×


Հայկական փառատոն Ցյուրիխում

Հայկական փառատոն Ցյուրիխում

“Որքան ազգային ես, այնքան միջազգային ես” Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում օգոստոսի 26-ին եւ 27-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հայկական փառատոն է անցկացվել, որին մասնակցել են Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, “Արմենոիդս” երաժշտական նախագիծը, նկարիչներ Ագնես Ավագյանն ու Մերի Ուոտչերը: Armenoids “Հայկական փառատոն Ցյուրիխում”  խորագրով միջոցառման հանդիսավոր բացումը տեղի է  ունեցել Ուիտիկոն համալիրի ճեմասրահում, որտեղ եւ ներկայացվել են նկարիչների աշխատանքները: Ուշագրավ է եղել նկարչուհի Ագնեսի` երկու ձեռքով միաժամանակ աշխատելու կարողության ցուցադրումը: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել Շվեյցարիայում ՀՀ փոխդեսպանը, ում ելույթից հետո հանդիսատեսի ծափողջույններին են արժանացել Երեւանի մնջախաղի թատրոնի դերասաններն ու “Արմենոիդս’’-ը: Նրանք  հանդես են եկել համատեղ ելույթով` ներկայացնելով կոմիտասյան հնչյուններով եւ ժամանակակից լուծումներով “Հայկական այբուբեն’’ երաժշտական նախագիծը: Ruben Harutyunyan “Կարծում եմ, որ առաջիկայում մենք կհամագործակցենք արդեն նոր ստեղծագործությունների շուրջ’’,- ասել է “Արմենոիդս’’-ի հիմնադիր եւ ղեկավար Էդգար Ռոստոմյանը: Մնջախաղի թատրոնը հանդիսատեսին ներկայացրել է նաեւ սեփական խաղացանկից “Խաղ’’ եւ “Արդաղիոն’’ ներկայացումները: Մնջախաղի թատրոնի տնօրեն Յուրի Կոստանյանը հանդես է եկել “Աթոռ’’ մենաներկայացման պրեմիերայով: Օգոստոսի 27-ին “Վոլկհաուզ” սրահում կայացել է արդեն “Armenoids”-ի մենահամերգը: Հանդիսատեսի շարքերում բացի շվեյցարացիներից եւ հայերից եղել Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից ժամանած հյուրեր: Երեւանի մնջախաղի թատրոնի ներկայացմանը Ցյուրիխում Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքերով` ելույթների բազմաթիվ առաջարկներ են ստացել: “Արմենոիդս’’ խմբի մասնակիցներին էլ առաջարկել են Բելգիայում համերգներով հանդես գալ եւ ոչ միայն հայկական միջոցառումների շրջանակներում: ‘’Կարծում եմ` մեր կողմից ներկայացված երաժշտությունը իր նպատակին ծառայեց: Մենք կարողացանք ոչ միայն հայերի համար հաստատել, որ ունենք երկար ու լուրջ պատմություն, այլ նաեւ այլազգի բարեկամների, ովքեր հասկացան` որքան ազգային ես, այդքան միջազգային ես’’,- ասել է  “Արմենոիդս’’-ի հիմնադիրը: Նշենք, “Հայկական փառատոն Ցյուրիխում” միջոցառումը կազմակերպել էին շվեյցարաբնակ Ալինա Շտեյլի-Համբարձումյանը, Ցյուրիխի հայկական համայնքը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Լիլի Հարությունյանի, Լենա Ասլանյանի, Դեյվ Բետլեր-Ավագյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW