը, ով որոշել է անցումային տարիքից հետո երգով ու երաժշտությամբ զբաղվել, եւս երգել է մայրիկին նվիրված համերգին: Նա դաշնամուրով նվագել ու կատարել է Սիրուշոյի հեղինակած “Արեւ” երգը: Երգի պետական թատրոնի նոր սերնդի կատարողներն էլ “Հայաստան աշխարհ”-ը երգել են միասին: Համերգն ավարտել է Արսեն Գրիգորյանի “Չենք մոռանա” երգով, որի տեսահոլովակի ռեժիսորը երգչուհու մտերիմ ընկերներից մեկն է՝ Եղիշե Վերդյանը: BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշել է, որ մինչ օրս տարբեր տեղերից հավաքում է երգչուհու արխիվային կադրերը` դրանք հետագայում օգտագործելու համար, նաեւ ցանկանում է Զարուհի Բաբայանի եւ Արսեն Գրիգորյանի՝ Վարդուհուն նվիրված երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: